Սեպտեմբերի 20-ին «Օպերա Սյուիթ» հյուրանոցի «Սինատրա» սրահում տեղի ունեցավ «Զուլալի» ֆիլմի նախագծի շնորհանդեսը: Նարինե Աբգարյանի «Զուլալի» պատմվածքը հեղինակի ստեղծագործությունների անդրանիկ էկրանավորումն է լինելու:

 ՄԵՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ

ArmeniaON, սեպտեմբերի 21. «Զուլալի» ֆիլմի աշխատանքային թիմը համոզված է, որ ֆիլմի մասին պետք է խոսել նախաձեռնության առաջին օրվանից՝ կազմակերպել շնորհանդեսներ, ներկայացնել տարբեր հարթակներում, որպեսզի մինչ ֆիլմի պրեմիերայի օրը հանդիսատեսն իմանա, թե ո՛ւր է եկել, ինչի համար և ինչ է ուզում տեսնել:

Ֆիլմն իր շուրջն է համախմբել մի խումբ տաղանդավոր, արվեստին նվիրված և պրոֆեսիոնալ մարդկանց: Ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Արսեն Իսկանդարյանը, որը երեսուն տարի բնակվում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որոշել է վերադառնալ հայրենիք և այստեղ շարունակել իր գործունեությունը: «Զուլալին» կլինի նրա երկրորդ մուտքը կինո:

– Մենք հնարավորություն ունեցանք էկրանավորելու Նարինե Աբգարյանի «Զուլալի» պատմվածքը, ինչի համար շատ ուրախ եմ: Հուսով եմ, որ մեր թիմի աշխատանքի շնորհիվ կստեղծվի հիանալի ֆիլմ: Հայաստանում ֆիլմ ստեղծելու գործընթացը հետաքրքիր է. կարճ ժամանակում բոլորն ընկերանում են, սիրում միմյանց, օգնում… Ընդ որում, ոչ միայն թիմի անդամները, այլև նրանց հարազատները, հարևանները և բոլոր ծանոթները: Այս դեպքում նույնպես, համոզված եմ, Հայկ Օրդյանին ողջ գյուղն է օգնում,- ասաց Արսեն Իսկանդարյանը՝ ավելացնելով, որ այս նախագիծը բաց է համագործակցության համար: Նա համոզված է. ով ցանկություն կհայտնի լինելու այս հիանալի նախագծի մասնիկը, հետագայում հպարտանալու է ֆիլմի լուսագրերում տեսնելով իր անունը կամ կազմակերպության տարբերանշանը:

«Զուլալիի» բեմադրող ռեժիսորը Հայկ Օրդյանն է: Նա նկարահանել է 45 ֆիլմ, մասնակցել այնպիսի բարձրարժեք ֆիլմերի ստեղծմանը, ինչպիսիք են, օրինակ, «Կինոպոետը. Արտավազդ Փելեշյան» փաստագրական ֆիլմը (ի դեպ, Վարպետը նույնպես ներկա էր «Զուլալի» ֆիլմի նախագծի շնորհանդեսին), «Մաեստրո Մանսուրյանը», որի գլխավոր պրոդյուսերն է:

Չնայած իր անցած հարուստ ճանապարհին՝ ռեժիսորը միշտ խուսափել է խոսել ֆիլմի մասին էկրան բարձրանալուց առաջ: Այս առումով «Զուլալին» բացառություն է:

Մեր խառնիճաղանջ ժամանակներում մարդուն հավատալը մի քիչ բարդ է: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել երկու հոգու, որոնք հավատացին ինձ: Առաջինը Նարինե Աբգարյանն է, որ ինձ թույլ տվեց աշխատել մի նյութի վրա, որն իր համար շատ կարևոր է: Երկրորդը, որին շնորհակալ եմ, Արսեն Իսկանդարյանն է: Արսենի հետ շատ կարճ շփումից հետո երկուսս էլ հասկացանք, որ կարող ենք ոչ միայն միասին աշխատել, այլև ընկերություն անել, իսկ որ ամենակարևորն է պրոդյուսերի և ռեժիսորի համար՝ մտածել մեկ ուղղությամբ: Կարծում եմ՝ մեզ երկար տարիների համագործակցություն է սպասվում: Տա Աստված, որ «Զուլալին» այն «ծիծեռնակը» լինի, որով մենք պիտի սկսենք մեր երկար ճանապարհը,- ասաց ռեժիսոր Հայկ Օրդյանը:

Նա շնորհակալություն հայտնեց նաև ողջ ստեղծագործական թիմին և ներկայացրեց այն մարդկանց, որոնք այդ թիմի հիմքում են և իր երկար տարիների ընկերներն ու համախոհներն են՝ բեմադրող օպերատոր Արման Օրդյան, բեմադրող նկարիչ Տիգրան Ասատուրով, որը հատուկ այս նախագծի համար է եկել Մոսկվայից, սցենարի հեղինակ Աստղիկ Սիմոնյան։ Հայկ Օրդյանի կարծիքով, այն փորձը, որ ունի նրանցից յուրաքանչյուրը, թույլ է տալիս ենթադրել, որ ֆիլմը հաջողություն կունենա և արժանի կլինի Նարինե Աբգարյանի ստեղծագործությանը:

Նարինե Աբգարյանը երբեք չի մտածել, որ «Զուլալին» մի օր ֆիլմ կդառնա:

– Երբ իմացա, որ Հայկն ուզում է «Զուլալին» նկարահանել, ասացի, որ չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է նման պատմությունը ֆիլմ դարձնել: Հետո հասկացա, որ Հայկը չի սիրում հեշտ ճանապարհով գնալ: Հիմա արդեն համոզված եմ, որ ամեն ինչ լավ կստացվի: Ինձ համար կարևոր է, որ ռեժիսորը լինի հայ, պրոդյուսերը լինի հայ, որովհետև այս պատմությունը հայկական է, և կարևոր է, որ այն նկարահանեն մարդիկ, որոնք ծնվել են Հայաստանում, ծանոթ են մեր ժողովրդի  նիստուկացին, մեր ավանդույթներին, խոհանոցին: Ես երբեք չեմ երազել գրող դառնալու մասին, երբեք չեմ պատկերացրել, որ իմ պատմվածքները երբևիցե բեմականացվելու են կամ ֆիլմ են դառնալու: Ես պարզապես երջանիկ մարդ եմ և շնորհակալ եմ բոլորին, ովքեր այս նախագծում են. միասին եփվում ենք, տառապում, և բոլորս ենք համոզված, որ ամեն ինչ լավ է լինելու,- ասաց Նարինե Աբգարյանը:

Ֆիլմի գլխավոր դերակատարը դերասանուհի, հաղորդավար Հերմինե Ստեփանյանն է: Նա կերտելու է Զուլալիի կերպարը: Ռեժիսոր Հայկ Օրդյանի խոսքով, եթե չգտներ Հերմինեին, «Զուլալի» ֆիլմը գուցե չնկարվեր: Երիտասարդ դերասանուհին, որ արդեն նկարահանվել է չորս ֆիլմում, Հայկ Օրդյանի առաջարկն ընդունել է մեծ ուրախությամբ.

Նարինե Աբգարյանի գրականության մեծ սիրահար եմ, մանավանդ որ խոսքը Տավուշի մասին է, իսկ Տավուշը իմ մեծ սերն է,- խոստովանում է դերասանուհին:- Ցավոք սրտի, այնտեղ ես ապրել եմ ընդամենը յոթ տարի, սակայն համոզված եմ, որ ինչոր կետից այն պետք է շարունակվի: Զուլալին հավանաբար իմ կինոկենսագրության մեջ ամենալուսավոր կերպարը պիտի լինի, ճիշտ այնպես, ինչպես պատմվածքի ամենալուսավոր կերպարն է: Անկեղծ ասած, այնտեղ բոլոր կերպարներն են լուսավոր, և այդ լույսը, հուսամ, պիտի կարողանանք ռեժիսոր Հայկ Օրդյանի հետ հաղորդել էկրանից այս կողմ: Ես միշտ ասում եմ՝ հեռուստատեսությունն իմ աշխարհն է, կինոն՝ իմ սերն ու իմ կյանքը: Վերջապես ես հնարավորություն կունենամ ապրելու: Այս ֆիլմում ապրելու և ստեղծագործելու մեծ հնարավորություն կա, և վստահ եմ, ողջ թիմով ենք այդ կյանքը ապրել:

Ֆիլմի նկարահանման աշխատանքները տեղի կունենան հոկտեմբերին՝ Տավուշի մարզի Նավուր և Այգեձոր գյուղերում, կտևեն մեկ ամիս, այնուհետև կշարունակվեն Մոսկվայում: Ֆիլմը նկարահանվելու է հայերեն, ապա «Բոլշոյե կինո» ընկերության կողմից կթարգմանվի ռուսերեն, իսկ անգլերեն ենթագրերով կներկայացվի նաև արտերկրում:

«Բոլշոյե կինո» ընկերությունը շնորհանդեսի ընթացքում ներկայացրեց պրոդյուսեր, երաժշտական պրոդյուսեր, մոնտաժող Արտաշես Անդրեասյանը.

Բարդ աշխատանք է, բայց մենք չենք վախենում բարդությունից: Մենք հավատում ենք նախագծին: Հիմա մեր ուժերը կենտրոնացած են միայն այն նախագծերի վրա, որոնց հավատում ենք: Ինչ վերաբերում է «Զուլալի»֊ին, այն կլինի ֆիլմ Հայաստանից, որով մենք կհպարտանանք: Ես համոզված եմ, որ «Զուլալին» շատ փառատոների կմասնակցի և կապացուցի, որ հայկական կինոն դեռ ապրում է:

«Զուլալի» ֆիլմի նախագծի շնորհանդեսի ավարտին դաշնամուրային կատարմամբ հանդես եկավ  Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սան, միջազգային մրցույթների դափնեկիր Լաուրա Գալստյանը:

Նշենք, որ ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2020 թվականի աշնանը՝ Հայաստանի և Ռուսաստանի կինոթատրոններում: