«Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագծի մասնակիցների անուններն արդեն հայտնի են: Այդ մասին տեղեկացնում են Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից:

ArmeniON, սեպտեմբերի 3. 2019թ. նոյեմբերի 24-ին Լեհաստանի Գլիվիցե քաղաքում կանցկացվի 17-րդ «Մանկական Եվրատեսիլը»: Հայաստանի ներկայացուցչին ընտրելու համար Հանրային հեռուստաընկերությունը ամիսներ առաջ հայտարարել էր «Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագծի երկրորդ եթերաշրջանի մեկնարկի մասին: Այդ ընթացքում ստեղծագործական խումբը տասնյակ հայտեր է ստացել ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից:

Լսումների արդյունքում ընտրվել է 10 մասնակից, որոնք կմրցեն «Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլում:

Եզրափակիչ փուլ են անցել՝ Անիշոկը, Անի Աթայանը, Անահիտ Առաքելյանը, Վարդան Մարգարյանը, Ռոբերտ Բագրատյանը, Ռոզա Էլոյանը, Էմիլի Հովհաննիսյանը, Անժելա Ալբերտյանը, Նարեկ Մարկոսյանը և Կարինա Իգնատյանը:

Թե նրանցից ով կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում», պարզ կդառնա միջազգային ժյուրիի, երեխաների ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում:

Նախագծի եզրափակիչ փուլը կհեռարձակվի Առաջին ալիքի ուղիղ եթերում 2019 թ. սեպտեմբերի 15-ին։ Մասնակիցների մրցութային երգերը սեպտեմբերի 3-ից կհրապարակվեն նախագծի յութուբյան էջում:

Նշենք, որ այս անգամ մրցույթին կմասնակցի եվրոպական 19 երկիր, իսկ մրցույթը կանցկացվի «Share the Joy» խորագրի ներքո:

aravot.am