«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի խորհրդի որոշմամբ գյումրեցի նկարիչ, պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանի «Իմ հոգու տուն՝ Գյումրի» շարքի նկարներից մեկը վերածվել է 15000 կտորից բաղկացած մեծ խճանկարի:

ՄԵՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ

ArmeniaON, օգոստոսի 23. Նկարչուհի Սուսաննա Մկրտչյանը Armenia On-ի հետ զրույցում նշեց, որ առաջին անգամ է համագործակցում «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հետ: Հայաստանում և նրա սահմաններից դուրս ավելի քան չորս տասնյակ անհատական ցուցահանդեսներ ունեցած նկարչուհին առաջարկն ստացել է հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆելիքս Գրիգորյանից և սիրով համաձայնել է մասնակիցը դառնալ նման հիանալի նախաձեռնության:

Գյումրուն նվիրված տարբեր ոճերի ու չափսերի նկարներից ընտրվել է «Իմ հոգու տուն՝ Գյումրի» շարքի կտավներից մեկը՝ «Խոստացած մատաղը»: Այն ընտրվել է ոչ միայն իր չափերի համար. կտավը պետք է մեծ լիներ, որպեսզի հնարավոր լիներ դրա լուսանկարը մեծացնել անհրաժեշտ չափով՝ միաժամանակ պահպանելով որակը: Նկարչուհին իր այս ընտրությամբ շեշտել է նախաձեռնության բարեգործական բնույթը. չէ՞ որ մատաղն առաջին հերթին բարեգործություն է, ողորմության ու գթասրտության պտուղ:

Սուսաննա Մկրտչյանը սիրում է աշխատել շարքերով: Դրանցից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի: Կտավների շարքը շարունակվում է այնքան, մինչև պատմությունը ավարտուն տեսք է ստանում: «Իմ հոգու տուն՝ Գյումրի» շարքը բաղկացած է ավելի քան 100 նկարից, որոնք պատմում են գյումրեցիների կյանքի, առօրյայի և ավանդույթների մասին:

Մի շարքի վրա աշխատում եմ այնքան, մինչև այդ թեման իմ մեջ լիովին սպառվում է: Մի քանի տարի է՝ աշխատում եմ Գյումրուն, Ալեքսանդրապոլին նվիրված շարքի վրա: Շեշտում եմ Ալեքսանդրապոլը, որովհետև Շիրակի մշակույթը հիմնականում զարգացել է քաղաքի ալեքսանդրապոլյան շրջանում:

Ես փորձում  եմ ճշգրիտ պատկերել գյումրեցիների հագուստը, կենցաղը, ավանդույթները: Բարեբախտաբար, գյումրեցու ընտանիքում այդ ավանդույթները դեռ պահպանվել են: Եվ իմ նկարաշարը պատմություն է եկող սերունդների համար: Ես ուզում եմ, որ նրանք էլ ճանաչեն Գյումրին:

Նկարչուհին դժվարացավ հիշել, թե որն է եղել իր առաջին նկարը, սակայն նշեց, որ Գյումրվա պատկերներն առաջինը ստեղծել է գրաֆիկական աշխատանքների տեսքով: Նա գրաֆիկայի է վերածել ողջ Գյումրին իր պատմությամբ ու կենցաղով և մտադիր էր Գյումրու մասին գիրք հրատարակել, որը ձևավորված կլիներ շատերին արդեն հայտնի իր գրաֆիկական աշխատանքներով: Սակայն ֆինանսական խոչընդոտների պատճառով այդ ծրագիրը կյանքի չկոչվեց:

Սուսաննա Մկրտչյանն ստեղծել է իր մեթոդը, իր տեխնիկան, որն անվանել է ռելիեֆային գեղանկարչություն, և ինքն էլ առաջինն է կիրառել այն:

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախագիծը մեծ ոգևորություն է առաջացրել քաղաքում: Մարդիկ շտապում են գնել նկարի կտորները և տեղադրել խճանկարում: Տիկին Սուսաննան առաջիններից է, որ մասնիկներ է գնել և փակցրել՝ համարելով դա հոգու պարտք: Ի դեպ, նկարչուհին կտավը տրամադրել է անհատույց, անշահախնդիր: Նա Գյումրիում է ծնվել է և հայրենի քաղաքն իր հոգու տունն է համարում.

Գյումրին ինձ համար իսկապես հոգու տուն է: Ես հոգուս բոլոր թելերով կապված եմ Գյումրուն. այստեղ են ևիմ հարազատները, և′ իմ թանկ հիշողությունները: Երբեք չեմ մտածել, թե կարող եմ ապրել առանց Գյումրու:

1970 թվականին Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտն ավարտելուց հետո Սուսաննա Մկրտչյանը վերադարձել է Գյումրի և 34 տարի կերպարվեստ է դասավանդել Գյումրու մանկավարժական ինստիտուտում: 1978-ին հիմնադրել է  Գեղագիտության ազգային կենտրոնը, որը գործում է մինչ օրս: Կենտրոնն աշխատել է առանց դադարի, անգամ ամառային արձակուրդներին. տիկին Սուսաննայի խոսքով՝ որպեսզի երեխաները ավելի տպավորիչ և հագեցած անցկացնեն արձակուրդները:

Նկարչուհին համոզված է. ով մեկ անգամ սիրահարվում է Գյումրուն, սիրահարվում է անմնացորդ, և այդ սերը բավականացնում է ողջ կյանքի համար: Իր կտավների հավաքածուն Սուսաննա Մկրտչյանի սիրո յուրահատուկ խոստովանությունն է պաշտելի քաղաքին.

արդիկ բառերով են արտահայտում իրենց զգացմունքները, երգով, ես էլ այս կերպ եմ խոստովանում իմ սերը,- ասում է նկարչուհին և ավելացնում, որ խճանկարի նախաձեռնությունն իրեն շատ է ոգևորել. դա մարդկանց մեկ գաղափարի, մեկ նպատակի շուրջ համախմբելու հետաքրքիր ձև է: Եվ եթե նախագիծը շարունակական լինի, ինքը պատրաստ է կրկին առաջարկել իր նկարներից:

Նշենք, որ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը հանդես է եկել «Տնակից տուն մեկ քայլ է» խորագրով բարեգործական նախաձեռնությամբ, որի նպատակը գյումրեցի մի քանի անօթևան ընտանիքի բնակարանով ապահովելն է։ Գլխավոր խնդիրը խճանկարի կտորները վաճառելն ու ստացված գումարով բնակարան գնելն է։ Խճանկարը փակցված է Գյումրու քաղաքապետարանի շենքի պատին: Մեկ կտորի արժեքը 1.000 դրամ է, ընդհանուր առմամբ նախատեսվում է հավաքել 15 մլն դրամ:

Ի դեպ, խճանկարի առաջին տասը կտորները գնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախագծի հեղինակները հույս ունեն, որ մինչև սեպտեմբերի 21-ը՝ Անկախության տոնը, բոլոր կտորները կվաճառվեն: Վաճառքը կազմակերպվում է ինչպես տեղում՝ Գյումրու քաղաքապետարանի պատի մոտ, որտեղ ամրացված է 6×4 չափի պաստառը, այնպես էլ օն-լայն տաբերակով՝ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի կայքի միջոցով: Սեպտեմբերի 21-ին նախագծի հեղինակները ևս մեկ առաջարկով հանդես կգան: Նույն նկարը վաճառքի կներկայացնեն մանկական խճանկարի տեսքով: Սա հիմնադրամի համար լրացուցիչ ֆինանսական հոսք կապահովի: