Թուղթը սիրեցիր՝ ինքն էլ քեզ կսիրի, թղթի գույները սիրեցիր՝ իր ջերմությունն ու ուրախությունը կփոխանցի քեզ:

ՄԵՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ

ArmeniaON, հոկտեմբերի 19Երիտասարդ արվեստագետ Լիլիթ Սարգսյանի անդրանիկ ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները պատրաստված էին թղթից և գործվածքից։

Լիլիթը սովորում է Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի 4-րդ կուրսում, հագուստի մոդելավորման և նախագծման բաժնում: Թղթե  աշխատանքները նրա վառ երևակայության արդյունքն են: 2011- 2013 թվականներին հաճախել է նկարչական խմբակ՝ նատյուրմորտ նկարելու, որից հետո երևակայությամբ ստեղծել է իր փոքրիկ «թղթե աշխարհը»: Երիտասարդ արվեստագետը թուղթը համեմատում է կյանքի հետ՝ ծնվում են, մեծանում և զարգանում.

– Թղթի հետ աշխատելը այդքան հեշտ գործ չէ. թուղթը սիրեցիր՝ ինքը քեզ կսիրի, թղթի գույները սիրեցիր՝ իր ջերմությունը, ուրախությունը քեզ է փոխանցվում, մի փոքր էլ աշխատում ես տեխնիկայի վրա, թուղթն ու սոսինձը համադրում, արդյունքում ստանում ես այս աշխատանքները:

Ստացվեց այնպես, որ թուղթը սիրեց Լիլիթին և ընդունեց գույների զարմանահրաշ աշխարհ: Այդ փախադարձ սիրուց «ծնվեցին» թղթե աշխատանքները: Լիլիթը շատ է վիրավորվում, երբ թուղթը ընկալում են որպես մեկանգամյա օգտագործման առարկա, որից հետո այն այլևս ոչնչի պիտանի չէ: Նրան անգամ առաջարկել են աշխատել մետաղալարերով կամ կավի հետ, բայց նրա սիրտը «կպել» է թղթերին, թեև կավի հետ աշխատելու հմտությունը ժառանգաբար է նրան անցել, և փոքր տարիքում ինքն էլ կավից իրեր է պատրաստել: Նաև տեսել է, թե ինչպես են կավի հումքը սարերից բեռնում, բերում, մշակում և արդյունքում ստանում կենցաղում օգտագործվող որևէ առարկա:

Ցուցահանդեսի այցելուներին Լիլիթը սիրով ծանոթացնում է իր երկու տասնյակից ավելի աշխատանքներին, ներկայացնում է դրանց ստեղծման պատմությունը, պատմում, թե որը որքան ժամանակում է պատրաստել՝ տասը օր, մեկ ամիս, ավելի ծավալուն աշխատանքների դեպքում՝ երկու ամիս: Լիլիթը գույներն ընտրում է զգուշությամբ՝ ըստ թեմատիկայի կամ հոգեվիճակի.

Ենթադրենք՝ մի բանաստեղծության հիման վրա պետք է ստանամ մի աշխատանք, արդեն տողերի միջոցով ես զգում եմ գույները: Իսկ կամայական աշխատանքի դեպքում այդ պահին ինչ գույնով ցանկանում եմ, ներկայացնում եմ: Օրինակ՝ «Հատվող զուգահեռների» հեղինակը ժամանակակից գրող Հովհաննես Շանթն է:

Ցուցահանդեսի թեմայի ընտրության հարցում նախապատվությունը տրվել է հայոց բանակին, խաղաղությանը, որին նվիրված երեք աշխատանք ունի Լիլիթը: Նրա մորեղբայրները նույնպես մասնակցել են Արցախյան պատերազմին: Լիլիթն իր աշխատանքներում փորձել է վերարտադրել նրանց պատմությունները, որոնցից տպավորվել է։ Նա ոգեշնչվել է նաև մորեղբոր բանաստեղծական տողերից: Ու եթե մի աշխատանքում թերություն է գտնում, հաջորդ աշխատանքում փորձում է շտկել:

 -Թղթի հետ աշխատանքը մեծ համբերատարություն ու համարձակություն է պահանջում: Եթե ինչ-որ բան էլ չի ստացվում, պետք է փորձես աշխատելու ընթացքում չհիասթափվել և համառորեն հասնել վերջին:

Լիլիթը «կերտել» է նաև իրեն՝ տխուր և ուրախ հոգեվիճակներում: Ուրախ ժամանակ նա կրում է վառ գույներով հագուստ․ դրանք իր համար արևի ջերմացնող գույներն են: Բարեբախտաբար, նրա տխուր և ուրախ «ես»-երը առայժմ համերաշխ են։

Երկու ամիս շարունակ Լիլիթն աշխատել է «հայկական գորգի» վրա։ Բավական բարդ մի աշխատանք, որի հիմքում և՛ համացանցից վերցրած, և՛ իր հորինած նախշազարդերն են:

Աշխատելու ընթացքում Լիլիթը սիրում է երաժշտություն լսել կամ էլ ինքն է երգում իր սիրած երգերը: Երիտասարդ արվեստագետի ամենասիրելի աշխատանքը «Թափառական երաժիշտն» է.

-Սա ինձ համար կյանքի ինչ-որ մի փուլ է: Գալիս է մի պահ, որ շրջապատը կողքիդ է, բայց միևնույն ժամանակ հեռու է քեզնից։ Ինքս ինձ հետ մենակ մնալով՝ մթության մեջ ինձ ասոցացրել եմ թափառական երաժշտի հետ: Երաժիշտը նվագում է, իսկ փողոցում մարդիկ անտարբեր անցնում են: Տվյալ դեպքում մարդուկները սև են և անտարբեր: Երաժիշտը ես եմ, իսկ անցորդները անտարբեր մարդիկ են: Աշխատանքում առկա կանաչը միշտ ինձ հետ է, կարծես լույսի, ապրելու և շարունակվելու նշան լինի:

Լիլիթի աշխատանքներում առկա է նաև իր ծննդավայր Շիրակի համն ու հոտը: Նրա աշխատանքում բնությունն ու կուժը խորհրդանշում են գյուղը, հայրենի եզերքը, իսկ ջուրը՝ հանգստությունն ու խաղաղությունը: Գյուղական կոլորիտ ստանալու նպատակով է պատրաստել է բազմերանգ աքլորը, որը տարվա խորհրդանիշն է:

Լիլիթը ստեղծել է նաև իր ամենասիրելի գրող Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազար» հեքիաթի հերոսներին և մտադիր է կերտել նաև թումանյանական այլ կերպարներ:

Նշենք, որ «Գույների աշխարհ» ցուցադրությունը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 19-ը, ժամը 11:00-19:00-ը, Ագաթանգեղոսի 2/2 հասցեում: