Սեպտեմբերի 3-ին ԽնկոԱպոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ Աղավնի Գրիգորյանի «Հեքիաթն ապրում է // Գիշերվա պահապանները» գրքի շնորհանդեսը:

ՄԵՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ

ArmeniaON, սեպտեմբերի 4. Գրող, թարգմանիչ Աղավնի Գրիգորյանին հեքիաթն ուղեկցել է ողջ կյանքի ընթացքում: Իր կյանքի առաջին հեքիաթը նա նկարել է չորս տարեկանում, երբ հաճախում էր մանկապարտեզ, իսկ Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում սովորելու տարիներին հեքիաթ է «պատմել» երաժշտության միջոցով: Հետո նրա հեքիաթները հնչել են «Շողակաթ» հեռուստաընկերության «Բարի գիշեր, երեխաներ» հաղորդման ժամանակ:

«Հեքիաթն ապրում է // Գիշերվա պահապանները» ժողովածուն հեղինակի երկրորդ գիրքն է և առաջին փորձը հեքիաթի ժանրում: Առաջին գիրքը՝ «Դիմակահանդեսը»,  լույս է տեսել 2016-ին: Նոր ժողովածուն ամփոփում է գրողի վերջին երեք տարվա ստեղծագործությունները: Այն երկու մասից է բաղկացած, ինչը օգտագործելով՝ գիրքը երկկողմանի է ձևավորվել, որտեղից էլ հենց սկսվում է հեքիաթը: Սա գիրք է, որը կարող եք բացել՝ որ կողմից էլ ցանկանաք. մի դեպքում «Հեքիաթն ապրում է» խորագիրն է, մյուս դեպքում՝ «Գիշերվա պահապանները»: Մեկ գրքի մեջ երկու «ենթագիրք» ներառելով՝ Աղավնի Գրիգորյանը փորձել է ասել, որ հեքիաթը մարդուն ուղեկցում է անդադար՝ գիշեր թե ցերեկ, ողջ կյանքի ընթացքում: ArmeniON-ի հետ զրույցում հեղինակը նշեց, որ իր հեքիաթները թե՛ փոքրերի համար են, թե՛ մեծերի:

-Ես անձնավորել եմ տարբեր կենդանիների և իրենց լեզվով ներկայացնում եմ տարբեր իրավիճակներ: Այս կերպարների նախատիպերը կարող են լինել սովորական, առօրյայում մեզ հանդիպող մարդիկ, մեր ընկերները: Կենդանիների կերպարները զուտ փոխաբերական իմաստ են արտահայտում: Դրանք միջոց են՝ ներկայացնելու կյանքի կարևոր երևույթները: Մի դեպքում դա անդրադարձ է ընկերության գաղափարին, մյուս դեպքում՝ մտորումներ են ակնթարթայինի ու հավերժականի մասին:

Հեղինակն անդրադարձավ գրքում տեղ գտած հեքիաթներին, ներկայացրեց այն գաղափարները, որոնք արծարծվում են դրանցում: Առաջին հեքիաթը փոքրիկ պատմություն է բալի մասին, որը փնտրում է կյանքի իմաստը և, ի վերջո, գտնում է այն: Հեքիաթներից մեկի ոգեշնչման աղբյուր է եղել իր տանն ապրող նապաստակը, որի թաթը կոտրվել էր, և հեղինակը, իրեն մեղավոր զգալով, մի հեքիաթ է նվիրել նրան: «Կնքմայրը» հեքիաթի հերոսները կատուն և շունն են, որոնք սիրում են միմյանց: Կնքամայրը կատուն է, որն իր իմաստուն խորհուրդներով օգնում է փոքրիկ շնիկին կայանալու կյանքում:

Ավանդական հեքիաթներին բնորոշ «բանաձևերը» հանդիպում ենք նաև Աղավնի Գրիգորյանի հեքիաթներում՝ «Կար-չկար», «Լինում է, չի լինում», «Ժուկով-ժամանակով»… Սակայն այստեղ դրանք «հեքիաթասաց մոգեր» են, որոնք փորձում են գտնել դեպի հեքիաթների աշխարհ տանող ուղին: Հեղինակը գտել է այն «բանալին», որը կբացի դեպի կախարդական հեքիաթ տանող ճանապարհը և առաջարկում է բոլորին գնալ այդ ճանապարհով:

Նոր սերնդի հետաքրքրությունները բավարարելու նպատակով Աղավնին նաև ժամանակակից հեքիաթներ է գրել ինստագրամի, յութուբի և սելֆիների մասին:

Երկրորդ գրքի հեքիաթները փոքր-ինչ տարբերվում են իրենց ոճով: Դրանք փոքր պատմություններ են գիշերվա մասին: Այստեղ կերպարները գիշերային են՝ լուսատուներ, լուսին, աստղեր… Այս «ենթագրքում» հեղինակն արտահայտել է այն գաղափարը, որ ցանկացած պարագայում պետք է հավատալ հրաշքների, որովհետև հրաշքները մի օր կատարվում են:

«Հեքիաթն ապրում է // Գիշերվա պահապանները» ժողովածուն հրատարակվել է «Մագաղաթ» հրատարակչության կողմից: Գրքի խմբագիր Սևակ Ղազարյանը, ներկայացնելով գիրքը, ասաց.

– Այստեղ կա և′ հումոր, և′ շատ հետաքրքիր դինամիկ սյուժե, նաև փիլիսոփայություն հատկապես երկրորդ՝ «գիշերային» բաժնում: Թեկուզ հեռավոր կերպով, սակայն հեղինակի ոճը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ Իշխանին» է հիշեցնում, իհարկե՝ բոլորովին այլ՝ Աղավնի Գրիգորյանի ոճով»:

Շնորհանդեսի ընթացքում Ս. Բարխուդարյանի անվան թիվ 2 արվեստի դպրոցի աշակերտները հատվածներ ընթերցեցին գրքից: Հնչեցին նաև երաժշտական կատարումներ:

«Մագաղաթ» հրատարակչության տնօրեն Ռուզաննա Կնյազյանը շնորհակալական խոսք հղեց Աղավնի Գրիգորյանին և հրատարակչության կողմից անակնկալ նվեր մատուցեց նրան:

Այժմ Աղավնի Գրիգորյանն ապրում և ստեղծագործում է Իսպանիայում, սակայն մինչ այնտեղ հաստատվելը քսան տարի աշխատել է Երևանի Սարգիս Բարխուդարյանի անվան արվեստի դպրոցում: Աշխատանքային վերջին յոթ տարվա ընթացքում բեմադրել է երաժշտական մյուզիքլներ, գրել կամ մշակել է դրանց տեքստերը: Ինչպես իր խոսքում նշեց հեղինակը՝ «իր կյանքի տարբեր կանգառները գումարվել են, և ծնվել է հեքիաթների այս ժողովածուն»: Գրողի հորդորն է մարդկանց՝ ապրել սրտով, լինել բարի և հավատալ հրաշքների: