2020 թվականի հունվարի 1-ից կնվազեն Արցախի և Հայաստանի Հանրապետության միջև գործող ռոումինգի ծառայությունների սակագները։

ArmeniaaON, օգոստոսի 8. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման արդյունքում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի և ՀՀ ու ԱՀ շարժական կապի օպերատորների միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի հունվարի 1-ը կիսամյակային պարբերականությամբ նվազեցնել Արցախում և Հայաստանում օպերատորների կողմից մատուցվող ռոումինգի ծառայությունների սակագները։
Արդյունքում 2020 թվականի հունվարի 1-ից՝
– ելքային զանգերի սակագները կնվազեն շուրջ 25%-ով, այնուհետև նշված ժամանակահատվածում նվազումը կհասնի մինչև 30%,
– մուտքային զանգերինը՝ շուրջ 40%-ով, այնուհետև՝ մինչև 45%,
– տվյալների փոխանցման և ինտերնետ հասանելիության ծառայություններինը՝ շուրջ 50%-ով, այնուհետև՝ մինչև 65%,
– կարճ sms հաղորդագրություններինը՝ շուրջ 65%-ով, այնուհետև՝ մինչև 75%:
Հիշեցնենք նաև, որ սույն թվականի օգոստոսի 1-ից արդեն նվազեցվել են «Վեոն Արմենիա» և «Յուքոմ» ընկերությունների կողմից ելքային և մուտքային զանգերը, 45 դրամ սակագնի փոխարեն կիրառվում է համապատասխանաբար ելքային զանգերի համար 38 դրամ, մուտքայինի համար՝ 25 դրամ, sms կարճ հաղորդագրության համար գործող 60 դրամ սակագնի փոխարեն՝ 40 դրամ սակագին: