«Վիկտոր Ցոյի արվեստը հիմնովին փոխեց իմ կյանքը. ես մինչ օրս զբաղվում եմ երաժշտությամբ, ինչի համար շատ ուրախ եմ»:
Another Story խմբի հիմնադիր-մեներգիչ, կիթառահար Արմեն Սարգսյանը, որը հանրությանը հայտնի է Ցոյ մականունով, ArmeniaON-ի հետ զրույցում պատմեց խմբի ստեղծման, գործունեության, ներկա և հետագա նախագծերի, ինչպես նաև տեսահոլովակի մասին, որի պրեմիերան շուտով կկայանա:

ՌՈԶԻ ՍԱՐԳՍՅԱՆ

ArmeniaON, օգօստոսի 30. Another Story-ն 2019 թ. նոյեմբերի 15-ին կդառնա 12 տարեկան: Խումբը ստեղծվել է 2007 թվականին: Արմեն – Ցոյ Սարգսյանը նշում է, որ ստեղծագործական գործունեության ողջ ընթացքում խմբի գործունեությունը դադարեցնելու մասին երբեք չեն մտածել: Այն միշտ գործել է և համերգներով ներկայացել իր հանդիսատեսին:


Խմբի անվանումը որոշել ենք երաժիշտներով, սակայն առաջարկն իմն է եղել: Ունենք մեծ քանակությամբ արխիվային նյութեր՝ մոտ 130-140 DVD արխիվացիոն դարան: Another Story-ն նաև գիրք ունի իր մասին, որտեղ ներկայացված է խմբի ողջ պատմությունն ու գործունեությունը: Կարծում եմ՝ խմբի անվանումը ճիշտ է ընտրված, քանի որ սա այլ պատմություն է, բոլորովին նման չէ մյուսներին: Մենք դեռ շատ պատմություններ ունենք բացահայտելու, պատմելու, և հայկական ռոք երաժշտության մեջ մեր պատմությունն անպայման թողնելու ենք:


Երգիչը նշում է, որ երաժշտությամբ սկսել է զբաղվել 2000 թվականի մայիսից: Հանդիպելով երաժիշտ տղաների՝ հենց այդ օրն էլ հասկացել է, որ ուզում է ստեղծագործել:

Տղաներից մեկը՝ Սևիյան Ռոման, ինձ սովորեցրեց կիթառ նվագել: Տարբեր երգեր էինք փորձում, այդ թվում՝ Վիկտոր Ցոյի երգերից: Մի շարք խմբերի ձայնագրություններ տվեց, որ լսեմ: Դրանք լսելիս ես հասկացա, որ ուզում եմ խորանալ «Կինո» խմբի և Ցոյի արվեստի մեջ: Առաջին երգը, որ սովորել եմ, «Звезда по имени солнце» երգն էր: Այն շատ լավ տպավորվեց իմ մեջ:

Պատմում է, որ երաժշտական գործունեության սկզբում, երբ նվագում ու երգում էր, ձայնը կարծես ցածր էր հնչում, իսկ կիթառն ավելի բարձր, ինչը միգուցե ամաչկոտությունից էր գալիս:

– Ձայնս Վիկտոր Ցոյի ձայնի նման էր ստացվում, ինչն էլ առիթ դարձավ, որ հետագայում հենց իր երգերը երգեմ:

Արմենը լեգենդին է նմանեցրել թե՛ իր ձայնը, թե՛ սանրվածքը, թե՛ հագուստի ոճը, թե՛ ժեստերը: Երևանում խումբը ճանաչվել է Վիկտոր Ցոյի երգերով և երգչի յուրահատուկ կերպարով:

Երաժիշտ ընկերներն էլ անունը կնքել են Ցոյ, որը երգիչը կրում է մինչ այսօր մեծ հպարտությամբ: Խումբը համերգներին միշտ հանդես է գալիս կենդանի երաժշտությամբ:


