Երևանի պատմամշակութային և ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերին այլևս գովազդային վահանակներ չեն լինելու: 

ArmeniON, հուլիսի 12. Այս նախաձեռնությամբ է հանդես եկել Երևանի քաղաքապետարանը՝ աշխատանքներն սկսելով Բաղրամյան պողոտայի 1 և 2 հասցեներում գտնվող շենքերի վրա փակցված գովազդային միջոցները ապամոնտաժելով:

«Պատմամշակութային շենքերի մասով առկա են հաստատված գովազդային սխեմաներ: Նշված սխեմաներում այս ապամոնտաժվող գովազդային միջոցները նախատեսված չեն եղել: Խնդրի հետ կապված մեզ դիմեցին շենքերի համատիրությունները, որի հիման վրա նախաձեռնեցինք այս գործընթացը»,- NEWS.am-ի հետ զրույցում նշել է քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Գարիկ Խաչատրյանը:

Նա տեղեկացրել է, որ այս հատվածում գովազդային միջոցները 10-ն են: Դրանցից ութն արդեն ապամոնտաժվել է, իսկ մյուս երկուսը կապամոնտաժվի շաբաթվա ընթացքում:

Պատմամշակութային շենքերի վրա տեղադրված գովազդային միջոցներն ապամոնտաժելուց առաջ քաղաքապետարանը բանակցել է գովազդակիր կազմակերպությունների հետ: Բոլոր տնտեսավարողները պատրաստակամություն են հայտնել ապամոնտաժումը կատարել իրենց միջոցներով:

Գարիկ Խաչատրյանը նաև հայտնել է, որ վարչական բոլոր շրջաններում գույքագրումը շարունակվում է: Նախնական հաշվարկով` մայրաքաղաքում ավելի քան 100 նման գովազդ կա:

Գովազդային միջոցներն ապամոնտաժելուց հետո քայլեր կձեռնարկվեն շենքերի ճակատային հատվածները գունային առումով նախկին տեսքի բերելու ուղղությամբ: