«Վերադարձ արմատներին» նախագծի շրջանակում կազմակերպվել էր համերգ-ցուցադրություն Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում:  

ՄԵՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ

ArmeniaON, հունիսի 29. Նախագծի հեղինակը դիզայներ-մոդելավորող, ավելի քան 500 տիկնիկների, հազարից ավելի բեմական հագուստների, երեք տասնյակի հասնող ազգային տարազների, զարդերի հեղինակ Վերգինե Ալավերդյանն է:

ArmeniaOn-ի հետ զրույցում տիկին Ալավերդյանը պատմեց  նախագծի ստեղծման մասին.

Վերադարձ արմատներին» նախագիծը «ծնվել» է 2018թ.  նոյեմբերի 16-ին: Մինչ այդ երկու տարի շարունակ նույն խորագրի ներքո կազմակերպել ենք համերգներ և ազգային տարազների ցուցադրություն, որոնց արձագանքներն ինձ ստիպեցին ընդլայնել ծրագիրը՝ դարձնելով նախագիծ:

«Վերադարձ արմատներին» նախագիծը ներկայացնում է ազգային տարազն ու ավանդույթները: Նպատակը ազգային մշակույթն ու արվեստը պահել-պահպանելն է և այն նոր սերունդներին փոխանցելը՝  հատուկ մշակված մասնագիտական, ուսումնական ծրագրերի, վարպետաց դասերի, ցուցահանդեսների և այլ միջոցառումների միջոցով:

Այս անգամ համերգ-ցուցադրությունը «Հայոց ծիլեր» խորագիրն էր կրում և կազմակերպվել էր 2018-2019 ուսումնական տարվա շրջանավարտների համար: Դահլիճում շրջանավարտներն էին՝ հիմնականում սահմանամերձ Տավուշի մարզից, և բազմաթիվ այլ հյուրեր:

Համերգ-ցուցադրության ընթացքում ազգային երգի, պարի, ասմունքի միջոցով ներկայացվեցին պատմական Հայաստանի տարբեր տարածաշրջանների տարազներ՝  Սասունի, Արցախի,  Զանգեզուրի, Լոռու, Ալաշկերտի, Ջավախքի, Ախլցխայի, Կարնո… Հնչեցին կոմիտասյան ստեղծագործություններ, ռազմահայրենասիրական երգեր՝ Համլետ Ադամյանի և Գրիգոր Ադամյանի կատարմամբ, Առնո Բաբաջանյանի, Գուսան Շերամի, Գուսան Հայկազունի երգերից:

Մարինա Հակոբյանի «Մտորումներ օտար ափերից» բանաստեղծության ընթերցմամբ հանդես եկավ բազմաթիվ մրցույթների դափնեկիր Մարիամ Մելքոնյանը: Հանդիսատեսին իր կատարմամբ հիացրեց տարբեր նվագարանների տիրապետող Անուշ Հովսեփյանը: Անպատմելի հույզեր պարգևեցին նաև «Նուռ» պարային համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Արշակ Գասպարյան), «Անի» պարային համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Խաչատրյան):

«Վերադարձ արմատներին» նախագծի և նրա հեղինակի մասին ջերմ խոսքեր ասաց նախագծի երաժշտական մասի ղեկավար, ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալակիր, մեներգչուհի Լաուրա Մամյանը.

-Վերգինե Ալավերդյանը ազգի իսկական նվիրյալ է: Նա առանց որևէ հովանավորի ազգային մշակութային արժեք ներկայացնող հավաքածուներ է ստեղծել՝ անշահախնդիր կերպով իր ժամանակը տրամադրելով այս աշխատանքներին: Վերգինե Ալավերդյանը ոչ միայն ստեղծում է այս արժեքները, այլև իր ստեղծագործական տաղանդը հրաշագործ ձեռքերով փոխանցում է մատաղ սերնդին՝ նպաստելով ազգային արժեքների պահպանմանն ու տարածմանը:

Նախագծի շարունակականությունն ապահովելու համար տիկին Ալավերդյանը որոշել է ստեղծել կրթամշակութային կենտրոն: «Վերադարձ արմատներին» նախագծի կազմակերպիչ Կարինե Գևորգյանի խոսքով՝ նախագիծը շարունակական կլինի, իսկ ձևաչափը որոշակի փոփոխություններ կկրի.

Նախագծին կմասնակցեն ոչ միայն «հայոց  ծիլերը», այլև «արմատները», այսինքն՝ մեծահասակները: Մենք պատրաստ ենք համագործակցելու բոլոր նրանց հետ, ովքեր ցանկություն ունեն մեր նախագծի կողքին լինելու և աջակցելու դրա իրականացմանը:

«Վերադարձ արմատներին» նախագծի հետ արդեն իսկ համագործակցում են Պատանեկության ստեղծագործության կենտրոնը, «Մայր Մանե» հասարակական կազմակերպությունը (ղեկավար՝ Մանուշակ Ստեփանյան):

Ակտիվ մասնակցության համար շնորհակալագրեր հանձնվեցին «Էլ-Մար» շրջիկ թատրոնի սաներին և հիմնադիր-ռեժիսոր Արմեն Դալլաքյանին, «Վաղարշապատ» երգի, պարի թատրոնի ստուդիայի խմբավար Գայանե Մադոյանին, Պատանեկության ստեղծագործության կենտրոնին:

Լուսանկարները՝ Արփինե Աբաջյանցի