ՍայաթՆովայի պողոտայի և Չարենցի փողոցի հատման մասում ձևավորված հրապարակը անվանակոչվեց Արգենտինայի Հանրապետության հրապարակ: Օգոստոսի 14-ին տեղի ունեցավ հրապարակի բացման հանդիսավոր արարողությունը:

ՄԵՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ

ArmeniaON, օգոստոսի 15. Արգենտինայի Հանրապետության անունով հրապարակ ունենալու մասին որոշումն ընդունվել էր դեռևս 2017 թվականի հունիսին՝ Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ: Այդ փաստը վկայում է հայ-արգենտինական երկարամյա բարեկամության, փոխադարձ կապերի և դրանք առավել ամրապնդելու երկկողմ ցանկության մասին:

Նախաձեռնության իրականացման գործում ներդրում ունեն Արգենտինայի Հանրապետությունը, Երևանի քաղաքապետարանը և Արգենտինայի Հանրապետության հայկական համայնքը: Որոշումից հետո հրապարակում բարեփոխումներ կատարվեցին. այն դարձավ առավել գրավիչ ու հարմարավետ երևանցիների համար:

«Արգենտինայի Հանրապետության հրապարակ» գրառմամբ ցուցանակը բացեցին Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Հայկ Մարությանը Երևանը համարում է համայն հայության սիրտը և աշխարհում ապրող բոլոր հայերի մայրաքաղաքը: Նա բնական է համարում, որ երևանցիները ձգտում են աշխարհի տարբեր անկյուններում իրենց եղբայրներին ապաստան տված երկրներից մի մասնիկ ունենալ Երևանում.

– Մենք մեր բարեկամ ժողովուրդների հանդեպ մեր սերն ենք արտահայտում՝ նրանց պատվին անվանակոչելով փողոցներ, հրապարակներ և պուրակներ: Եվ անշուշտ, այդ երկրների ցանկում պետք է իր արժանի տեղն ունենար Արգենտինան, մի երկիր, որը թեև տարածությամբ շատ հեռու է, բայց ոգով ու մշակույթով շատ մոտ է Հայաստանին: Վստահ եմ, որ տասնյակ հազարավոր երևանցիներ, որոնք երբևէ չեն եղել այդ չքնաղ երկրում և գուցե երբեք էլ չլինեն, միայն ջերմություն և սեր են զգում Արգենտինա կամ Բուենոս Այրես ասելիս,- ասաց քաղաքապետը և խորին երախտագիտությամբ հիշեցրեց, որ արգենտինացի ժողովուրդը ապաստան է տվել մեր հայրենակիցներին հարյուր տարի առաջ հայ ժողովրդին պատուհասած արհավիրքի օրերին: Անցած տասնամյակների ընթացքում Արգենտինայի տարբեր քաղաքներում հրապարակներ և փողոցներ են անվանակոչվել Հայաստանի և հայերի անունով: Այդ տարիների ընթացքում մեր երկրների և մասնավորապես մայրաքաղաքների միջև մշակութային սերտ կապեր են ձևավորվել: Եվ մեր սերնդի խնդիրը այդ կապերը զարգացնելն է:

Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան շնորհակալություն հայտնեց քաղաքապետ Հայկ Մարությանին, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին, դեսպանատան աշխատակիցներին և հյուրերին՝ նման ջերմ վերաբերմունքի համար.

– Այս հրապարակի բացումը մեր երկու երկրների՝ Արգենտինայի և Հայաստանի, այդ երկրներում ապրող ժողովուրդների բարեկամության խորհրդանիշն է: Պատահական չեն ընտրված մեր ազգային հերոս Մանուել Բելգրանոյի և Արգենտինան ներկայացնող պատկերները: Դրանք պայքարի, հաղթանակի և համեստության խորհրդանիշներ են, որոնք բնորոշ են մեր երկու երկրներին և ներկայացնում են երկուսի պատմությունը:

Նույնքան խորհրդանշական էր նաև այն, որ Արգենտինայի Հանրապետության հրապարակի բացման արարողությունը դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի՝ Հայաստանում որպես դեսպան դիվանագիտական գործունեության վերջին ակորդն էր:

Ինչպես Մոխրոտիկի մասին հեքիաթում է լինում, ուրբաթ օրն արդեն իմ կառքը կվերածվի դդումի, և ես այլևս դեսպան չեմ լինի, սակայն միշտ կլինեմ Հայաստանի ընկերը,- իր խոսքն ավարտեց պարոն դեսպանը:

Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատությունների ներկայացուցիչ պարոն Դանիել Ռիցիանին այդ հաստատությունների անունից շնորհակալություն հայտնեց ներկաներին և ասաց.

 – Այսօր ոչ միայն Արգենտինայի Հանրապետության հրապարակն ենք բացում, այլև Արգենտինայի ազգային հերոս, տնտեսագետ, լրագրող, քաղաքագետ, դիվանագետ և զինվորական գեներալ Մանուել Բելգրանոյի կիսանդրին: Մանուել Բելգրանոն եղել է Արգենտինայի ազգային դրոշի ստեղծողը, իսկ գեներալ Սան Մարտինի հետ միասին կերտել է Արգենտինայի անկախությունը:

Արգենտինայի Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն էր հյուրերով՝ երևանցիներ, օտարերկրացիներ, արգենտինահայեր, այդ թվում՝ բազմաթիվ երեխաներ, որոնք թափահարում էին երկու երկրների դրոշները՝ ի նշան բարեկամության: Արգենտինյան ջերմությունն առավել զգալու համար Armenia On-ը զրուցեց Շուշան Սիրոյանի հետ, որը ծնվել և երկար ժամանակ ապրել է Արգենտինայում: Տիկին Շուշանը դստեր հետ շրջում էր հրապարակի տարածքում՝ փորձելով զգալ Արգենտինայի շունչը, մի երկիր, որտեղից արդեն 33 տարի է՝ տեղափոխվել է Հայաստան:

– Այսպես մարդիկ ծանոթանում են այլ երկրների պատմությանը, մշակույթին, սովորույթներին: Ես շատ ուրախ եմ Հայաստանի և Արգենտինայի բարեկամական կապի համար: Գիտեմ, որ Արգենտինայի հայ համայնքը բավական մեծ է: Այնտեղ կազմակերպվում են բազմապիսի միջոցառումեր, ակտիվ գործում են մշակութային կենտրոններն ու դպրոցները, որոնք նպաստում են հայ մշակույթի տարածմանը այդ երկրում և ազգային արժեքների պահպանմանը: