«Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցին 1100 տարվա պատմություն է թողել թիկունքում և  շարունակում է իր ընթացքը դեպի հազարամյակներ». Մաշալյան

ArmeniaON, հուլիսի 24. Ստամբուլում կազմակերպվել է Վանի Աղթամար կղզու և Սուրբ Խաչ հայկական եկեղեցու լուսանկարների ցուցահանդես: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am կայքը՝ հղում անելով dha.com.tr թուրքական պարբերականին։

Միջոցառման ընթացքում Սուրբ Խաչ եկեղեցու մասին պատմող վավերագրական ֆիլմ է ցուցադրվել։ Որից հետո ելույթ է ունեցել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: «Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցին 1100 տարվա պատմություն է թողել թիկունքում և  շարունակում է իր ընթացքը դեպի հազարամյակներ: Այս միջոցառումը շատ ավելին է, քան սովորական լուսանկարների ցուցահանդեսը: Սա միջազգային ասպարեզում ճանաչում ապահովելուն ուղղված ավելի մեծ նախագծի մի մասն է: Աշխարհը պետք է ավելի մոտիկից ճանաչի մեր երկրի մշակութային և քաղաքակրթական հարստությունները: Պատմությունն այս տարածաշրջանում է սկսվել, և մեր ժողովրդի արմատները թաղված են այս հողերում»,- իր խոսքում նշել է Մաշալյանը:

Միջոցառման շրջանակում տպագրվել է Սուրբ Խաչ հայկական եկեղեցու պատմությունն ու  ճարտարապետությունը մանրամասն նկարագրող գիրք, որում նաև բազմաթիվ լուսանկարներ են տեղ գտել:

Բացի այդ՝ գործարկվել է կղզու և եկեղեցու մասին պատմող կայք՝ հայերեն, թուրքերեն և անգլերեն:

 

© Photo: Art-A-Tsolum