«Մեր երկիրն այնքան չքնաղ է, այնքան բազմաշերտ և կոլորիտային, որ չուսումնասիրելն ուղղակի ափսոս է և ամոթ»: Ճամփորդել սիրող զույգը Հայաստանի և արտերկրի նմանությունների, մշակությին առանձնահատկությունների և այլ հետաքրքրիր մանրամասների մասին պատմեց ArmenaiON-ի հետ զրույցում:

ՌՈԶԻ ՍԱՐԳՍՅԱՆ 

ArmeniaON, հոկտեմբերի 3. Վաղինակն ու Կարինան տարբերվում են մյուս զույգերից մի շատ հետաքրքիր առանձնահատկությամբ։ Նրանց հանդիպումները չեն սահմանափակվում կինոթատրոն կամ Երևանում որևէ այլ վայր այցելելով։ Նրանք սիրում են ճամփորդել, լինել տարբեր երկրներում, ուսումնասիրել և ծանոթանալ տարբեր ազգերի մշակույթին: Սիրում են շրջագայել նաև Հայաստանի՝ շատերին մինչ օրս անհայտ վայրերով և կատարել նոր բացահայտումներ: Մի խոսքով, նրանք հանդիպումների հետաքրքիր ձևաչափ են ընտրել՝ ճամփորդությունը, քանի որ զգացմունքից բացի՝ զույգին միավորում են ընդհանուր ճաշակն ու հետաքրքրությունները։

Ծանոթացել են Կարինայի աշխատավայրում՝ գործի բերումով: Մի քանի անգամ հանդիպելուց հետո Վաղինակը հասկացավ, որ ուզում է ավելի լավ ճանաչել աղջկան:

Կարինան մի տեսակ «ուրիշ» թվաց ինձ, և հետաքրքիր էր նրա հետ շփվելը: Փորձում էի հանդիպման առիթներ ստեղծել, ամեն ինչ անում էի, որ հնարավորինս շատ լինեն «պատահական հանդիպումները»։ Հետագայում վճռական քայլեր ձեռնարկեցի, և հիմա եմ հասկանում, որ դա կյանքումս կայացրած ամենաճիշտ որոշումն էր (ժպտում է):

Մինչ միմյանց ճանաչելը երկուսն էլ սիրել են ճամփորդել, բայց, ինչպես նշում է Կարինան, միասին դա այլ հաճույք է: Իզուր չեն ասում, որ մարդուն իրապես սկսում ես ճանաչել, երբ իր հետ ճանապարհ ես գնում: Անգամ աշխատանքով զբաղված լինելը նրանց չի խանգարում իրագործելու իրենց ցանկությունը:

Մեր համատեղ յուրաքանչյուր ճամփորդություն հարաբերությունների մի նոր փուլում է եղել, և ամեն անգամ հարաբերությունները մեկ այլ հարթություն են տեղափոխվել: Անկեղծ ասած, առաջին ճամփորդության ժամանակ վախեր ունեի` հիասթափվելու, մտացածին և իրական կերպարների անհամատեղելիության, ու մի շարք այլ ներքին անհանգստություններ: Իսկ այսօր միայն ուրախ եմ:

Ճամփորդությունների ընթացքում տհաճ միջադեպեր էլ են եղել, անգամ ուղեբեռն են կորցրել: Նման իրավիճակները փորձել են արագ հարթել ու շարժվել առաջ: Նշում են, որ հայերին արտերկրում դրական են վերաբերվում: Եթե չգիտեն Հայաստանի մասին, զույգը փորձում է որքան հնարավոր է շատ տեղեկություն տալ մեր երկրի մասին՝ պատմել, նկարներ ցույց տալ, հայտնի հայերին ներկայացնել և հնարավորինս ծանոթացնել մեր մշակույթին:

Մինչ օրս Վաղինակն ու Կարինան եղել են Մոլդովայում, Ուկրաինայում, Վրաստանում, Իսպանիայում և Իտալիայում: Ճամփորդություններից ամեն մեկը ինքնատիպ ու անմոռանալի է եղել՝ լի բազում արկածներով, հետաքրքիր պատմություններով և անթիվ հուշերով: Ամենից շատ տպավորված են Իտալիայից:

Սուրբ Ղազար կղզում Կարինային ամուսնության առաջարկություն արեցի: Խոսքերով չեմ կարող փոխանցել այդ օրվա հույզերը: Կարծես հեքիաթում լինեինք: Անչափ երջանիկ եմ, որ կարողացա իր օրը տոն դարձնել: Գիտեի, որ նշանադրության ստանդարտ արարողություն չի ուզում, ուստի սա իդեալական հնարավորություն էր: Վստահ եմ, այդ օրը երբեք չենք մոռանա:

Շատ են սիրում շրջել նաև Հայաստանով: Ամռանը գրեթե յուրաքանչյուր շաբաթ և կիրակի գնում են քաղաքից դուրս: Ընտրում են որևէ մարզ և այցելում՝ ուսումնասիրելու այդ տարածքի բոլոր գեղատեսիլ վայրերը, եկեղեցիները, հուշարձանները, ջրվեժները, գետերը, լճերը։ Նրանց համար կարևորն այն է, որ միասին են ամենուր։ Պատմում են, որ յուրաքանչյուր երկիր հետաքրքիր և առանձնահատուկ է յուրովի, սակայն մարդկային հարաբերությունները, խնդիրները, բնավորության գծերը ամենուրեք չափազանց նման են՝ անկախ մաշկի գույնից և կրոնից:

Ցանկացած երկրի մշակույթում գտնում ենք մեզ շատ նման ու հարազատ գծեր: Փոխանակման ծրագրերի ենք հաճախ մասնակցում։ Դրանց նպատակն է այլընտրանքային կրթական մեթոդներով անդրադառնալ գլոբալ խնդիրների։ Մասնակիցներն աշխարհի տարբեր անկյուններից են: Ամեն անգամ ավելի ենք համոզվում, որ մարդիկ ամեն տեղ նույնն են:

Երկուսն էլ շատ են սիրում հայրենի հողը: Դա այն վայրն է, որտեղ ուզում են մեծացնել ու դաստիարակել իրենց երեխաներին: Այստեղ խնդիրները շատ են, սակայն, զույգի կարծիքով, մեր ազգն ունի հսկայական պոտենցիալ։ Վտահ են, որ այստեղ ապագա կառուցելու բոլոր նախադրյալները կան:

Մեր միակ ցանկությունն այն է, որ մարդիկ ավելի շատ ապրեն իրենց կյանքով, հասարակության կարծիքը չգերադասեն սեփական երջանկությունից: Այդ ներքին ազատությունն է, որ մի փոքր պակասում է մեզ: Դա ևս լուծվող հարց է, պարզապես ժամանակ է պետք: Հարկավոր է, որ յուրաքանչյուրս մեր չափով, մեծ ու փոքր քայլերով ստեղծենք մեր պապերի երազանքի երկիրը: