Իտալական «Ռոման» և Լոնդոնի «Արսենալը» անցած գիշեր համաձայնեցրել են պայմանագիրը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի մասին: 

ArmeniaON, սեպտեմբերի 2. Իսկ այսօր արդեն Հենրիխ Մխիթարյանը ժամանել է Հռոմի օդանավակայան: «Արմենպրեսի» փոխանցմամբ` Pagineromaniste-ն հայտնում է, որ հայ կիսապաշտպանը բուժզննումը բարեհաջող անցնելուց հետո կմիանա «Ռոմային»: Իտալական ակումբը հայ ֆուտբոլիստին վարձակալել է մեկ տարի ժամկետով, որից հետո միայն «Ռոման» ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերն «Արսենալից» գնելու իրավունք կստանա:  Ֆուտբոլիստը Հռոմում մեկ մրցաշրջանի համար կստանա ավելի քան 3.5 մլն եվրո:

👋 Henrikh Mkhitaryan 👋

Posted by AS Roma on Monday, 2 September 2019

Մխիթարյանը 2018 թվականի հունվարից հանդես էր գալիս լոնդոնյան «Արսենալ» թիմում, որտեղ տեղափոխվել էր «Մանչեսթեր Յունայթեդից»: «Արսենալի» կազմում, ընդհանուր առմամբ, 59 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 9 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ:

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանն ԱՊԼ-ում «Արսենալի» 4 խաղից մասնակցել է 3-ին և միայն մեկում է դաշտ դուրս եկել մեկնարկային րոպեներից:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Հռոմի օդանավակայանում դիմավորել են բազմաթիվ լրագրողներ:

Լրագրողներից մեկը Մխիթարյանին հարցրել է. «Երջանի՞կ եք այստեղ լինելու համար»: Ի պատասխան՝ Մխիթարյանն ասել է. «Ես երջանիկ եմ»:

Իսկ իտալական «Ռոմա» ակումբը ֆեյսբուքյան պաշտոնական էջի միջոցով ողջունել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին՝ հայ ֆուտբոլիստի մասնակցությամբ լուսանկարներ հրապարակելով: Լուսանկարներում Մխիթարյանը կրում է իտալական ակումբի շարֆը: