Համաշխարհային ճանաչում ունեցող օպերային հայ երգչուհի Հրաչուհի Բասենցը Հայաստանում է: Հուլիսի 29-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Վերդիի «Օթելլո» օպերայում Հրաչուհին հանդես կգա Դեզդեմոնայի դերերգով:

ԱՆԺԵԼԻԿԱ  ՕՐԴՅԱՆ

ArmeniaON, հուլիսի 29. Հրաչուհին Դրեզդենի Սեմպերօպեր թատրոնի մեներգչուհի է: ArmeniaON-ի հետ զրույցում երգչուհին խոսեց իր նախասիրությունների և հետագա գործունեության մասին:

-Ի՞նչ եք կարծում, Դուք այսօր կունենայի՞ք նույն հաջողությունները, եթե ապրեիք Հայաստանում։

– Շատ դժվար է միանշանակ պատասխանել այդ հարցին: Եթե ընդհանրապես Հայաստանից գնացած չլինեի, գուցե այսպիսի հաջողությունների չհասնեի, քանի որ բնավորությամբ «դռներ թակող» չեմ: Ինձ բառացիորեն ուղղորդել են այս կամ այն քայլին, որից հետո դռներ են բացվել, ինձ նկատել են, հավանել են, ընտրել են:

– Ձեր կարծիքով, ո՞րն է մեր երկրում հաջողության հասնելու բանալին: Մի առիթով նշել եք, որ արտերկրում այդ առումով բոլոր դռները բաց են:

– Առաջին հերթին, իհարկե, տաղանդն ու ձայնը: Միշտ ասել եմ, որ երգիչ ծնվում են, չեն դառնում, և այսքան տարի անց էլի նույն կարծիքին եմ: Հետո արդեն՝ լավ կրթությունը և աշխատասիրությունը: Մեր երկրում մի քիչ այլ է իրավիճակը, քան Եվրոպայում, մասնավորապես՝ Գերմանիայում, որտեղ ես կայացա որպես երգչուհի: Մենք միայն մեկ օպերային թատրոն ունենք և մեկ Ֆիլհարմոնիկ նվագախումբ, որը, շնորհիվ Էդուարդ Թոփչյանի, բացի նվագախմբային ստեղծագործություններից, նաև օպերաների համերգային ներկայացումներ է բեմադրում, բազմաթիվ երգիչների հետ է համագործակցում, ընդ որում, լավագո՛ւյն երգիչների՝ թե՛ աշխարհասփյուռ հայ, թե՛ օտարազգի: Մրցակցությունը շատ մեծ է և՛ մեզ մոտ, և՛ Եվրոպայում: Բայց քանի որ դրսում շատ են թատրոնները, որոնք, ի դեպ, տարբեր կատեգորիաների են բաժանված, աշխատանք գտնելու հնարավորությունը շատ ավելի մեծ է: Մենք համակարգային և ֆինանսավորման քաղաքականության խնդիր ունենք. կարծում եմ, պետք է լինի կառույց, որը կզբաղվի մշակութի ոլորտի ֆինանսավորման խնդրով բոլոր ուղղություններում` կրթությունից մինչև ռեալիզացիա: Ի դեպ, կրթությունը պետք է սկսել մանկապարտեզից և անգամ ավելի վաղ:

– Իսկ դժվար չէ՞ր արտերկրում հաստատվելը, այն էլ՝ ընտանիքով:

– Ընդհանուր առմամբ դժվար չէր: Իհարկե, եղան ծանր օրեր մինչև միավորվելը, որովհետև ես ընտանիքիս կանչեցի մշտական աշխատանքային պայմանագիր կնքելուց հետո: Բարդությունը կարոտն էր ամեն ինչում…

– Տարբեր բեմահարթակներից եք ներկայացել հանդիսատեսին: Ո՞րը կառանձնացնեք, և արդյոք նույն զգացողությո՞ւնն եք ունենում ամեն անգամ տարբեր երկրներում հանդես գալով:

– Իհարկե նշանակություն ունի, թե որ թատրոնում ես երգում, ինչ կոնտինգենտ է հանդիսատեսի շարքերում: Կան, իհարկե, սիրելի և նախընտրելի թատրոններ, կան կարևոր թատրոններ, որտեղ երաժշտական աշխարհի «անցուդարձը» որոշողներն են գալիս, բայց մեծ հաշվով պատասխանատվությունը հանդիսատեսի ու ինքդ քո հանդեպ մնում է նույնը: Հուզմունքն է պրոֆեսիոնալ առումով, այնուամենայնիվ, մեծանում, երբ Հայաստան եմ գալիս: Մեր հանդիսատեսը ամենապահանջկոտ ու միևնույն ժամանակ ամենաջերմն է ինձ համար: Ես կասեի՝ ամենապատասխանատուն մեր հանդիսատեսի առջև ելույթ ունենալն է, որովհետև ես այստեղ եմ կրթություն ստացել և առաջին քայլերս` որպես օպերային երգչուհի, այստեղ եմ կատարել:

