Հայ մեծ դերասան Ֆրունզիկ Մկրտչյանի ծնունդն է այսօր:

ՏԱԹԵՎԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ

ArmeniaON, հուլիսի 4. Տաղանդավոր, ինքնատիպ ու հմայիչ, թախծոտ աչքերով, ուրախ ու միաժամանակ տխուր այդ մարդը՝ Ֆրունզիկ Մկրտչյանը, հայ կինոյի պատմության ինքնատիպ անուններից է: Արսենի դերը «Նվագախմբի տղաները» ֆիլմում, Գրիգոր աղայի կերպարը «Կտոր մը երկինք» ֆիլմում, Իշխանի դերը «Մենք ենք, մեր սարեր»-ում, Գասպարի դերը «Եռանկյունի»-ում, Հայրիկի դերը «Հայրիկ» ֆիլմում, Ամիրոյինը՝ «Նահապետ»-ում, Զամբախովինը «Խաթաբալա»-ում և էլի շատ դերեր Ֆրունզիկին դարձրել են հայ կինոյի ամենասիրված դեմքերից մեկը: Նա նկարահանվել է նաև «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66», «Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները», «Ունայնություն ունայնության» և շատ այլ ֆիլմերում։

Էկրանի ճշմարիտ զգացողությունն ու շատ այլ հատկանիշներ նրան կարծես ի վերուստ էին տրված։ Բայց երբ լույս աշխարհ եկավ, ծնողների մտքով անգամ չէր անցնում, որ իրենց Ֆրունզը մի օր հանրահայտ դերասան է դառնալու: Հայրը ծագումով մշեցի էր՝ չափազանց խիստ և պահանջկոտ, մայրը՝ վանեցի՝ շատ սիրառատ և հոգատար։ Նրանք իրենց երեխային անվանեցին Ֆրունզ՝ ի պատիվ հայտնի քաղաքացիական պատերազմի հերոս Միխայիլ Ֆրունզեի։ Ժողովուրդը սիրեց նրան, երբ Ֆրունզիկ էր, և սիրեց նույն ուժգնությամբ, երբ արդեն Մհեր էր, ասել է՝ թե պայծառ և արևային։

Մհեր Մկրտչյանն ինքնատիպ էր ոչ միայն արվեստում: Կյանքում նույնպես մտածում էր այնպես, ինչպես ուրիշ ոչ ոք: Ահա ասվածի մի վառ ապացույց. «Դեռ մանկուց ինձ ավելի անհանգստացրել է ոչ թե այն, թե ինչու է իմ քիթն այդքան մեծ, այլ այն, թե ինչու են ուրիշների քթերն այդքան փոքր»,-ասել է մի առիթով:

Պատերազմի տարիներին անցավ Ֆրունզի մանկությունը։ Իր աչքերի նման ուրախ ու միևնույն ժամանակ ամենատխուր հուշերով անցավ։ Ամենապայծառ երազանքը այդպես էլ մնաց չիրականացած։ Երազում էր խանութի ցուցափեղկից երևացող հեծանիվի մասին։ Եվ ահա եկավ օրը, երբ երկար փայփայած երազանքն իրականություն պետք է դառնար: Բակի բոլոր երեխաները, անհամբեր՝ ինչպես իրենց ընկերը, Ֆրունզի մոր ուղեկցությամբ քայլում էին դեպի խանութ: Ֆրունզի սիրտը կարծես ուրախությունից դուրս էր թռչում։ Վերջապես գնում էր իր երազանքի հետևից։ Բայց․․․ մի ակնթարթ․․․ մի գրություն․․․ և փշրվեց ամեն ինչ. «Խանութը փակ է պատերազմի պատճառով»։ Նրա մեծ երազանքը մնաց ցուցափեղկից այն կողմ, անհասահելի, անկատար առհավետ։