Իրար վրա ջուր են լցնում բոլորը՝ ով ինչով կարող է՝ հաշվի չառնելով ոչ տարիք, ոչ սեռ, ոչ էլ հասարակական դիրք:

ArmeniaON, հուլիսի 28. Հայոց ավանդական տոնակարգում Վարդավառն ամենամեծ ամառային տոնն է: Այն եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է: Վարդավառը շարժական տոն է և նշվում է 35 օրերի ընթացքում՝ Զատկից 14 շաբաթ հետո,  հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում:

Տոնի պատմությունը գալիս է դեռևս հեթանոսական ժամանակներից և կապվում է հայկական դիցարանի ջրի, սիրո, պտղաբերության և գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ, որին վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում և միմյանց վրա ջուր էին ցողում։ Ջուր լցնելու սովորությունը պահպանվել է նաև մեր օրերում:

 

Իսկ հայ առաքելական եկեղեցին Վարդավառը տոնում է որպես Քրիստոսի պայծառակերպության տոն:

Վարդավառ բառն ունի տարբեր ստուգաբանություններ, որոնցից մեկի համաձայն այն կազմված է վարդ (ուարդ)-ջուր և վառ-ցողել, լվանալ արմատներից, նշանակում է ջրցանություն, որը և կազմում է տոնի հիմնական սովորույթը:

Տոնը սկսվում է վաղ առավոտյան: Իրար վրա ջուր են լցնում բոլորը՝ ով ինչով կարող է՝ հաշվի չառնելով ոչ տարիք, ոչ սեռ, ոչ էլ հասարակական դիրք:

Ոչ ոք չէր կարող դժգոհել կամ վիրավորվել, որովհետև համարվում էր, որ այդ օրը ջուրն ունի բուժիչ ուժ: Հնում տոնն ուղեկցվում էր ավանդական երգերով, պարերով և խաղերով: Միմյանց վարդեր են նվիրել, սիրահար երիտասարդներն աղավնիներ են թռցրել, և եթե աղավնին երեք անգամ պտտվել է սիրած աղջկա տան կտուրին, նույն աշնանը հարսնության են տարել նրան:

Լեռնային շրջաններում, որտեղ համեմատաբար զով է, կարևոր դեր է խաղացել կենդանիների զոհաբերությունը: Տոնի խորհուրդը նշվել է հեռավոր ուխտագնացու-թյուններով: Մարդիկ սննդի երկօրյա պաշարով այցելում էին սրբավայրեր՝ իրենց հետ տանելով զոհաբերվելիք կենդանուն:

Վարդավառն արտահայտում է պտղաբերության գաղափարը: Այն ընտանիքի անդամներին և նույնիսկ ամբողջ ազգատոհմը միավորե-լու, հավաքելու խորհուրդ ունի, և այդ օրը սովորաբար հայրենի գյուղ, ծնողների տուն են գնում հեռավոր քաղաքներում ապրող զավակներն ու հարազատները: Վարդավառյան տոնակատարության մյուս խորհուրդը սերն է` Վահագնի ու Աստղիկի սերը: Որոշ ուսումնասիրողներ «Վարդավառ» բառը կապում են «վարդ» բառի հետ:

Վարդեր նվիրելով և վարդի ջուր ցողելով՝ նա սեր տարածեց որձ երկրի վրա, իսկ Վահագնը, միշտ չարի դեմ պայքարելով, պաշտպանում էր այդ սերը: Մեկ այլ առասպելի համաձայն էլ մի օր Աստղիկ դիցուհին, լսելով, որ իր սիրելին վիրավոր է, այնքան է շտապում նրան տեսնել, որ ոտաբոբիկ է ճամփա ընկնում՝ վնասելով ոտքերը: Նրա արյունից վարդի թփերը և ծաղիկները կարմիր են դառնում: Այստեղից էլ կարմիր մարդը դառնում է սիրո խորհրդանիշը:

Որոշ սովորույթներում՝ միմյանց վրա ջուր ցողելը, աղավնիներ օդ բաց թողնելը, հայկական եկեղեցին համարում է Աստվածաշնչյան ավանդույթների արձագանքներ, մասնավորապես, կապված ջրհեղեղի և Նոյի աղավնու հետ: Այսօր տոնը նշվում է մեծ շուքով և ուրախությամբ։