Երիտասարդ գրող Հաս Չախալյանը իր անդրանիկ գիրքը վերնագրել է «Իմ ու իմ միջև»: Այն բացահայտում է հեղինակի երազանքները, անկումներն ու վերելքները: 
ՄԵՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ
ArmeniaOn, հուլիսի 21. Հաս Չախալյանը ստեղծագործում է ինչպես չափածո, այնպես էլ արձակ, սակայն «Իմ ու իմ միջև» գրքում տեղ են գտել միայն չափածո ստեղծագործություններ, որոնք հեղինակը բաժանել է մի քանի մասի՝ «Երկիր և երկրիս», «Երևանյան էսքիզներ», «Գյուղ», «Արևելյան Էսքիզներ», «Ադամ», «Կին» և «Լռության էսքիզներ»:
– Հաս, ո՞ր տարիքից ես սկսել ստեղծագործել։ Ո՞րն է եղել քո մանկության նվիրական երազանքը:
– Ստեղծագործում եմ ութ տարեկանից, սակայն գրքում տեղ են գտել վերջին տարիների ստեղծագործություններս: Մանկության երազանքս մանկությունից չհեռանալն էր: Կարծում եմ` այն իրականություն է դարձել, քանի որ յուրաքանչյուրս մեր հոգու խորքում մանուկ ենք:
– Ե՞րբ սկսեցիր զրուցել ինքդ քեզ հետ։ Կարելի՞ է արդյոք դա ինքնաճանաչողության փորձ համարել։
-Ինքս ինձ հետ սկսեցի զրուցել, երբ հասկացա` տարածության ու ժամանակի մեջ մարդը մենակ է: Ինքնաճանաչման միշտ եմ ձգտել: Կյանքը երջանիկ մենախոսություն է ինձ համար:«Իմ ու իմ միջև» գրքում պատմում եմ իմ հոգեվիճակի մասին, ներկայացնում եմ ներսի ու դրսի աշխարհների, երազանքի, վախի, ցավի բախումը:
– Հավատո՞ւմ ես մուսային։
– Մուսա՛ն է հավատում ինձ: Ես երբեք չեմ փնտրում նրան:
– Ո՞ր հեղինակներն են ոգեշնչել քեզ։
– Երբ նոր էի ստեղծագործում, դասական պոետների ազդեցությունն էի կրում: Սակայն ժամանակը հարթեց, հղկեց իմ գրելաոճը: Այժմ ես ունեմ այն ինքնատիպությունը, որին ձգտում էի:
– Ինչպիսի՞ն չպետք է լինել։
– Չպետք է լինել նախանձ, շահախնդիր ու չար: Որքան լույս սփռես, այնքան ժպիտ կստանաս: Երբևէ չեմ փորձել միտումնավոր նեղացնել մարդկանց:
– Ստեղծագործելը քեզ համար…
– Ստեղծագործելն ինձ համար կյանքի ռիթմ է, հույզի ու իրականության սիրուն պահ: Ստեղծագործ մարդը միշտ փնտրում է, թեկուզ չգտնելու վախով:
– Մարդիկ գրում են, որովհետև…
– Ես գրում եմ, որովհետև ապրում է սիրտս։