Ռոբերտ Ամիրխանյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում բացվել է «Զրույց արվեստագետի հետ» խորագիրը: Այն սիրված կոմպոզիտորի զրույցն է իր երկրպագուների, գործընկերների և բոլոր նրանց հետ, ում հետաքրքրում է Ռոբերտ Ամիրխանյան մարդը և արվեստագետը:

ՄԵՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ

ArmeniaON, օգոստոսի 20. Մաեստրոն երկար է սպասել այս զրույցին: Այն իրականություն է դարձել նրա դստեր՝ Աննա Ամիրխանյանի շնորհիվ, որը որոշել և ստեղծել է «այս կամուրջը, որի վրայով մեր հոգիները պիտի քայլեն»:

Մենք կխոսենք մեզ հետաքրքրող տարբեր հարցերի շուրջ, իհարկե՝ կլսենք երաժշտություն, իսկ մեր մոտեցումները կմեկնաբանվեն, որովհետև միակողմանի զրույցը ամենավտանգավորն է,- ասել է մաեստրոն զրույցի ընթացքում:

Մաեստրոն համոզված է, որ արվեստագետի խոսքը, միտքը, գործը պետք է դիպչեն մարդու հոգուն, և այդ «հպումն›› է, որ կհաստատի՝ ճի՞շտ ես, թե սխալ, արժեքավո՞ր է քո ստեղծածը, թե ոչ:

Ինձ համար երջանկությունն այն է, երբ մեկն ինչ-որ բան է ասում, իսկ դիմացինը մեղմորեն գլուխը շարժում է՝ իբրև համաձայնության նշան: Ինձ համար դա երջանկության նշան է:

Մաեստրոն համոզված է, որ աշխարհը փնտրելու և ճանաչելու մտահոգության մեջ մարդու առաջին խնդիրն ինքն իրեն ճանաչելը պետք է լինի: Ինքն իրեն տեսնել աշխարհի մեջ՝ դա ամենաերկար, ամենաշնորհակալ ճանապարհորդությունն է, որի ընթացքում յուրաքանչյուրը կկարողանա գտնել իր խոսքը, իր ասելիքը և իր տեսակը այս կյանքում:

Միլիոնավոր մարդիկ են առավոտյան արթնանում, հագնվում, լվացվում, սափրվում և դուրս գալիս փողոց ապրելու, բայց այդ միլիոններից քանի՞սը գիտի՝ ինչ է հարկավոր ապրելու համար: Մեր հոգևոր դաշտը չի կարելի վստահել ինքնագործունեությանը՝ ով ինչ ուզում է, թող երգի: Այդտեղ հեշտությամբ կարող են գոյանալ արևելյան կամ ամերիկյան, երբեմն՝ մուսուլմանական տարրեր, նոտաներ, «գրավչանյութեր», որոնց նպատակը միայն հաճույքն է, ժամանցը, ուղղակի դուր գալը: Մենք իրավունք չունենք նման բան թույլ տալու, մեր կյանքը չի կարող լինել այդքան անհոգ:

Նա համոզված է, որ այդ անհոգությունը վատ հետևանքներ է ունենալու: Հարկավոր է հասկանալ, թե ինչ ենք անում, ինչպես ենք անում և ինչու ենք այդպես անում: Մաեստրոն իր հեռակա զրույցի ընթացքում առաջարկում է լինել միասնական, որովհետև, իր խոսքով, ամենամեծ ուժը մարդկային այն բռունցքն է, որ գոյանում է բոլոր մատները միացնելով, և դա դառնում է ասելիքի բռունցք: Նա կոչ է անում բոլոր հայրենակիցներին մտորելու կյանքի, մեր շուրջն աճող ծաղիկների, արտահայտվող մտքերի և մեզ շրջապատող իրականության մասին և չմոռանալ, որ մեր հիմնական հանգրվանը մեր հայրենիքն է:

Նշենք, որ այս տարի լրանում է Ռոբերտ Ամիրխանյանի 80-ամյակը։ Անվանի կոմպոզիտորի հեղինակած մեղեդիներն ու երգերը շարունակում են գերել իրենց անզուգական գեղեցկությամբ: Դրանք, ասես, մտերմիկ զրույց են ունկնդրի հետ, պատմություններ սիրո մասին՝ դեպի մարդը, կյանքը, Երկիր Հայրենին։

Սիրելի հայրենակիցներ, Ռոբերտ Ամիրխանյանի պաշտոնական էջը մեկնարկում է «Զրույց արվեստագետի հետ» խորագրով հեռակա զրույցը…

Posted by Robert Amirkhanyan / Ռոբերտ Ամիրխանյան on Friday, 16 August 2019