– Ի՞նչ պայմաններ կցանկանայիք լինեն Հայաստանում, եթե որոշեիք հաստատվել այստեղ։ Ի՞նչն է պակասում մեր մշակույթին։

– Չէի ասի, թե մեր մշակույթին երաշտական առումով ինչ-որ բան պակասում է: Մենք կարիք ունենք լավ մարկետինգի, երաժշտական մենեջմենտի: Եթե ուշադրություն դարձրել եք, ամբողջ աշխարհում առանց, այսպես կոչված, ագենտների շատ դժվարությամբ կարող են կարիերա անել: Այսօր ինչ-որ թատրոնում դեր ստանալու համար պետք է անպայման ագենտ ունենաս: Իսկ դա, որքան ես գիտեմ, մեզ մոտ դեռ չի աշխատում: Շատ կցանկանայի, որպեսզի այս ոլորտը ևս բարձր մակարդակով զարգացում ապրեր:

– Բազմաթիվ դերերգեր եք կատարել, դրանցից ո՞րը կառանձնացնեք:

– Բոլոր դերերս էլ սիրում եմ, բայց հատկապես այն դերերը, որոնք լուրջ դրամատուրգիական, հոգեբանական խնդիրներ են իրագործում, որտեղ խնդիրը ոչ միայն դժբախտ սերն է, այլև զոհաբերությունը և այլն: Այսպիսի դերերն առավել մեծ բավականությամբ եմ մարմնավորում: Դրանք են՝ Վիոլետայի և Նորմայի դերերը, ինչպես նաև Միմին, Դեզդեմոնան, Ամելիան, Դոննա Էլվիրան և շատ այլ դերեր:

– Ինչպե՞ս են արտերկրում ընդունում հայերին և հայ մշակույթը։

– Շատ լավ են ընդունում և՛ մեզ, և՛ մեր մշակույթը: Դրանում հաստատապես համոզվեցի, երբ 2015 թվականին Նյուրնբերգի օպերային թատրոնում կազմակերպեցի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված երեկո, որտեղ կատարեցի Կոմիտասի երգերը, այդ թվում՝ ինը գերմանական երգեր` գերմանացի պոետների տեքստերով, և որի ընթացքում ցուցադրեցինք Լուսիկ Ագուլեցու հայկական տարազների հավաքածուն` համայնքի գեղեցկուհիների մասնակցությամբ:
Մի աննկարագրելի իրադարձություն էր: Համերգի վերջում ունկնդիրները, որ մեծամասնությամբ գերմանացիներ էին, համտեսեցին հայկական ուտեստներ: Հյուրերն ուղղակի ցնցված էին: Երկար ժամանակ դեռ հիշում էին ու խնդրում կրկնել նման մի երեկո:

– Եթե երգչուհի չդառնայիք, ո՞ր մասնագիտությունը կնախընտրեիք:

– Շատ եմ սիրում նկարել: Դեռ փոքրուց նկարել եմ: Կարծում եմ` նկարչուհի կդառնայի:

– Հետագայի ի՞նչ պլաններ ունեք: Հայ հանդիսատեսը ե՞րբ կրկին բախտ կունենա վայելելու Ձեր երգեցողությունը։

– Օգոստոսի կեսին մեկնելու եմ Լոնդոն, որտեղ «Ռոյալ» օպերային թատրոնում, մաեստրո Պապպանոյի ղեկավարությամբ պատրաստելու եմ Դեզդեմոնայի դերերգը` Ճապոնիայում կայանալիք հյուրախաղերի համար: Ձմռանը վերադառնալու եմ Լոնդոն` Վիոլետտայի դերերգը ստանձնելու համար: Իսկ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Դրեզդենի Սեմպերօպերում կատարելու եմ Անտոնիայի դերերգը` Ժակ Օֆենբախի «Հոֆմանի պատմվածքներ» օպերայում, դեբյուտով հանդես կգամ Պուչինիի «Մադամ Բատերֆլայ» օպերայում:

Հայաստան վերադառնալու հետ կապված դեռ ոչինչ ասել չեմ կարող: Ցանկություններ և մտահաղացումներ կան, բայց՝ ապագան ցույց կտա: