Սեպտեմբերի 26-ին Կոմիտասի անվան պուրակում տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին: Հնչեցին Կոմիտասի անվան լարային քառյակի և «Ալեակ» ֆոլկ եռյակի կատարումները:

ՄԵՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ

ArmeniaON, սեպտեմբերի 27. Այս օրերին Հայաստանի մշակութային ներկապնակում գերակշռող գույնը Կոմիտասի երաժշտությունն է: Կոմիտաս վարդապետին նվիրված միջոցառումների շարքը հարգանքի տուրք է մեծ երաժշտի հիշատակին, որին հայ ժողովուրդը ընդմիշտ երախտապարտ պետք է լինի մի ամբողջ մշակույթ մոռացումից փրկելու համար:

Կոմիտասի ավանդը շատ մեծերի կողմից է գնահատվել ըստ արժանվույն: Հիշենք մեր ժամանակի մեկ այլ տաղանդավոր հայի՝ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի խոսքը.

«Կոմիտասը մեր ողջ պատմության ընթացքում ոգեղեն գոյություն է: Նա եկավ ասելու, որ մենք ունե՛նք մեր երգը, որ այդ երգը շատ նման է մեզ, և դա մեր հարստությունն է: Մեր երգն այնպիսի հատկություններ ունի իր խորքում, որ դրա հիմքի վրա կարելի է կառուցել կոմպոզիցիոն ամբողջական մարմին, ինչպես քարը, որ կարող է դառնալ ճարտարապետական կոթող, եկեղեցի:

Կոմիտասի 150-ամյակի հոբելյանական միջոցառումներն անհնար է պատկերացնել առանց Կոմիտասի անվան լարային քառյակի: Քառյակի համար այս տարին հոբելյանական է. նշվում է նրա 95-ամյակը: 95 տարվա ընթացքում լեգենդար խումբը ելույթ է ունեցել աշխարհի բազմաթիվ երկրներում, նվաճել ամենատարբեր ազգի երաժշտասերների սրտերը:

Տասնամյակների ընթացքում քառյակի կազմը, բնականաբար, փոխվել է: Սակայն քառյակն ունեցել է ընդամենը երկու գեղարվեստական ղեկավար. Ավետ Գաբրիելյանին փոխարինել է և առ այսօր խումբը ղեկավարում է Էդվարդ Թադևոսյանը, իսկ 2010 թվականից հետո քառյակը հանդես է գալիս հետևյալ կազմով՝ Էդվարդ Թադևոսյան, Սյուզի Երիցյան, Ալեքսանդր Կոսեմյան և Անժելա Սարգսյան:

Գրեթե մեկդարյա երաժշտախմբի կողքին հետաքրքիր էին նորաստեղծ «Ալեակ» ֆոլկ եռյակի կատարումները: Երկու տարի առաջ ստեղծված խումբը ունի մեկ հավատամք՝ հնարավորինս մաքուր, պարզ և ազնվորեն ներկայացնել հայ ավանդական երգերը, այն երգերը, որոնք հազարամյակների խորքից Կոմիտասի և այլ բանահավաքների միջոցով հասել են մեզ:

Կոմիտասի գրառած 3000 երգերի փոքր մասն է կատարվել առ այսօր, և հանրությունը ծանոթ չէ այն ահռելի ժառանգությանը, որի հանրայնացման գործը նաև «Ալեակ» ֆոլկ եռյակի անդամներն են ստանձնել՝ Լուսին Վարդանյանը, Լուսինե Օրդուխանյանը և Հովհաննես Գրիգորյանը: Եռյակի կատարած երգերի զգալի մասը հնչեցին առաջին անգամ և առանց նվագակցության:

Կոմիտասյան երաժշտությունը թևածում էր աղոթքի պես՝ ասես իր մեջ առնելով ժամանակի բեռը:

Նշենք, որ Կոմիտաս վարդապետի 150-ամյակի առթիվ Հայաստանում և Հայաստանից դուրս կազմակերպվել են մի շարք միջոցառումներ, քննարկումներ, զրույցներ, իսկ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում հնչում են Կոմիտասի դաշնամուրային ստեղծագործությունները, խմբերգերն ու մոնոդիաները։