Գյումրեցի երիտասարդ արձակագիր Գոհար Նավասարդյանը Armenia On-ի հետ զրույցում պատմել է իր ստեղծագործական ուղու, «Ինձ պիոններ չնվիրես» անդրանիկ վիպակի և հաջորդ գրքի մասին, որը, ինչպես հեղինակն է խոստանում, փոխանցելու է Գյումրվա շունչը:

ՄԵՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ

ArmeniaOn, սեպտեմբերի 29. «Ինձ պիոններ չնվիրես» վիպակը լույս է տեսել ընդամենը երկու ամիս առաջ և արդեն հասցրել է ուշադրության արժանանալ. երիտասարդ գրողը «դիպել» է ընթերցողի սրտին: Գրքի հերոսների ապրումներն անկեղծ են, և այդ անկեղծությունը փոխանցվում է ընթերցողին:

– Գոհար, Դուք երբևէ չեք մտածել գրող դառնալու մասին, սակայն Ձեր անդրանիկ ստեղծագործությունն այսօր արդեն ընթերցողի սեղանին է: Ի՞նչ է Ձեզ համար ստեղծագործելը, մինչ Ձեր առաջին գիրքը գրական փորձ ունեցե՞լ եք:

– Նախքան գիրքը գրելը զբաղվել եմ արվեստաբանական, նաև լրագրողական գործունեությամբ` գրել եմ տարբեր հոդվածներ, լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ, անդրադարձել արվեստի տարբեր ճյուղերի և այլն: Ստեղծագործելն ուղղակի կուտակված էներգիան ներսից դուրս հանելու միջոց է: Նախկինում արվեստին վերաբերող նյութերը գրում էի այնպես, որ իմացածս ու հասկացածս հանրությանը ևս ընկալելի լիներ: Հիմա գրեթե նույնն է. գրում եմ այն, ինչը հազարավորներն ապրում ու զգում են, պարզապես ոչ բոլորին է հաջողվում այդ ամենը բառերով արտահայտել: Եթե ավելի անկեղծ լինեմ, ապա պետք է ասեմ, որ ես գրող չեմ էլ դարձել, մի գրքով նման կոչման արժանանալն առնվազն հանդգնություն է: Երբ իմ հաջորդ ստեղծագործություններն էլ այս վիպակի նման կսիրվեն ընթերցողների կողմից, գուցե այդ ժամանակ համարձակվեմ ինձ գրող համարել:

– Եթե չգրեիք, ինչպե՞ս կարտահայտեիք Ձեր հույզերը։

– Եթե չգրեի, ոչ մի կերպ չէի կարողանա արտահայտել: Իմ հոգու բանալին միայն ստեղծագործելն է, դա բավական ուշ հասկացա և պատահաբար:

– Գոհար, Ձեր առաջին գիրքը վերնագրել եք «Ինձ պիոններ չնվիրեք»: Ինչո՞ւ հատկապես պիոններ: Վերնագրի այլ տարբերակներ եղե՞լ են:

– Գրքի վերնագրի ընտրությունն ինքնաբերաբար է եղել: Դա այն փոքր հատվածի առաջին նախադասությունն է, որը գրվել է գիրք գրելու գաղափարից դեռ ամիսներ առաջ: Արդեն հետո, երբ որոշեցի, որ այդ հատվածը կարելի է ընդարձակել, միանգամից վերնագիըը գրվեց ուղեղումս: Ինձ թվում է` այլ վերնագիր չէր էլ կարող լինել:

– Դուք արմատներով Գյումրիից եք: Արվեստների քաղաք Գյումրին իր «գույնն» է փոխանցել նաև Ձեզ: Ո՞րն է այդ «գույնի» գաղտնիքը:

– Ես իմ սիրուն Գյումրիից եմ, որն օր օրի վերածնվում է: Չեմ ժխտի. այս քաղաքն իրոք ինքնատիպ է իր ամեն ինչով, բայց «Պիոնների» վրա այն ազդեցություն չի ունեցել: Հերոսները գուցե շատ պահպանողական են: Այ դա գյումրվա շնչից է: Նկարագրված բոլոր վայրերը հորինված են: Մինչդեռ հաջորդ գիրքս ողողված է լինելու իմ սիրելի քաղաքով: Ընթերցողներիս արդեն խոստացել եմ. սիրահարվելու են այս հին ու նոր քաղաքին, գիրքը կարդալով՝ ուզենալու են վեր կենալ ու գալ Գյումրի… Գիտեմ, որ դժվար է լինելու, բայց, հուսով եմ, կստացվի:

– Ի՞նչ ֆիլմեր և գրքեր եք նախընտրում, Գոհար: Հատկապես ո՞ր գրողների ազդեցությունն եք զգում Ձեզ վրա:

– Տարիներ առաջ օրերս ուղղակիորեն լցված էին գրականությամբ` Ռեմարկ, Դյումա, Հյուգո, Ռ. Ռոլան, Սենկևիչ: Նրանցից յուրաքանչյուրը հավանաբար իր հետքը թողեց աշխարհայացքիս վրա: Ափսոսանքով եմ ասում, բայց վերջին չորս տարում ոչ ֆիլմեր եմ դիտել, ոչ գրքեր կարդացել: Շատ նոր հեղինակներ կան ու նոր ստեղծագործություններ, որոնք կուզեի կարդալ, բայց ժամանակի սղությունն իրոք խնդիր է: Առայժմ ունեցածս քիչ ազատ ժամանակը լցնում եմ գրելով: Ազդվում եմ հատկապես երգերից. լավ երգի մի բառակապակցությունը կարող է ինձ մի քանի էջ գրելու մտքեր տալ: Իսկ գրելը միայն ու միայն տրամադրությունից է կախված:

– «Ինձ պիոններ չնվիրեք» գրքի հերոսները իրակա՞ն, թե հորինված կերպարներ են։ Կա՞ն իրավիճակներ, որտեղ հերոսը Դուք եք եղել, և Ձեր զգացողություններն եք արտահայտել:

– Գրքի հերոսները իրական նախատիպեր ունեն, ապրումները ևս իրական են, հորինված են միայն գործողությունները, այսինքն՝ սյուժեն իրական կյանքից չի վերցրած: Եթե ապրումներն իրական չլինեին, գրել չէի կարողանա: Պիտի ապրես, զգաս, անցնես այն ամենի միջով, ինչը փորձում ես նկարագրել ու հասցնել ընթերցողի սրտերին: Ինձ թվում է` գրքի հաջողության բանալին հենց սա էր. նյութն ապրված էր, գրվածը` անկեղծ ու իրական, դրա համար էլ սիրվեց հանրության կողմից:

– Բնականաբար, Ձեր անդրանիկ գիրքն ունի իր ասելիքը: Ո՞րն է այն գլխավոր իմաստը, որը պիտի գրավի ընթերցողին և Ձեզ հավատալու հիմք դառնա:

– Գրքի իմաստը շատ ավելի խորն է, քան թվում է: Ընթերցողների մեծ մասն այն ընկալում է որպես սիրո գեղեցիկ պատմություն` երջանիկ հանգուցալուծմամբ, մինչդեռ էական ու տեսանելի գաղափարների կողքին (օրինակ այն, որ ունեցածն արժևորել է պետք, որ վախերը հաճախ խանգարում են սրտին ճիշտ որոշում կայացնելու, որ զգացմունքներն արտահայտելն ամոթ չէ, կամ որ իսկական սերը երբեք չի մարի), կան մի քանի թաքնված իմաստներ, որոնք հենց գրքի վերնագրում են ամփոփված: Հերոսուհին խնդրում է իրեն պիոններ չնվիրել, քանի որ դրանք թփի վրա են գեղեցիկ, ուրախանում է գեղեցիկ թռչուններին վանդակից դուրս տեսնելով, քանի որ անազատության մեջ դրանք նույն հմայքը չունեն, և խնդրում է իրեն ազատ թողնել, որովհետև սերն էլ վանդակում չի ապրի, ուշ թե շուտ կխեղդվի:

– Երբևէ մտածե՞լ եք, որ գուցե իմաստ չունի գրել, քանի որ մեր օրերում այնքան շատ են գրելու փորձ անողները և իրենց գրող համարողները: Ո՞րն է, ըստ Ձեզ, մնայուն և արժեքավոր գրականությունը:

– Անկեղծ ասած` գիրքը տպագրեցի ինքս ինձ փորձելու համար: Ես պիտի իմանայի, թե սոցցանցերից դուրս այն ինչ արձագանք կունենա, պիտի հասկանայի` լայքերից այն կողմ տողերս կապրեն, թե չէ… Ու իմացա: Գիրքը սիրվեց, տարածվեց, և դա ինձ անասելի ոգևորում է, քանի որ դա է աշխատանքիս արդյունքը: Էջերի մեջ ներդրած իմ էներգիան նույնությամբ հետ է փոխանցվում, երբ ընթերցողներիցս լսում եմ, որ գիրքը շատ են հավանել, որ սիրում են այն, որ երկրորդ անգամ են կարդում, որ նվիրում են ուրիշների, որ կարդալուց հետո հաշտվել են սիրելիի հետ, որ իրենց սրտին թույլ են տվել սիրահարվել և այլն: Այսինքն՝ այն, ինչ ես ուզում էի, ստացա, իմ ցանկություններն իրականացան: Մնաց մեկը, որի մասին չեմ բարձրաձայնի, բայց հուսով եմ, որ վաղ թե ուշ կկատարվի: Արժեքավորն ու մնայունը միանշանակ սիրված, ուսուցանող, նաև բոլոր ժամանակների համար արդիական թեմաներ արծարծող գիրքն է: Ես չէի ասի, որ մեր օրերում գրողները շատ են: Տպագրված շատ լավ հեղինակներ ունենք, բայց կրկնություններն էլ են շատ: Ֆեյսբուքում գրառումներ տեղադրող հիանալի ստեղծագործողներ ունենք, որոնց ազդեցությունը մի ողջ սերունդ է  կրում: Երեք-չորս հեղինակի մտքերը ձևափոխված, հաճախ անգամ նույնությամբ անցնում են էջից էջ` այլ հեղինակների անվան տակ: Պարզ է, որ այդպիսիներին գրող չենք անվանի… Իմիջիայլոց, ինչ սկսել եմ գրել, ակամայից նման գրառումները չեմ էլ կարդում, որ ոչ մի բառից չազդվեմ:

– Ո՞րն է լինելու Ձեր հաջորդ գիրքը: Ի՞նչ անակնկալներ են սպասվում ընթերցողներին:

– Հաջորդ գիրքս դարձյալ վիպակ է լինելու: Վերնագիրը` «Հուշացած ակնթարթներ»: Սիրո չափազանց գեղեցիկ պատմություն, բայց միանգամայն այլ վերջաբանով: Առայժմ փակագծեր չեմ բացի, միայն կասեմ, որ նախատեսել եմ հրատարակել գարնանը:

– Եվ վերջում… Ես գրում եմ, որովհետև…

– Ես գրում եմ, որովհետև զգում եմ, որ ընթերցողներս սպասում են…