Սեպտեմբերի 7-ին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կազմակերպվեց «Մանարյանական «Անհաղթ աքլորը»՝ 40 տարեկան» խորագիրը կրող բացառիկ ցուցադրություն, որտեղ ներկայացվեցին Երվանդ Մանարյանի՝ տիկնիկային արվեստի ասպարեզում ունեցած գործունեությանը նվիրված արխիվային լուսանկարներ:

ՄԵՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ

ArmeniaON, սեպտեմբերի 7. Ցուցադրությունը կազմակերպվել է ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր, սցենարիստ Երվանդ Մանարյանի ծննդյան 95, Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի «Անհաղթ աքլորը» ներկայացման 40 և Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանների կապակցությամբ:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի խոսքով՝ այս ներկայացումը շրջադարձային է եղել թատրոնի պատմության մեջ, այն թատրոնին հնարավորություն է տվել ներկայանալու աշխարհին.

– «Անհաղթ աքլորը» ներկայացումը մասնակցել է բազմաթիվ փառատոների, ստացել բազմաթիվ մրցանակներ ևորպես լավագույն ներկայացում, և′ լավագույն ռեժիսուրայի ու լավագույն նկարչական ձևավորման համար: Ներկայացումը շրջադարձային է եղել տիկնիկային արվեստի աշխարհում՝ նոր խոսք, նոր ձև է բերել: Ներկայացման իրական արժեքը մենք երևի թե գիտակցեցինք, երբ այն լայն տարածում գտավ ողջ աշխարհում. այն ազգային է, սակայն զարմանալիորեն նաև համամարդկային:

Ռուբեն Բաբայանի կարծիքով, ներկայացումը միշտ ժամանակակից է և պահանջված, որովհետև բեմադրված է թատերական սկզբունքով և մեծ տեղ է տրված սիմվոլիզացիային:

Ցուցադրությանը ներկայացված էր «Անհաղթ աքլորը» հեքիաթի բեմադրության անցած ճանապարհը և շլացուցիչ հաջողությունը: Ամիսներ տևած նախապատրաստական աշխատանքների արդյունքում առանձնացվել են երկու տասնյակից ավելի լուսանկարներ ներկայացումներից և փորձերից: Ցուցահանդեսի կազմակերպման գործում մեծ է հատկապես Երվանդ Մանարյանի թոռան՝ «Փոփոխությունների թատրոնի» գործադիր և ստեղծագործական տնօրեն Հայկ Սեկոյանի դերը:

Միակ բանը, որ ինձ այսօր տխրեցնում է, այն է, որ առողջական խնդիրների պատճառով որևէ կերպ հնարավոր չէր պապիս՝ Երվանդ Մանարյանի ներկայությունը: Սակայն ցուցադրությունից օրեր առաջ պապիկին խնդրեցի մի պարզ հարցի պատասխանել. ո՞րն է, ի վերջո, «Անհաղթ աքլորը» ներկայացման հաջողության և երկարակեցության գաղտնիքը:

 Վարպետի պատասխանը հուզեց ներկաներին:

Անհաղթ աքլորը» ներկայացման հաջողության գաղտնիքը հենց այն է,- ասել է նա,– որ շատ էր համապատասխանում ժամանակի ոգուն, հայ ազգի ժամանակի ոգուն: Ընդհանրապես, ցանկացած ստեղծագործության հաջողություն պայմանավորված է նրանով, թե ինչքանով է տվյալ ստեղծագործությունը համապատասխանում ժամանակի ոգուն: Այդ գործը բացառիկ հաջողություն ունեցավ, քանի որ ստեղծվել է հայ ազգի համար ամենաճգնաժամային ժամանակաշրջանում: Ինչ ուզում եք արեք, մեկ է, մանկական հեքիաթն իր գործն անելու է, իր հաջողության հետևից գնալու է:

Անձնավորություն, որն ապրում և շնչում է միայ հոգևորով, մշակույթով և իհարկե՝ մեծ հայրենասիրությամբ. այսպես բնորոշեց վարպետին Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային կազմակերպության «Յունիմա-Հայաստան» կենտրոնի նախագահ Արմեն Սաֆարյանը: Նա պատմեց, թե ինչպես Երվանդ Մանարյանը 1991 թվականին հիմնեց միությունը.

– Երվանդ Մանարյանը 1991 թվականին Ռուբեն Բաբայանին և ինձ հրավիրեց իր տուն: Ասաց, որ պետք է միություն ստեղծել: Այսօր այդ միությունը գործում է Երվանդ Մանարյանի պատգամով և օրհնությամբ: Մենք 14 տարի միջազգային փառատոն ենք կազմակերպում Դսեղում: Նրա ուղերձն է, որ փառատոնը միշտ Դսեղում անցկացվի:

Երևանի պետական տիկնիկային թատրոնի վաստակավոր դերասան Դերենիկ Մարտիրոսյանը «Յունիմա-Հայաստան» կազմակերպության կողմից Վարպետին ուղղված շնորհավորական ուղերձ հանձնեց նրա թոռանը և ընթերցեց արվեստաբանների, մշակույթի գործիչների կարծիքներն ու հիացմունքի խոսքերը «Անհաղթ աքլորը» ներկայացման մասին:

Ներկայացումն առ այսօր թատրոնի խաղացանկում է: Արդեն 40 տարի աքլորի դերակատարը Դերենիկ Մարտիրոսյանն է, գանձապետինը՝ Արա Հակոբյանը:

Հիշեցնենք, որ հետաքրքրվողները կարող են ցուցադրությունը դիտել Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում՝ սեպտեմբերի 7-ից հոկտեմբերի 1-ը։

Նշենք, որ սեպտեմբերի 7-ին մեկնարկեց նաև Տիկնիկային թատրոնի նոր թատերաշրջանի բացումը: Այս թատերաշրջանը կնշանավորվի նրանով, որ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակի առթիվ յուրաքանչյուր շաբաթ և կիրակի կցուցադրվեն Թումանյանի հեքիաթների հիման վրա բեմադրված ներկայացումներ: