Ձվով տապակները շատ տարածված կերակրատեսակներ են հայկական խոհանոցում՝ համեղ են, սննդարար և արագ պատրաստվող:

ՀԱՍՄԻԿ ՍԱՖԱՐՅԱՆ 

ArmeniaON, Հուլիսի 29. Ձվածեղ բառն առաջացել է «ձու» և «եղ» արմատից, այսինքն՝ ձվի վրա ածել (լցնել) յուղ: Բարբառներում հաճախ նաև կան «եղձու» կամ «եղաձու», ինչպես նաև «ծապատակ»՝ ձու տապակ տարբերակները։

Լուսանկարը՝ Pxhere

Վանում կիրակի օրերին սկեսուրը նշանված նորահարսին հյուր գնալիս իր հետ փոքրիկ սկուտեղով բերում էր տաք-տաք ձվածեղ, վրան էլ՝ երկու նոր թխված լավաշ:

Հնում վրան մեղր լցրած ձվածեղը համարվում էր համադամ ուտեստ և մատուցվում հարգի հյուրերին, նաև կնքահորն ու փեսացուին։

ՄԵՂՐՈՎ ՁՎԱԾԵՂ

Սովորաբար այս ձվածեղը զոքանչը պատրաստում էր նորափեսայի համար: Կամ կնունքի առիթով մամիկն էր պատրաստում  թոռան կնքահոր. նաև՝ հարգարժան հյուրերին պատվելու համար:

Մարաշի ավանդական խոհանոցում քաղցր ձվածեղները մեկը մյուսից համեղ ու համադամ էին, պատրաստվում էին նշայով, մեղրով, մրգալավաշով ու արմավով:

ՀԱՒԿԸԹ ՏԱՊԿԻԼՕ

2 հավկիթ, 0.5 գավաթ կաթ, 2 ճգ ալյուր, 1 ճգ յուղ, աղ, մեղր։ Զարնել հավկիթը, ալյուրն ու կաթը, տապկել տաք յուղին մեջ երկու կողմերով, մատուցելու ժամանակ վրան մեղր ծորացնել:

ՆՇԱՅՈՎ ՁՎԱԾԵՂ

Բաղադրություն
3 հավկիթ, 1 ճգ նշա, 1 ճգ յուղ կամ 50 գ կարագ, 1 ճգ ապուրի մեղր, աղ:
Պատրաստութիւն
Զարնել հավկիթը, ավելացնել աղը և նշան, ապա լցնել տաք յուղի վրա. մեկ կողմը եփելուց հետո, դարձնել մյուս կողմը: Մատուցել մեղրով: Մեղրի փոխարեն տապկել 50գ մանր կտրտած մրգալավաշ՝ պաստեղ և լեցնել ձվածեղի վրա. այս ձևով պատրաստած ձվածեղը Մարաշում կոչվում էր Ջուղդոկ տապկիլօ:

ԱԿՆԻՐ

Բաղադրամասերը
3 հավկիթ, 1 ճգ յուղ կամ 50 գ կարագ, 1 ճգ ալյուր, 1 ճգ լոլիկի խյուս, կարմիր և սև պղպեղ, աղ:
Պատրաստման ձևը
Տաք յուղի վրա ավելացնել լոլիկի խյուսը, համեմել, հարել հավկիթը, ավելացնել աղը և ալյուրը, ապա լցնել յուղի վրա ու տապկել։

ԱԿՆԻԿ ՁՎԱԾԵՂ
Տաքցնել յուղը, վրան կոտրել հավկիթները, աղ, պղպեղ ու ծիթրոն կամ ուրց ցանել և եփել առանց խառնելու:

Լուսանկարը՝ Pxhere

ՄԽԼԻ ՁՎԱԾԵՂ
Տաքցնել յուղը, տապկել մանրած գլուխ սոխը, վրան լցնել զարնած հավկիթները, համեմել և շարունակել եփել:

ԱՒԻՆԱԹ ՁՎԱԾԵՂ

1 ճգ յուղ, 3 հավկիթ, 1 գավաթ մածուն, 1 պճեղ սխտոր, կանաչի, կարմիր պղպեղ, աղ, լավաշ․
Տաքցնել յուղը, տապկել զարնած հավկիթները, ապա լցնել մածունն ու սխտորը, եռացնել. վրան ցանել մանրած կանաչի, կարմիր պղպեղ. մատուցել լավաշով:

ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՁՎԱԾԵՂՆԵՐԸ

ԱՃՃԸՔ
4 հավկիթ, 1 ճգ յուղ, 2 ճգ ալյուր, մեղր
Զարնել հավկիթը ալյուրով և լցնել տաք յուղին մեջ. եփել երկու կողմն էլ, մատուցելու ժամանակ վրան մեղր ծորացնել:

ԷՃՃԻԿ
1 կապ սպանախ (կամ այլ կանաչիներ), 3 հավկիթ, 2 ճգ ալյուր, կարմիր և սև պղպեղ, քիմիոն, աղ, ձեթ
Մանրացնել կանաչին, խառնել հավկիթն ու ալյուրը, համեմել: Տաքցնել ձեթը, ապուրի դգալով սահեցնել մեջը և տապկել երկու կողմերից:
Նույն ձևով պատրաստում էին դդմիկով էճճիկը, հատկապես տոլմա պատրաստելու հաջորդ օրը, որպեսզի փորված դդմիկի միջուկը գործածվեր:

Լուսանկարը՝ Յանա Պողոսյանի Բլոգից

ԼՈԼԻԿՈՎ ՁՎԱԾԵՂ
1 սոխ, 1 լոլիկ, 1 պղպեղ, 4 հավկիթ, 1 ճգ յուղ կամ ձեթ, կարմիր և սև պղպեղ, աղ․
Սոխառածի վրա ավելացնել մանրած լոլիկն ու պղպեղը, համեմել, հետո վրան կոտրել հավկիթը. ըստ ցանկության խառնել կամ եփել աչուկներով:

ԱՐԱԲԿԻՐԻ ՁՎԱԾԵՂՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐ
Արաբկիրում ձվածեղները այլազան էին, ընդ որում, և՛ քաղցր, և՛ աղի:

ՏԱՊԿՈՑ
Կտրատել թթի պաստեղը, թաթխել հարած հավկիթի մեջ և տապկել յուղով:

ԹԹՈՎ ՁՎԱԾԵՂ
Յուղի մեջ թեթևակի տապակել թթի չիրը, վրան լեցնել հարած հավկիթները և տապակել:

ԿԱՆԱՉԻՈՎ ՁՎԱԾԵՂ
Յուղի մեջ թեթևակի տապակել մանր կտրտած ազատքեղը (մաղադանոս) և կանաչ սոխը, վրան լցնել հարած հավկիթներն ու տապակել: Համեմել չոր ռեհանով և կարմիր պղպեղով:

ՂԱՎՈՒՐՄԱՅՈՎ ՁՎԱԾԵՂ
Ղավուրմայի փոքր կտորները իր յուղով տապկել, վրան լեցնել հարած հավկիթները և տապակել:

ՄԽԼԱՄԱ
Այս անունով է կոչվում յուղի մեջ տապկած կանաչ լոբիով կամ սպանախով կամ էլ լոլիկով պատրաստված ձվածեղը։

Լուսանկարը՝ Pxhere

ԱՅՆԹԱՓՑԻՆԵՐԸ ձվածեղին շրջազու (շրջած ձու) կամ տապկված հավկիթ էին կոչում

ՍԽՏՈՐ ՄԱԾՈՒՆՈՎ ՁՎԱԾԵՂ
Բաղադրամասերը
4 հավկիթ, 1 ճգ յուղ, ½ գավաթ մածուն, 1 պճեղ սխտոր, աղ․
Տաքցած յուղի վրա լցնել զարնված հավկիթները և տապկել. մատուցելու ժամանակ վրան լցնել միմյանց խառնած ճզմած սխտորն ու մածունը:

ԼՈԼԻԿՈՎ ՀԱՎԿԻԹ
4 հավկիթ, 1 ճգ յուղ, 2 լոլիկ, 1 սոխ, 1 պղպեղ, բահար, աղ
Սոխառածի վրա ավելացնել մանր կտրտած լոլիկն ու պղպեղը, ապաˋ զարնած հավկիթը. մատուցել վրան բահար ցանելով:

ՍՊԱՆԱԽՈՎ ՀԱՎԿԻԹ
2 կապ սպանախ, 1 սոխ, 1 ապուրի դգալ յուղ, 4 հավկիթ, աղ
Սոխառածի վրա լցնել կիսախաշ ու ջրքամված սպանախը և շարունակել տապկել. ապա լցնել զարնած հավկիթները և եփել: