Համաշխարհային ճանաչում ունեցող սոպրանո Հասմիկ Գրիգորյանը Երևանում հանդես կգա հոր հիշատակին նվիրված մենահամերգով: 

ԱՆԺԵԼԻԿԱ ՕՐԴՅԱՆ

ArmeniaON, հուլիսի 6. Այսօր Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ օպերային երգչուհի, Մարիինյան թատրոնի սոպրանո Հասմիկ Գրիգորյանի մամլո ասուլիսը, որին ներկա էր նաև մաեստրո Կոնստանտին Օրբելյանը: Ասուլիսի ընթացքում ներկայացվեցին մանրամասներ հուլիսի 10-ին կայանալիք համերգի վերաբերյալ:

Համերգը նվիրված է Գեղամ Գրիգորյանի հիշատակին և կազմակերպվում է մաեստրո Օրբելյանի նախաձեռնությամբ: Վերջինս իր ուրախությունը հայտնեց Հասմիկ Գրիգորյանի՝ Հայաստանում գտնվելու և հոր հիշատակին նվիրված համերգով հանդես գալու կապակցությամբ:

-Ես Հայաստանում չեմ ծնվել, այստեղ չեմ մեծացել, բայց այն մեծ սերը, որ կա իմ սրտում հայրենիքիս հանդեպ, հայրս է ինձ տվել: Դրա համար Հայաստանն ինձ համար «հայր» է: Նա շատ էր սիրում այս երկիրը, և ինձ համար մեծ երջանկություն է մենահամերգով հանդես գալ հենց այստեղ,- նշեց երգչուհին:- Հիշում եմ, երբ փոքր էի, հայրս ինձ մի պարզ, բայց հանճարեղ խոսք ասաց. «Կյանքը պետք է այնպես ապրել, որ մարդիկ միշտ ժպիտով արտասանեն անունդ»: Սա դարձավ իմ կյանքի փիլիսոփայությունը, և հիմա յուրաքանչյուր քայլ կատարելիս ես ուզում եմ, որ հայրս ինձ ժպիտով հիշի:

Հասմիկ Գրիգորյանը խոստովանեց, որ այս համերգն իր համար շատ կարևոր է: Նա հույս ունի, որ համերգին կտեսնի բոլոր նրանց, ովքեր ժպիտով են հիշում իր հորը:

Ի դեպ, Հասմիկ Գրիգորյանը ճանաչվել է Միջազգային օպերային մրցանակաբաշխության (International Opera Awards) 2019թ. օպերային լավագույն երգչուհի:

Հիշեցնենք, որ համերգը կայանալու է հուլիսի 10-ին, ժամը 19:00` Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Կհնչեն Շտրաուսի, Չայկովսկու, Դվորժակի, Պուչինիի, Տիգրանյանի ստեղծագործությունները: Համերգային երեկոյի դիրիժորը մաեստրո Կոնստանտին Օրբելյանն է: