Մարտիրոս Սարյանի «տաք» գույները և ինքնատիպ ոճը անտարբեր չեն թողնում Տրետյակովյան պատկերասրահի այցելուներին։

ՄԵՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ

ArmeniOn, հուլիսի 27. Կերպարվեստի հայկական ժամանակակից դպրոցի հիմնադիր Մարտիրոս Սարյանի կտավները ձեռք է բերել Տրետյակովյան պատկերասրահը:

Մարտիրոս Սարյանին հաջողվեց կերպարվեստում սեփական ոճը գտնել 1901-1903 թվականներին Կովկաս կատարած ուղևորությունից հետո: Նկարչի խոսքով՝ դրանք իր կյանքի ամենադժվար տարիներն էին, երբ փորձում էր ինքն իրեն գտնել ակադեմիականության շերտերում և օտար ոճերի շարքում:

«Աչքերիս առաջ ամեն ինչ հառնեց արեգակի լույսի փայլի մեջ՝ ցորենի հասկերը փոխնիփոխ երևացող խոտով, ծածկված բազմաթիվ ծաղիկներով, որոնց վրա ճախրում էին մեղուներն ու թիթեռները: Այս ամենն անհաղթահարելիորեն դեպի իրեն էր ձգում: Ես դյութված մտա ցորենի հասկերի մեջ և երազատեսության պես խորասուզվեցի այդ աշխարհի մեջ: Ես երկար քայլում էի և հոգնած քնեցի ցորենի հասկերի մեջ, հողի վրա, ինչպես մորս կրծքին»,- ասել է նկարիչը։

Այդ տարիներին Սարյանը հրապուրվել է ֆովիզմով և իմպրեսիոնիզմով, դրական է արտահայտվել Մատիսի, Գոգենի, Սեզանի և Վան Գոգի հնարքների մասին: Համաշխարհային նկարչական համատեքստին սեփական ստեղծագործության մասնակցության գիտակցումը երիտասարդ նկարչին ավելի է ոգևորում կերպարվեստում սեփական ճանապարհը գտնելիս:

Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունները ավելի վառ, հյութեղ և արտահայտիչ դարձան Արևելքի երկրներ՝ Եգիպտոս, Թուրքիա, Պարսկաստան կատարած ճանապարհորդությունից հետո: Նկարիչը վարպետորեն միավորում էր Արևելքի գեղանկարչական ավանդույթները 20-րդ դարի եվրոպական արվեստի նոր ձեռքբերումների հետ։

Նրան հավասարապես գրավել են բնանկարը, դիմանկարը և նատյուրմորտը։ Արևելքը ինքնաճանաչման կարևոր շրջան էր:

«Ես նպատակ ունեի հասկանալու Արևելքը, գտնելու նրան բնորոշ հատկանիշները՝ գեղանկարչական որոնումներս առավել հիմնավորելու համար,- ասում էր նկարիչը:- Ես ուզում էի հաղորդել Արևելքի իրականությունը, գտնել այդ աշխարհի պատկերման համոզիչ ուղիները»։