Իսպանական հեղինակավոր «La Vanguardia» պարբերականի էջերում է հայտնվել Խոր Վիրապի լուսանկարը՝ Արարատ լեռան ֆոնին։ Լուսանկարի հեղինակը պատմել է վանքի և աշխարհում առաջին քրիստոնյա ազգի մասին, որի սրբազան լեռն այսօր գտնվում է սահմանից այն կողմ։

ArmeniaON, օգոստոսի 12. «Կարող ենք վստահորեն ասել, որ Խոր Վիրապի այս վանքը Հայաստան ուղևորության կարևոր տեսարժան վայրերից մեկն է: Դուք չեք կարող գալ այս երկիր և չլինել Խոր վիրապում, չվայելել Արարատ լեռան այս անկրկնելի տեսարանը», – ասում է Խոան Սոլդևիլա Ադամը, որը «Լա Վանգուարդիայի» ընթերցողներին է ներկայացրել լուսանկարը։

© Joan Soldevila Adán / JSA

«Այս տեսարանով լուսանկար գրեթե պարտադիր է Հայաստան այցելած յուրաքանչյուր ճանապարհորդի ալբոմում: Այստեղ 14 տարի բանտարկված է եղել Գրիգոր Լուսավորիչը Հայաստանի թագավոր Տրդատ III-ի կողմից: Ավելի ուշ նա դարձավ թագավորի կրոնական դաստիարակը և 301 թվականին քրիստոնեացրեց երկիրը։ Հայ ժողովուրդը առաջինն է աշխարհում, որն իրեն հռչակեց քրիստոնյա», – մանրամասնում է պատկերի հեղինակը:

«Վանքի պատերի մոտ լինելով՝ մենք հասկանում ենք, որ գտնվում ենք Արարատից շուրջ 30 կմ հեռավորության վրա և Թուրքիայի ու Հայաստանի միջև եղած բնական սահմանից` Արաքս գետից 1 կմ հեռավորության վրա: Այն, ինչ կարողանում են տեսնել հայերն այստեղից, իրենց սրբազան լեռն է, որն այժմ գտնվում է «թշնամու» տարածքում: Այս երկու երկրների միջև հավերժական կրոնական բախում կա, քանի որ քրիստոնյաների համար Արարատն այն լեռն է, որտեղ ապաստանեց Նոյյան տապանը Համաշխարհային ջրհեղեղից հետո», – պատմում է Խոան Սոլդևիլա Ադամը: