«Հին Հռոմի գունեղ տեսիլները. խճանկարներ Կապիտոլյան թանգարաններից». այս բացառիկ ցուցահանդեսի նմուշները առաջին անգամ Կապիտոլյան թանգարաններից դուրս են բերվել Բուլղարիայում ներկայացնելու համար, ապա բերվել են Հայաստան:

ՄԵՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ

ArmeniaON, օգոստոսի 10. Պատմական ու մշակութային հուշարձաններով հարուստ աշխարհի հնագույն քաղաքներից մեկը՝ Հռոմը, որն ստացել է «հավերժական քաղաք» անունը, աշխարհին ներկայանում է բացառիկ պատմական նմուշներով, որոնցից են նաև Կապիտոլյան թանգարանների հավաքածուները:

Ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի ազգային պատկերասրահում՝ Հայաստանում Իտալիայի դեսպանատան աջակցությամբ:

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը ցուցահանդեսի հանդիսավոր բացման ժամանակ կարևորեց այսպիսի համագործակցությունները և տեղեկացրեց, որ սա Իտալիայի դեսպանատան հետ համատեղ կազմակերպված երրորդ ցուցահանդեսն է.


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հպարտորեն նշեց, որ հայ-իտալական մշակութային կապերը բավական հին են, ինչի մասին են վկայում բազմաթիվ գրական ու պատմական աղբյուրներ.

Տարբեր դարաշրջաններում հատվել են հայ և իտալացի ժողովուրդների ուղիները՝ փոխադարձաբար հարստացնելով մեր մշակույթները: Սա հաստատում է միմյանց հանդեպ չնվազող հետաքրքրության և հարգանքի մասին: Միմյանց ճանաչելու այդ մշտական ձգտման դրսևորումն է նաև այս ցուցահանդեսը: Սա եզակի հնարավորություն է շփվելու իտալական մշակութային հարուստ շերտի՝ Կապիտոլյան թանգարանների բազմերանգ խճանկարների հետ:

Նախարարը շնորհակալություն հայտնեց Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. պարոն Վինչենցո Դել Մոնակոյին՝ նշելով, որ նա կարևորագույն դերակատարություն ունի ոչ միայն այս ցուցահանդեսի կազմակերպման, այլև հայ-իտալական մշակութային առնչությունների հանրայնացման և ժամանակակից արվեստի ոլորտում երկու պետությունների շարունակական համագործակցության գործում:


Դեսպանը արվեստը համարում է չափազանց կարևոր, որը կարող է շարժիչ ուժ հանդիսանալ անգամ սոցիալ- տնտեսական զարգացման համար.

– Ես համոզված եմ, որ մշակույթը հույժ կարևոր բաղադրիչ է մեր երկկողմանի հարաբերությունները առաջ մղելու գործում: Վերնագիրը, որն ընտրվել է այսօրվա ցուցադրության համար, խիստ պատկերավոր է, քանի որ ցուցահանդեսը լիովին ներկայացնում է տվյալ դարաշրջանն ու այդ շրջանում ստեղծված արվեստը: Ներկայացված են յուրահատուկ ու ինքնատիպ ստեղծագործություններ, որոնք ներկայացնում են Հռոմեական պատմության հինգ դարաշրջան,- ասաց դեսպան Վինչենցո Դել Մոնակոն և ավելացրեց, որ խճանկարները ներկայացնում են նաև հռոմեական հասարակության հարստությունն ու ճոխությունը:


Իսկապես, ցուցադրված հավաքածուն հնարավորություն է տալիս ոչ միայն գնահատելու Հռոմի հանրապետության ժամանակաշրջանից մինչև ուշ կայսերական դարաշրջանի խճանկարային արվեստն ու կիրառված տեխնիկան, այլև մտորելու զարդանախշերի բնույթի շուրջ, որոնք բազմազան են իրենց նշաններով ու գույներով և նմանության ունեն մեր արվեստի և գրաֆիկական դիզայնի հետ:


Ազգային պատկերասրահի դեկորատիվ կիրառական բաժնի պետ, ցուցահանդեսի համադրող Սաթենիկ Չուբազյանի խոսքով, այս խճանկարները հռոմեական մշակույթի հարուստ ժառանգության բացառիկ օրինակեր են, որոնք վկայում են հռոմեացիների գեղարվեստական բարձր ճաշակի և հմտությունների մասին.
-Ցուցադրությունը ներկայացնում է 1870-ական թվականներից հետո գտնված խճանկարների մի հարուստ հավաքածու: Դրանք գտնվել են ոչ միայն դամբարաններում և գերեզմանատներում, այլ նաև առանձնատներում: Ի դեպ, դրանցից մեկը պատկանել է Հուլիոս Կեսարին, որի իշխանության օրոք խճանկարներն ավելի լայն տարածում են ստացել: Հայտնի է, որ նա ոչ միայն զարդարում էր իր տունը խճանկարներով, այլև պահանջում էր, որ կարճ արշավանքների ժամանակ նույնպես դրանք զարդարեն իր կացարանը: Եվ այս բացառիկ ցուցահանդեսում ներկայացված է նաև երկու խճանկար նրա առանձնատնից:


«Հին Հռոմի գունեղ տեսիլները. խճանկարներ Կապիտոլյան թանգարաններից»  ցուցահանդեսը բաց կլինի օգոստոսի 10-ից մինչև սեպտեմբեռի 29-ը:

Նշենք, որ այս ցուցահանդեսից զատ՝ Իտալիայի դեսպանատունն աջակցել է ևս երկու ցուցահանդեսների կազմակերպմանը Ազգային պատկերասրահում, Մատենադարանում և Գյումրիում: