ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը ՀՀ Ազգային ժողով է ներկայացրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ:

ArmeniaON, սեպտեմբերի 3. ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը այսօր հրավիրված նիստի ընթացքում դրական եզրակացություն է տվել նախագծին, որով նաև առաջարկվում է գրպանահատությունը մասնավոր մեղադրանքից տեղափոխել հանրային մեղադրանքի տիրույթ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը:

«Նախագծով առաջարկվում է գրպանահատության դեպքերը մասնավոր մեղադրանքի տիրույթից, այսինքն` այն դեպքում, երբ քրեական վարույթ հարուցվում էր բացառապես տուժողի բողոքի հիման վրա, տեղափոխել հանրային մեղադրանքի տիրույթ: Այսինքն` այս դեպքում բնավ պարտադիր չէ, որ տուժողի բողոքն առկա լինի»,- ասաց Վարդապետյանը:

Նախագծի հեղինակները վստահ են, որ այս փոփոխության շնորհիվ կբարձրանա գողության տարբեր տեսակների դեմ պայքարի արդյունավետությունը, դրանց համար նշանակվող պատիժները կլինեն համարժեք, ինչպես նաև կվերանա ստեղծված անպատժելիության մթնոլորտը: