Իմ այսօրվա հերոսը մասնագիտությամբ լեզվաբան Մերի Առաքելյանն է։ Մարդ, որը կարողանում է իր աշխատանքով երջանկացնել մարդկանց:

ՏԱԹԵՎԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ

ArmeniaON, հունիսի 30. Մերին մեծացել է մի այնպիսի ընտանիքում, որտեղ բոլորը, անկախ իրենց մասնագիտությունից, ստեղծագործում էին։ Եվ հենց այդ մթնոլորտում միախառնվեցին վառ երևակայությունն ու աստվածատուր շնորհքը՝ Մերիին տանելով դեպի ասեղնագործության, հելունագործության, շյուղագործության, հետագայում նաև տիկնիկագործության հրաշք աշխարհ։

Ձեռքերով ինչոր բան ստեղծելը ժամանակի ընթացքում վերածվում է կենսակերպի: Այսօր արդեն ստեղծագործելու ցանկությունն այնքան է խորացել, որ դարձել է կենսական պահանջ, և ես պարզապես չեմ պատկերացնում իմ կյանքն առանց ստեղծագործական աշխատանքի: Այն ինձ անհրաժեշտ է օդի ու ջրի պես,– պատմում է Մերին՝ հերթով ներկայացնելով իր աշխատանքները։

Մերիի ստեղծագործությունները սկզբնական շրջանում սիրողական էին: Աշխատում էր մասնագիտությամբ և ստեղծագործում էր, երբ ազատ ժամանակ էր ունենում։ Սակայն ամուսնությունից հետո ամեն ինչ փոխվեց։ Արմատներով արցախցի ամուսնու հետ որոշեցին ապրել Արցախում, և արդեն 20 տարի է՝ Մերին ապրում ու ստեղծագործում է այնտեղ:

-Սկզբում դժվար էր։ Ծնողներիս կարոտն ինձ անասելի տանջում էր։ Բայց ես գտա հեռավորությունն ու կարոտը հաղթահարելու միջոցը՝ ընկղմվեցի ստեղծագործական աշխատանքի մեջ: Թողեցի ձեռքի աշխատանքի մյուս բոլոր տեսակները և ամբողջությամբ նվիրվեցի ասեղով ու թելերով նկարելու նրբագույն արվեստին,- հիշում է Մերին:

2012 թվականին Ստեփանակերտում կայացել է Մերի Առաքելյանի ասեղնագործ աշխատանքների անհատական ցուցահանդեսը։ Ներկայացվել են տասը երկար ու ձիգ տարիների ընթացքում ասեղնագործած 70 մեծ ու փոքր, պարզ ու բարդ աշխատանքներ, նկարներ։

«Բայց, ինչպես ասում են, ամեն ինչ ունի իր սկիզբն ու վերջը: Երբ զգացի, որ ասեղնագործության այդ տեսակի մեջ, որը խաչկար է կոչվում, այլևս ոչինչ չունեմ բացահայտելու, սկսեցի հետաքրքրվել ձեռագործ աշխատանքի այլ տեսակներով»:

Վերջնական ընտրությունը կանգ է առնում տիկնիկների վրա: Մերիին էլ, ինչպես ցանկացած աղջկա, տիկնիկները մանկուց գրավել են, և մի օր որոշեց իր տիկնիկին իր ձեռքերով պատրաստել։ Եվ արդեն երեք տարի է զբաղվում է տիկնիկագործությամբ։

Տիկնիկներն ինձ միշտ են գրավել, և ես վստահ էի, որ մի օր անպայման ինքս կպատրաստեմ դրանք: Այդուհանդերձ, երբեք չէի կարող պատկերացնել, որ նրանք այսքան կլցնեն իմ կյանքը՝ անգամ լիովին դուրս մղելով ասեղնագործությունը,- պատմում է հերոսս:

Մոտ 140 տիկնիկի է կյանք տվել Մերի Առաքելյանը: Դրանք բոլորը կերպարային են:

Պարզապես պատրաստել տիկնիկ սեփական երևակայությամբ, հագցնել այնպես, ինչպես ցանկանում ես, շատ ավելի հեշտ է, քան կերպարային տիկնիկ ստեղծելը, արդեն հայտնի կերպար ստանալը: Կերպարային տիկնիկը ոչ միայն արտաքինով պետք է նման լինի իր նախատիպին, այլև փոխանցի նրա բնավորությունը, տրամադրությունը, աչքերի արտահայտությունը:

Մերին հպարտությամբ է նշում, որ իր բոլոր հաճախորդները, անկախ տարիքից ու մասնագիտությունից, միշտ գոհ են եղել իր աշխատանքից։

Մերիի պատրաստած տիկնիկների տարածման «աշխարհագրությունը» շատ լայն է՝ ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Պորտուգալիա, Լեհաստան, Իռլանդիա, Ռուսաստան, Դուբայ… Ի դեպ, Դուբայի շեյխերից մեկի համար նրա երեք երեխաների տիկնիկներն է պատրաստել:

«Շատ հետաքրքիր է և ինչ-որ չափով զավեշտալի, երբ փողոցում հանդիպում եմ մարդկանց, որոնց տիկնիկները ես պատրաստել եմ. նրանց ճանաչում եմ իմ տիկնիկներով: Մինչև կերպարը ստեղծելն այնքան եմ ուսումնասիրում լուսանկարները, որ այդ մարդիկ դառնում են հարազատ: Հաճախ նրանք ինձ չեն էլ ճանաչում, քանի որ իրենց փոքրիկ նմանակներին նվեր են ստացել: Բայց ես իսկույն ճանաչում եմ և հարազատի աչքով նայում նրանց»։

Մերին պատրաստում է նաև փոքր զվարճալի տիկնիկներ, որոնց նա անվանում է «պուպսեր»։ «Պուպսերը» պատրաստում է մրգերի, կենդանիների, մուլտհերոսների, ծաղիկների կամ պարզապես աղջիկների ու տղաների տեսքով։ Դրանք նույնպես շատ սիրված են։

Տիկնիկի կերտման ողջ ընթացքը Մերիի համար հետաքրքիր է ու հաճելի: Սակայն խոստովանում է, որ ամենահաճելին աշխատանքի ավարտն է, երբ պատրաստի տիկնիկն արդեն ձեռքիդ է, և կարող ես հիանալ նրանով:

«Շատ եմ սիրում նաև այն պահը, երբ պատվիրատուն, տիկնիկը հասցեատիրոջը նվիրելուց հետո, պատմում է, թե ինչ ուրախություն, ինչ հույզեր է պարգևել այն իրական կերպարին: Շատերն անգամ լուսանկարում են տիկնիկը նվիրելու կամ ստանալու երջանիկ պահը և ուղարկում են ինձ: Այդ պահին մոռանում եմ ամեն ինչ՝ անքուն գիշերները, աչքերիս ու ձեռքերիս հոգնածությունը: Մնում է միայն անսահման բավարարվածության զգացողությունը և այն հաճելի միտքը, որ դու քո աշխատանքով կարողացել ես երջանկացնել մարդկանց»։

Մերին վստահ է, որ միայն սիրով արված գործը կարող է լիարժեք երջանկություն ու ուրախություն պարգևել բոլորին: