Ժասմին Հայրապետյանը հրատարակել է իր առաջին` «Սուպեր Նռանե» վիպակը: ArmeniaON-ի հետ զրույցում նա պատմեց, թե ինչպես և երբ սկսեց գրել:

ԱՆԺԵԼԻԿԱ ՕՐԴՅԱՆ

ArmeniaON, հուլիսի 14. Ժասմինը խոստովանեց` ընտանիքի անդամներին է պարտական իր յուրաքանչյուր հաջողության համար:

– Ինչպե՞ս որոշեցիր համացանցում քո տեսանյութերը տեղադրել, և ինչո՞ւ հատկապես ասմունք:

– Տատիկս ու մայրիկս դեռ մանկուց բազմաթիվ բանաստեղծություններ էին ինձ սովորեցրել, որոնք ես մեծ սիրով էի արտասանում: Մի քանի ամիս առաջ որոշեցի որևէ տեսահոլովակ նկարել: Մայրս խորհուրդ տվեց անել այն, ինչն ինձ ավելի հոգեհարազատ է, և ես հասկացա, որ դա ասմունքն է: Երբ տեսանյութը տեղադրեցի ֆեյսբուքյան իմ էջում, միանգամից տասը հազարից ավելի դիտում ունեցավ, եղան դրական արձագանքներ: Ես ոգեշնչվեցի և մինչ օրս պարբերաբար տեսանյութեր եմ տեղադրում իմ ֆեյսբուքյան ու ինստագրամյան էջերում:

Նկարեցի լեռներՈւ լեռներին կակաչ,Եվ գագաթներ ձյունե,Աղբյուրների կարկաչ.Հայրս նայեց երկարՈւ գլուխը կախեց.- Թթի ծառը չկա,Սա ի՞նչ Ղարաբաղ է։…..Վ. Օվյան ՛՛Արցախական՛՛

Posted by Ժասմին Հայրապետյան on Thursday, 13 June 2019

– Հայտնի է, որ գրելու ձիրքը քեզ փոխանցվել է տատիկից, այնուհետև՝ մայրիկից: Ի՞նչ ես կարծում, կունենայի՞ր ստեղծագործելու ցանկություն, եթե տանը ոչ ոք դրանով չզբաղվեր:

– Կարծում եմ` ոչ: Որքան ինձ հիշում եմ, եղել եմ գիր ու գրականության մեջ: Իմ սիրելի, վաղամեռիկ տատիկը երկու տարեկանից ինձ գրադարան էր տանում, գրքեր կարդում ինձ համար, ասմունքում: Երկուսուկես տարեկանից մայրս ինձ սովորեցրեց հայոց այբուբենը, երեք տարեկանում էլ հայրիկիս ստիպեցի ռուսերեն այբուբենն էլ սովորեցնել: Իսկ գրել սկսել եմ տասնմեկ տարեկանից:

– Ինչպե՞ս ծնվեց վիպակ գրելու գաղափարը, ինչո՞ւ հենց ֆանտաստիկ ժանրում:

– «Սուպեր Նռանե» վիպակը գրել եմ ամառային արձակուրդների ընթացքում, երբ հոգնել էի երկար հանգստանալուց: Մայրս առաջարկեց որևէ պատմություն գրել, և գլխիս մեջ ծնվեց Նռանեի կերպարը: Իսկ ինչո՞ւ հենց այս ժանրում, որովհետև շատ եմ սիրում կարդալ ֆանտաստիկ գրքեր, նայել այդ ժանրի ֆիլմեր: Դա այն տարածքն է, որտեղ, իմ կարծիքով, կարելի է անվերջ երևակայել, որտեղ հրաշքները չունեն սահմաններ, և որտեղ կարող ես ստեղծել քո պատկերացրած աշխարհը:

– Արդյոք Նռանեն հենց քո մեջ ապրող աղջիկը չէ՞:

– Երբևէ այդ մասին չեմ մտածել, բայց հավանաբար՝ այո. Նռանեի կերպարը ստեղծելիս ես նրան օժտել եմ այնպիսի հատկանիշներով, որոնք կան իմ մեջ, կամ կցանկանայի, որ լինեին:

– Երբ որոշվեց, որ սեփական գիրքդ է հրատարակվելու, ինչպիսի՞ զգացողություններ ունեցար:

– Անսահման ուրախության, նաև անհանգստության զգացում ունեցա, նորի ու չզգացածի բերկրանք: Իսկ երբ գիրքը ձեռքս վերցրի, հուզմունքից աչքերս արցունքով լցվեցին:

– Դու ինքդ ինչպե՞ս քեզ կբնութագրես:

– Ես նպատակասլաց եմ, սակայն չեմ կարող ասել, թե շատ աշխատասեր եմ: Չափազանց աշխույժ եմ, սիրում եմ արդյունավետ անցկացնել օրս և կատարել այն ամենը, ինչ պլանավորել եմ:

– Մայրիկդ լրագրող է, կինոսցենարիստ և նույնպես գրքերի հեղինակ: Ուզում ես նրա ճանապարհո՞վ գնալ, թե՞ այլ նպատակներ ունես:

– Ունեմ այլ նպատակներ, բայց, անկախ ինձնից, առայժմ մայրիկիս ճանապարհով եմ քայլում: Ես ուզում եմ սեփական գործ ունենալ, զբաղվել բիզնեսով, ունենալ որևէ ստարտափ (start-up) նախագիծ:

– Ունե՞ս այլ ստեղծագործություններ, որոնք դեռ տպագրված չեն:

– Այս պահին աշխատում եմ նոր գրքի վրա, որը, այսպես ասած, հուշաթերթիկ կարող է հանդիսանալ 10-16 տարեկան աղջիկների համար. ինչպե՞ս մոդայիկ հագնվել, ինչպե՞ս խնամել մաշկը, ազատվել ավելորդ քաշից, հաղթահարել վախերն ու բարդույթները, հասնել նպատակին և այլն: Մտադիր եմ գրել նաև «Սուպեր Նռանեի» երկրորդ մասը:

– Քո գործունեության հետ կապված կա՞ն հետաքրքիր առաջարկներ:

– «Հայկաշխարհ» կայքն առաջարկել է տպագրել գիրքս արևմտահայերեն և անգլերեն: Կա «Սուպեր Նռանեն» մուլտֆիլմ դարձնելու առաջարկ ու նախաձեռնություն: Առաջարկել են նաև ասմունքի երեկո կազմակերպել, բայց այդ մասին դեռ մտածում եմ: