Աճեմօղլուի ուսանողական տարիների ընկերը` Սարուհան Դողանը պատմել է` թե ինչպես է իրենց դասախոսը Տարոնի հանդեպ խտրական վերաբերմունք դրսևորել:

ArmeniaON, հուլիսի 5. Աշխարհում ամենաշատ մեջբերվող 10 տնտեսագետներից մեկը հանդիսացող ազգությամբ հայ Տարոն Աճեմօղլուի ուսանողական տարիներին տեղի ունեցած մի դեպքի մասին իր թուրք ընկերոջ լուսաբանումը քննարկումների առիթ է դարձել Թուրքիայում:

Աճեմօղլուի ուսանողական տարիների ընկերը` Սարուհան Դողանը, թուրքական «Mekteb-i Sultani» հեռուստածրագրի ժամանակ պատմել է` թե ինչպես է իրենց դասախոսը Տարոնի հանդեպ խտրական վերաբերմունք դրսևորել:

Այդ միջադեպի հետ կապված Սարուհան Դողանն ասել է.

«1980թ. սեպտեմբերից հետո (խմբ.` այդ օրը Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում) կրթական հաստատություններում ֆաշիզմի քամին էր տարածվում: Մեր ուսուցիչներից ոմանք այդ հոսանքի տակ ընկան: Նրանք առաջնորդվում էին «պահպանողական մշակույթ ներդնենք, մեր երիտասարդությունը հանկարծ կոմունիստ չդառնա» գաղափարներով: Մեր պատմության ուսուցիչը դասի ժամանակ ոտքի է կանգնեցնում մեր ընկերներից մեկին (Տարոն Աճեմօղլուին) և հարցնում նրա անունը, թեև լավ գիտեր անունը: Մեր ընկերը պատասխանում է` Տարոն: Ուսուցիչն ասում է. «Թուրքը այդպիսի անուն չունի, սրանից հետո քո անունը Սուլեյման է» և իր տեղը նստեցնում»:

Դողանը պատմում է, որ տարիներ անց Աճեմօղլուն ընկերներին ասել է` «այդ օրը սպասում էի, որ ձեզնից մեկը վեր կկենար և ինչ-որ բան կասեր, սակայն ոչ ոքդ վեր չկացավ»:

Լուսանկարը՝  TecnologyReview

ermenihaber.am