«Ստեղծիր քո ամառային ոճը» խորագրով նորաձևության ցուցադրությանը «Լիլիթ» ամառային դպրոցի սաները ներկայացրին իրենց մոդելավորած զգեստներն ու աքսեսուարները։

ՄԵՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ

ArmeniaON, սեպտեմբերի 1. Դիզայներ Լիլիթ Մարգարյանը երկու տասնամյակից ավելի է, ինչ աշխատում է նորաձևության ոլորտում: Այդ ընթացքում նա ձևավորել է իր ուրույն ձեռագիրը և ստեղծել նորաձևության իր դպրոցը:

 – Իմ աշակերտները միշտ մեծերն են եղել՝ 16 տարեկանից մինչև 40 և ավելի, սակայն այս անգամ աննախադեպ որոշում ընդունեցի՝ աշխատել երեխաների հետ: Կարծում եմ, սա աննախադեպ ցուցադրություն է, որտեղ 6-13 տարեկան աղջիկները ներկայանում են իրենց ձեռքերով պատրաստած հագուստներով: Առաջին անգամ է, որ երեխաներն ինքնուրույն ստեղծում են իրենց ամառային ոճը,- ArmeniaONի հետ զրույցի ժամանակ ասաց դիզայները և ուրախությամբ ավելացրեց, որ ամառային դպրոց ստեղծելու իր և իր նախկին շրջանավարտ Ամալյա Պետրոսյանի գաղափարը սիրով ընդունվեց և «կայծակնային» արագությամբ իրենց շուրջը համախմբեց բազմաթիվ մարդկանց:

Երկու ամսվա ուսուցումից հետո նրանց սաներն ստեղծել են շուրջ 400 նմուշ, այդ թվում՝ գլխարկներ, դիմակներ, պայուսակներ, գլխազարդեր, կրծքազարդեր, բատիկա, ֆլորիստիկա, կիսաշրջազգեստ: Ցուցադրությանը ներկայացված են 40 սանի աշխատանքներ: Աշակերտների շարքում աղջիկներ կային նաև ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Կանադայից, Հոլանդիայից և Ռուսաստանից, որոնք, սակայն, հնարավորություն չեն ունեցել մասնակցելու ցուցադրությանը:

Ցուցադրությունն ապացուցեց, որ մենք ունենք խոստումնալից սերունդ: Մեր երեխաներն իսկապես ստեղծագործող են ու տաղանդավոր, իսկ նրանց ծնողները նվիրյալներ են, որոնք ոչինչ չեն խնայում իրենց երեխաների համար:

Ամալյա Պետրոսյանը, որն զբաղվել է այս նախաձեռնության կազմակերպչական աշխատանքներով, ասաց, որ իսկապես բարդ է կարճ ժամանակահատվածում նման արդյունքի հասնելը.

Չկա մի ասպարեզ կամ աշխատանք, որտեղ դժվարություններ չլինեն: Երեխաների էներգիան էր, որ օգնեց մեզ հաղթահարելու բոլոր խնդիրները և արագ լուծել դրանք: Իսկ Լիլիթից, որը քայլող բարություն է, անվերջ կարելի է սովորել: Նա յուրահատուկ է թեորպես կին, թեորպես մարդ և ստեղծագործող:

Մարիամ Սվասյանը նույնպես նորաձևության դպրոցի շրջանավարտ է և դասավանդում է այստեղ: Նա համոզված է, որ ցուցահանդեսի մասնակից աղջիկները հետագայում մեծ հաջողությունների կհասնեն, իսկ դպրոցում ձևավորված ավանդույթը՝ ուրախանալ միմյանց հաջողություններով, շարունակական կլինի:

Լիլիթ Մարգարյանը շատ է կարևորում մանկավարժի դերը: Նա վստահ է, որ «չկա դժվար մասնագիտություն, կան վատ մանկավարժներ»: Եվ իրոք, ուսուցման երկու ամիսները հմուտ մանկավարժների շնորհիվ անցան սիրո, ջերմության, բարության մթնոլորտում, իսկ արդյունքն ակնհայտ էր ամենքի համար:

Երեխաների, ծնողների և իր անունից Լիլիթ Մարգարյանը շնորհակալագրեր հանձնեց մանկավարժներ Ամալյա Պետրոսյանին, Մարիամ Սվասյանին, Մարգարիտա Մաղաքյանին, Սոնա Հակոբյանին, Վերգինե Մկրտչյանին, ինչպես նաև «Ֆենիքս» գրախանութի տնօրեն Գևորգ Եսայանին՝ ներկեր, նյութեր և նկարչության այլ պարագաներ տրամադրելու համար:

Նշենք, որ «Լիլիթ» ամառային դպրոցին սեպտեմբերի 16-ից կփոխարինի «Չորս եղանակ» եռամսյա ծրագիրը: