ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասել է, որ հանրապետությունում արյան պաշարի խնդիր չկա, խնդիրն այն փնտրելն ու գտնելն է:

ArmeniaON, սեպտեմբերի 3. Արյան պաշարների ճիշտ բաշխման նպատակով նախարարությունը նախատեսում է ստեղծել արյան պաշարների կենտրոնացված ռեեստր, ինչպես նաև ձևավորել բաշխման համակարգ: Այս մասին հաղորդում է armenpress.am-ը:

Համացանցում հայտարարություններ տարածելով անհրաժեշտ խմբի արյուն փնտրելը Թորոսյանը համարում է անթույլատրելի:

«Այս քայլին ենք գնում, քանի որ սոցիալական ցանցերում նկատել ենք՝ քաղաքացիները հաճախ գրում են իրենց X քանակությամբ արյան անհրաժեշտ լինելու մասին: Մենք դա համարում ենք ոչ ճիշտ և անթույլատրելի: Այս դեպքում քաղաքացին զերծ կլինի նմանատիպ գործերի խառնվելուց»,- նշել է նախարարը:

Համակարգի ձևավորումից հետո այն հասանելի կլինի հիվանդանոցների պատասխանատուների համար, և արյան կարիքի դեպքում նրանք անձամբ կարող են գնալ և արյունը ստանալ:

«Հիվանդանոցից կարող է բժիշկը գնալ այդ կենտրոն և վերցնել արյունը կամ պատվիրել կենտրոնացված ռեեստրում, որտեղ կա տվյալ արյունը: Այս դեպքում կբարձրացվի ծառայությունների որակը՝ քաղաքացին սեփական մեքենայով չի տեղափոխի անհրաժեշտ արյունը, ինչպես նաև կավելանա փնտրելու արագությունը»,- ասել է ՀՀ առողջապահության նախարարը: