Կապանի օդանավակայանի և դրա ենթակառուցվածքների կառուցման և գործարկման աշխատանքների ընթացքը ոչ մի փուլում չի կասեցվել կամ դադարեցվել. «Սյունիքի օդանավակայան» ՍՊԸ տնօրեն։


ArmeniaON, օգոստոսի 30. Կապանի օդանավակայանի շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ասել է «Սյունիքի օդանավակայան» ՍՊԸ տնօրեն Կարեն Վարդանյանը: Նշենք, որ նախապես հայտարարվել էր, որ օդանավակայանը պատրաստ կլինի 2018-ի ամռանը:

«Հայկական ժամանակի» հարցին, թե որն է պատճառը, որ նախապես նշված ժամկետներում՝  2018 թվականի ամռանը, օդանավակայանը դեռ պատրաստ չէր, և արդյոք այստեղ քաղաքական պատճառներ կա՞ն, Վարդանյանը պատասխանել է. «Կապանի օդանավակայանի և դրա ենթակառուցվածքների կառուցման եւ գործարկման աշխատանքների ընթացքը ոչ մի փուլում չի կասեցվել կամ դադարեցվել. շինարարական և հարակից աշխատանքներն ընթանում են ողջ ծավալով և ներկայումս գտնվում են ավարտական փուլում»:

Վարդանյանը նաեւ նշել է, որ թեև առկա վիճակով թռիչքուղին լիովին բավարար էր ներկա ծրագրի շրջանակներում նախատեսված օդանավերի շահագործման համար, իրականացվել է դրա կապիտալ վերանորոգում, ամրացում, ապահովվել է ամբողջովին նոր ծածկույթ, ձևավորվել են անհրաժեշտ ենթակառուցվածքներ:

«Այդ աշխատանքները նպատակաուղղված են ապահովելու անվտանգության եւ հուսալիության բարձր չափանիշների համապատասխանող աերոդրոմի (թռիչքուղու) կառուցումը, ինչը հնարավորություն կտա Կապանի օդանավակայանում ընդունելու ավելի ծանր օդանավեր, ապահովելու տարբեր նպատակներով բեռնափոխադրումների կազմակերպումը: Շինարարական աշխատանքները ավարտական փուլում են»,- ՀԺ-ի հարցմանն ի պատասխան՝ մանրամասնել է «Սյունիքի օդանավակայան» ՍՊԸ տնօրենը: