Հայ ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանն ընդամենը չորս մոտեցմամբ գերազանցեց մրցակիցներին և նվաճեց բաղձալի ոսկե մեդալը:
ArmeniaON, սեպտեմբերի 26. Թաիլանդական Պատտայա քաղաքում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանն այսօր ներկայացնում է 109 կգ քաշային աշխարհի գործող չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը:
Մեր մարզիկն պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ նախնական պատվիրել էր 190 կգ, ինչը ամենաբարձրն էր: Չինացի Յանգ Ժեն պատվիրել էր 187 կգ:
Ի վերջո, պոկում վարժությունում Սիմոնը առաջին մոտեցմամբ բարձրացրեց 190 կգ-անոց ծանրաձողը:
Երկրորդ մոտեցմամբ մեր մարզիկի ցուցանիշը 195 կգ էր: Երրորդ մոտեցմանը մեր մարզիկը գլխավերևում պահեց 199 կգ մարզաձողը և սահմանեց աշխարհի ռեկորդ:

Հրում վարժությունում նույնպես Հայաստանի ներկայացուցիչը նախնական պատվիրել էր ամենածանր քաշը՝ 230 կգ: Բոլոր ծանրորդներն ավարտեցին իրենց մրցելույթները, ապա միայն Սիմոնը առաջին անգամ մոտեցավ ծանրաձողին՝ հաջողությամբ բարձրացնելով 230 կգ-ը և ունենալով երկու մոտեցում՝ հռչակվեց աշխարհի չեմպիոն:
Հաջորդ քաշը 241կգ-ն էր, որը կապահովեր երկամարտի և հրման աշխարհի ռեկորդի թարմացումը: Ցավոք, մեր մարզիկի երկրորդ մոտեցումը հաջող չստացվեց, իսկ երրորդ մոտեցումից Սիմոնը հրաժարվեց, քանի որ արդեն իսկ ապահովել էր ոսկե մեդալը:
Այսպիսով, մեր ծանրորդը ընդամենը չորս մոտեցմամբ գերազանցեց բոլորին և նվաճեց բաղձալի ոսկե մեդալը: