Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում օգոստոսի 10-ին անցկացվեց դասական կիթառի երեկո: Այն յուրահատուկ երաժշտականմշակութային երկխոսություն էր «Տուն-թանգարանի հետ» նախագծի շրջանակում:

ՄԵՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ

ArmeniaON, օգոստոսի 11. «Տուն-թանգարանի հետ» նախագծի առաջին հյուրերը կիթառահարներ Նի Նոն¸ Ջոն Գյումիշյանը, Բարդի Մինասյանը և Թաթուլ Հաճյանն էին: Երիտասարդ կիթառահարները տարբեր երկրներից են` Սիրիայից, Լիբանանից, Իրանից և Երևանից: Նրանք կատարեցին դասական հեղինակների և իրենց սեփական ստեղծագործությունները:

Ալ. Սպենդիարյանի անվան տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը Armenia On-ի հետ զրույցում նշեց, որ նախագծի նպատակը երիտասարդներին թանգարանի հետ կապելն է և թանգարանի մշակութային կյանքն ավելի ակտիվացնելը: Այլ կերպ ասած՝ տուն-թանգարանը քայլում է երաժշտական-մշակութային երկխոսության ճանապարհով:

Անչափ մեծ ուրախություն է, որ մեր այս փոքրիկ դահլիճը լցված է այսքան ջերմությամբ: Երկար տարիներ է, ինչ Ալ. Սպենդիարյանի տունթանգարանում նման երաժշտական հանդիպումներ ենք կազմակերպում՝ հարթակ տրամադրելով այն երաժիշտներին, որոնք կամ նոր են մուտք գործում երաժշտական աշխարհ, կամ արդեն իսկ կայացած երաժիշտներ են, սակայն իրենք էլ կարիք ունեն նման տարածքներում հանդես գալու, որի առավելությունը երաժիշտունկնդիր երկխոսությունն է,- ասաց տիկին Օթարյանը:

Կիթառահարուհի Նի Նոն ոգեշնչված է Սպենդիարյանի երաժշտությամբ և մտադիր է հայկական շնչով երաժշտություն գրել կիթառի համար: Նա բարձր է գնահատում Կոմիտասի դերը ազգապահպանման և ազգային երգարվեստի զարգացման գործում և համոզված է, որ իր սերունդը Կոմիտասի մաքրամաքուր երաժշտության շարունակողն է:

Նի Նոն առաջին ագամ կատարեց Կոմիտասի ստեղծագործությունների կոլաժ՝ նվիրված մեծ երգահանի 150-ամյակին: Ստեղծագործության առաջին երկու մասում ընդգրկված էր հոգևոր երաժշտություն, իսկ մյուս երկուսում՝ գեղջկական: Նի Նոյի ‹‹Գույներ›› ստեղծագործությունը վկայեց հեղինակ-կատարողի՝ խիստ տարբեր ոճերում ստեղծագործելու ձիրքի մասին:

Ջոն Գյումիշյանը մինչև երաժշտությամբ զբաղվելը հետաքրքրված էր այլ բնագավառով, սակայն երաժշտության հանդեպ սերը փոխում է նրա կյանքը: Եվ մի օր Ջոնը հայտնվում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Երեկոյի ժամանակ Ջոնը ներկայացրեց տարբեր կոմպոզիտորների էտյուդներ:

Կոմիտասի անվան կոնսերվատորիայում է սովորել նաև Բարդի Մինասյանը: Նա կատարեց 20-րդ դարի երեք տարբեր կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնք թեև ներկայացնում էին նույն ժամանակաշրջանը, սակայն միմյանցից միանգամայն տարբեր էին:

Թաթուլ Հաճյանը 2005 թվականից է ապրում Երևանում: Նա սովորել է Չայկովսկու անվան դպրոցում, ապա՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Երեկոյի ընթացքում, հայտնի երաժիշտների ստեղծագործություններից զատ, նա ներկայացրեց հեղինակային ստեղծագործություն՝ ‹‹Տարանտաս››:

Երիտասարդների կատարումները հիացրին բոլորին: Լեփ-լեցուն դահլիճի ջերմ ընդունելությունը փաստում է այն մասին, որ մեր հասարակությունը սիրում և արժևորում է դասականների ստեղծագործությունները: Առավել հաճելի է, որ դասական երաժշտություն են մատուցում երիտասարդները:

Նշենք, որ Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանում միջոցառումները կազմակերպվում են անվճար: Դրանց հիմնական նպատակը ունկնդիրների մեջ դրական զգացմունքներ արթնացնելն է և երիտասարդ պրոֆեսիոնալներին բեմ բարձրանալու հնարավորություն տալը:

Լուսանկարները՝ հեղինակի