Եղել են կոնֆլիկտներ, տարբեր հարցերի շուրջ բախումներ: Խնդիրները քննարկվել են, շտկվել: Եթե այդպես չլիներ, կարծում եմ, խումբը տեղում կդոփեր: Սակայն մենք լուծումներ գտնելով առաջ ենք շարժվել: Խմբում երաժիշտներ են եղել, որոնք չեն համակերպվել մեզ հետ, կամ մենք նրանց չենք համակերպվել: Another Story-ի կազմը տարիների ընթացքում փոփոխության է ենթարկվել: Ներկա պահին խումբն ունի լիարժեք ձևավորված կազմ: Վերջին 1.5 տարվա ընթացքում խմբում փոփոխություններ չեն եղել:

Այժմ այնտեղ ստեղծագործում են՝ Արմեն-Ցոյ Սարգսյանը՝ երգիչ, ակուստիկ կիթառահար, սոլո կիթառը նվագում է հայտնի «Միներալ» խմբի վոկալիստ և կիթառահար Լևոն Հայրապետյանը, ստեղնաշարային գործիքներ նվագում է կրկին «Միներալ» խմբից Սպարիկ Սարգսյանը, բաս-կիթառահարը Վասիլի Գևորգյանն է, հարվածային գործիքներ նվագում է Արմեն Ավետիսյանը: Խմբի ֆլեյտահարը Արտակ Ղազարյանն է, ջութակահարը՝ Արթուր Մարտիրոսյանը:

Համերգներով հիմնականում հանդես են գալիս Երևանում: Արտերկրից ևս եղել են առաջարկներ, սակայն որոշ խանգարող հանգամանքների պատճառով երաժիշտները մերժել են: Համերգներ ունեցել են նաև Հայաստանի այլ քաղաքներում:

Համերգներ են ունենում նաև փոքր ակումբներում: Այդ դեպքում հանդես են գալիս երկու- երեք հոգով:

Արմեն Սարգսյանը նշում է, որ սեպտեմբերին պատրաստվում են ներկայացնել նոր տեսահոլովակ և նոր ձայնագրություն: Խոսքը բոլորի կողմից սիրված և շատ հայտնի «Թե աչերս քեզ որոնեն» երգի մասին է, որը հայտնի է Հարութ Փամբուկչյանի և Լևոն Սևանի կատարմամբ: Իրենց տարբերակով են մատուցելու, նորովի, խմբի անվանը բնորոշ: Համերգները միշտ եզրափակում են հենց այս երգով, քանի որ լսարանը երգի այս տարբերակը շատ է սիրում: Երգը ձայնագրել են «Շարմ հոլդինգում»: Տեսահոլովակի նկարահանումներն իրականացրել է Galstyan Production-ը, որի հետ  առաջին անգամը չէ, որ համագործակցում է խումբը:


Այս աշնանը նախատեսում են հեղինակային երգերի նոր ծրագիր մշակել: Մտադիր են նաև հանրությանը ներկայանալ հայկական լավագույն երգերի իրենց տարբերակներով:

– Ես համարում եմ ինձ ռուսական ռոքի երաժիշտ: Ռոքի տարբեր ժանրերում փորձել եմ հանդես գալ, բայց մեր երաժշտական ուղղությունը այլընտրանքային ֆոլկ ռոքն է և ռուսական ռոքը:

Պրեմիերայից բացի, ունեն մի շարք այլ ծրագրեր ու նպատակներ: Դադար չի լինելու: 2020 թ. նախատեսվում է հեղինակային նոր ալբոմ և տեսահոլովակներ:

Շնորհակալ եմ մեր լսարանին, որ մեզ հետ է: Ջերմ խոսքերի և մեր բոլոր համերգներին ներկա գտնվելու համար ևս շնորհակալություն եմ հայտնում նրանց: Այդ ժամանակ հասկանում ես, որ իզուր չէ խմբի գործունեությունը: Նրանց շնորհիվ է, որ խումբը կա: Իսկ այն ընթերցողին, որը խմբի մասին առաջին անգամ է լսում, կոչ եմ անում ուսումնասիրել մեր գործունեությունն ու ծանոթանալ մեր արվեստին: Վստահ եմ, որ այնտեղ կգտնեք նաև ձեզ հոգեհարազատ երաժշտության տարրեր: