«Երեմյան Փրոջեքթս» ընկերության թիմը կազմակերպել էր «Աշխարհի ամենամեծ գաթայի» համտես-հյուրասիրություն՝ նվիրված քաղաքամայր Երևանին:

ՄԵՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ

ArmeniaON, սեպտեմբերի 27. Արդեն երկրորդ անգամ Երևանի կենտրոնում՝ Կարապի լճի հարևանությամբ, տեղի ունեցավ հայկական ավանդական գաթայի համտես-հյուրասիրություն։ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանն ասաց, որ իրենց ընկերությունը ցանկանում է աշխարհի ամենամեծ գաթայի համտես-հյուրասիրությունը դարձնել քաղաքային ավանդույթ, սպասված իրադարձություն երևանցիների, քաղաքի հյուրերի և զբոսաշրջիկների համար, արդյունքում՝ էլ ավելի ճանաչելի դարձնել հայկական խոհանոցի ամենատարածված ու ծիսական աղանդերը:

– Նախորդ տարվա մեր պատրաստած գաթան համարվեց աշխարհում ամենամեծը և գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում: Այն կշռում էր 386 կգ և ուներ 60 մ երկարություն: Այս տարի մենք գերազանցել ենք մեր սահմանած ռեկորդը և ներկայացնում ենք 410 կգ քաշով և 65 մ երկարությամբ գաթա: Դեռ նախորդ տարի էինք հայտարարել, որ ամեն անգամ գերազանցելու ենք մեր իսկ ռեկորդը: Մեր նպատակը մեր քաղաքի բնակիչների և հյուրերի առօրյան հետաքրքիր դարձնելն է, ինչպես նաև հայկական ավանդական ուտեստները աշխարհին ներկայացնելը:

«Երեմյան Փրոջեքթս»-ի աշխատակիցները երկար ժամանակ ուսումնասիրել են Արևմտյան և Արևելյան Հայաստանի տասնյակ գաթաներ, համագործակցել են ազգագրագետների հետ, լսել Հայաստանի տարբեր շրջանների բնակիչների կարծիքները: Ի վերջո որոշել են պատրաստել Սասունի տարածաշրջանի չրերով գաթա: «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր հրուշակագործ Անահիտ Միքայելյանը ArmeniOn–ի հետ զրույցում պատմեց պատրաստման ընթացքի, դժվարությունների և ցանկալի արդյունքի մասին.

– Ամենադժվարը կարճ ժամանակում գործն ավարտելն էր: Բացի այդ, գաթան պետք է լիներ թարմ թխված: Նախապատրաստական աշխատանքները տևել են 10 օր, գաթան թխվել է երկու օրում, աշխատել է վեց հրուշակագործ: Գաթայի բաղադրությունը չենք փոփոխել. բաղադրիչները նույնն են, ինչ նախորդ տարի՝ ծիրանաչիր, սալորաչիր, թզաչիր և նուշ,- ասաց հրուշակագործը:

Երևանցիներն ու օտարերկրացի հյուրերը մեծ ոգևորությամբ համտեսում էին գաթան, իրենց հիացմունքն ու գոհունակությունն արտահայտում և շնորհակալություն հայտնում նման նախաձեռնության համար:

– Շատ ուրախ եմ, որ երևանցիների առօրյան հետաքրքիր դարձնող այսպիսի միջոցառումներ են կազմակերպվում: Ես կարծում եմ՝ գաթան շատ համեղ է. և′ դիզայնն է գեղեցիկ, և′ մարդկանց տրամադրությունն է բարձր: Համոզված եմ, միջոցառումը շարունակական կլինի և կդառնա գեղեցիկ ավանդույթ,- ասաց միջոցառման մասնակիցներից տիկին Ռուզաննան, որը դեռ չէր հասցրել համտեսել աղանդերը:

Հիշեցնենք, որ «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հայեցակարգի շրջանակում, որպես քաղաքամայր Երևանի 2800-ամյակի յուրահատուկ նվեր, անցած տարի քաղաքին նվիրված տոնական միջոցառումների շրջանակում նախաձեռնել էր «Աշխարհի ամենամեծ գաթան» մասշտաբային նախագիծը և ռեկորդ սահմանել: