«Հաղարծնի շաբաթ» փառատոնի վերջին` 7-րդ օրը, համընկավ Աստվածածնի վերափոխման տոնի հետ, որը հայտնի է նաև որպես Խաղողօրհնեքի տոն:

ԱՆԻ ՎԱԹԻՆՅԱՆ

ArmeniaON, օգոստոսի 18. «Հաղարծնի շաբաթը» հոգևոր-մշակութային տոն է, որի սկիզբը դրվել է 2016 թվականին: Հայաստանի տարբեր մարզերից և մասնավորապես Տավուշ աշխարհից երիտասարդները հավաքվում են «Հաղարծին» վանական համալիրում` մեկ շաբաթ ապրելու հոգևոր կյանքով, ճանաչելու Տավուշ աշխարհի մշակույթը, խորհելու հոգևորի ու աշխարհիկի մասին։

Շաբաթն ամփոփելով՝ Գևորգյան հոգևոր ճեմարանի սարկավագ Հովհաննես Ավետիսյանը մեկնաբանեց Աստվածածնի վերափոխման տոնի խորհուրդը: Աստվածածնի հուղարկավորության արարողությանը ներկա են լինում բոլոր առաքյալները, բացի Բարդուղիմեոս առաքյալից, որը շատ է տխրում, որ չի հասցրել հրաժեշտ տալ Աստվածածնին: Մյուս առաքյալները փորձում են սփոփել նրան և խնդրում են, որ բացվի Աստվածածնի գերեզմանը` վերջին ամգամ նրան տեսնելու համար: Երբ գերեզմանը բացվում է, ներկաները հրաշքի են ականատես լինում․ Աստվածածինն այնտեղ չէր։ Նա վերափոխվել էր երկինք:

Եվ արդեն ավելի քան 1700 տարի մենք տոնում ենք Աստվածածնի վերափոխման տոնը: Այն մեզ հիշեցնում է երկնքի և երկրի միջև կապի և այն մասին, որ երկրային լինելով էլ կարելի է երկինքը ներսում ունենալ:

Արմեն Մանուկյանը արդեն երկրորդ տարին է, ինչ մասնակցում է «Հաղարծնի շաբաթ» հոգևոր-մշակութային փառատոնին։ Այս անգամ նա համակարգում է Հայ եկեղեցու երիտասարդական միավորման կամավորների գործունեությունը: Նրա խոսքով՝ աշխարհիկ կյանքից կտրվելն ու հոգևոր կյանքով ապրելը մեկ ուրիշ զգացում է։ Այդ զգացումը նա ապրել է՝ մի ողջ շաբաթ աշխատելով երիտասարդության հետ և վայելելով այդ հրաշք օրերը:

– Իմ կարծիքով, երիտասարդությունն ավելի ու ավելի է մոտենում հավատքին, կրոնին: Ես իրապես շատ ուրախ եմ, որ 16 տարեկան դեռահասները միայնակ գալիս են եկեղեցի և դառնում եկեղեցու մի մասնիկը:

Պարուսույց Խորեն Ամիրխանյանը փառատոնին ներկայացնում է պարարվեստը:

Մենք փորձում ենք վերականգնել «Հաղարծին» վանական համալիրի երբեմնի հոգևոր-մշակութային փառքը և պարի միջոցով խոսել ավանդույթների, մոռացված ծեսերի մասին:

Պարի կարևորությունը ճիշտ գնահատելու համար Խորենը մեջբերում է Կոմիտասի խոսքերը. «Պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը»:

Եկեղեցու կարևորության մասին խոսեց կամավորներից Լիլիթ Թամրազյանը: Նշեց, որ հայ ժողովրդի համար Հաղարծինը բացառիկ եկեղեցի է: Այստեղ են ամփոփված Խաչատուր Տարոնցու, Սմբատ և Գագիկ Բագրատունիների աճյունները, քիչ այն կողմ Գոշի դամբարանն է: Լիլիթը ներկայացրեց վարկածներ Հաղարծին անվան վերաբերյալ: Հաղա` կատվառույծ և ծին, այսինքն՝ լուսանների ծնվելու վայրը: Նաև՝ հաղ` խաղ, արծին`արծիվ, արծիվների խաղ: Շատ ժամանակ առաջ եկեղեցու գմբեթի շուրջ թևածել են արծիվներ, և հնարավոր է՝ եկեղեցին հենց այդպես է անվանակոչվել:

– Աթեիստ լինելը հիմա նորաձև է,- ասում է արտաշատցի կամավոր Արթուր Դավթյանը:- Շատերը, չհասկանալով դրա լրջությունը, իրենց աթեիստ են համարում, սակայն մոռանում են, որ իրենց գենետիկական հիշողության մեջ կա քրիստոնեությունը: Ցավալի է, որ ոմանք, ցանկանալով ավելի ճկուն դարձնել քրիստոնեությունը, նոր՝ օտար բարքեր են փորձում մտցնել դրա մեջ:

Փառատոնի կազմակերպիչ Լիդիա Մանթաշյանը տեղեկացրեց, որ կամավորական աշխատանք կատարելու ցանկություն հայտնած 280 երիտասարդից մրցութային կարգով ընտրել են 80-ին:

– Ոմանք ցանկանում են հոգևոր կրթություն ստանալ, ոմանք՝ նոր ընկերներ ձեռք բերել, ոմանց համար սա ինքնադրսևորման հնարավորություն է: Մենք հաշվի ենք առել երկու բան` ինչ կարող է տալ տվյալ երիտասարդը «Հաղարծնի շաբաթին», և ինչ կարող է «Հաղարծնի շաբաթը» տալ նրան: Այստեղ ամեն ինչի հիմքում սերն է: Մեր կարգախոսն էլ՝ «Թող ամեն ինչ սիրով լինի», հենց սեր է քարոզում:

– Երիտասարդության ակտիվությունը շատ կարևոր է նաև այստեղ, և ուրախալի է, որ տարեցտարի նրանց թիվն ավելի է մեծանում, բացի այդ՝ ավելի պատասխանատու դերեր են ստանձնում,- ասում է «Հայրենիքի դարպասներ» հասարակական կազմակերպության նախագահ Արման Հայրապետյանը:

Երիտասարդության դերը կարևորեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը.

– Երիտասարդությունը ոչ միայն հաճույքի համար է, այլև հերոսության: Այս ամբողջ ընթացքում երիտասարդությունն ինքնության փնտրտուքի մեջ է, իսկ դա նշանակում է, որ այդ ճանապարհին նա անխուսափելիորեն հավատքի ճանապարհն է բռնելու` զգալով, որ թեև շատ բան ունի, բայց մի բան պակաս է: Երիտասարդությունը արտացոլում է Քրիստոսին, որը հավիտենական երիտասարդ է: Իսկ այդպիսի գաղափարախոսություն ունեցող կրոնը չի կարող երիտասարդությանը չներգրավել իր մեջ: