Մասնագիտությամբ դաշնակահարուհի Աննա Մարկոսյանն ապրում և ստեղծագործում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Հենց այստեղ էլ նա հայտնագործել է իր երկրորդ՝ տիկնիկագործի մասնագիտությունը, որն իր զգացմունքներն արտահայտելու յուրահատուկ միջոց է:

ՄԵՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ

ArmeniaON, հոկտեմբերի 29. Աննան արմատներով Վանաձորից է: Սովորել է Ա. Գրիբոյեդովի անվան միջնակարգ դպրոցում, ինչպես նաև Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետև ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան որպես դաշնակահար: Մի քանի տարի է, ինչ Աննան, երաժշտությունից զատ, զբաղվում է նաև տիկնիկագործությամբ: Վաղ հասակից սիրել է նկարել, ստեղծագործել, երգել, պարել: Ուսանողական տարիներին տարվել է ծաղրանկարչությամբ, որն ավելի ուշ կիրառել է տիկնիկներ պատրաստելիս: Բազմակողմանի զարգացած, արվեստասեր Աննան անգամ առօրյայում հեքիաթ է փնտրում, իսկ իր հեքիաթն ու զգացմունքներն արտահայտում է տիկնիկներ ստեղծելով:

– Պատահում է՝ այդ երկու աշխարհներն այնպես են իրար խառնվում, որ մարդկանց էլ եմ որպես տիկնիկ ընկալում, տեսնում եմ ոչ միայն նրանց դիմագծերն ու ժեստերը, այլև նյութը, որից պատրաստված են: Օրինակ՝ շատ հաճախ, քայլելով փողոցով, հանդիպում եմ «տեքստիլային կանանց», «ճենապակե աղջիկների» և այդպես շարունակ: Կավ, մետաղ, փայտ, նույնիսկ կաուչուկ, որն ավելի բնորոշ է քաղաքական գործիչներին: Սակայն թե որն է այդ աշխարհներից ավելի իրականը, չգիտեմ, կարծում եմ ռեալը ընդհանրապես չկա, անցյալը դառնում է երազ, ապագան անորոշ է, իսկ իրականը այսօրն է և հիման:

Աննայի երաժշտական ճաշակի և ստեղծագործական աշխարհի ձևավորմանը մեծապես նպաստել է ընտանիքը:

– Հայրական տատիկիս տանը ինձ շրջապատում էին հայկական հեքիաթները, գրքերը, ֆիլմերը, հայկական երաժշտությունը և ամենակարևորը՝ մշտական զուգընկեր «Հանրային ռադիոն», որից անընդմեջ լսվում էր նույն պտտվող հայտագիրը: Մյուս տատիկիս հետ հայտնվում էի ռուսական հեքիաթների, կենցաղի, գրականության և երաժշտության աշխարհում: Իսկ մեր տանը բոլորովին այլ մթնոլորտ էր: Հայրս ուներ բոբինային կոչվող ձայնասկավառակների և վինիլային խտասալիկների բավական հարուստ հավաքածու՝ դասականից մինչև ջազ, ֆանկ, ռոք երաժշտություն: Իսկ մայրս, որը նաև երգում է, նախընտրում էր ավելի մեղմ, ռոմանտիկ երաժշտություն:

Տիկնիկներն ու երաժշտությունը Աննայի համար զգացմունքներն ու հույզերն արտահայտելու միջոց են, որոնք լրացնում են մեկը մյուսին: Ամեն կերպար ունի իր մեղեդին: Նրա աշխատանքներն առանձին կերպարներ են՝ մուլտֆիլմերի հերոսներ, մանկության բարի կամ շատախոս տատիկներ: Հատկապես տատիկների թեմային տիկնիկագործը շատ է անդրադարձել:

Այդ ամենը բխում է իմ երջանիկ ու լուսավոր մանկությունից, երբ տատիկներս, հանդուրժելով մանկական քմահաճույքներս, խենթանում էին ինձ հետ միասին: Տատիկների թեմայից բացի՝ սիրում եմ անդրադառնալ նաև բոլորիս ծանոթ բակերում նստած շատախոսներին, որոնց սուր աչքից կարծես ոչինչ չի վրիպում՝ յոթերորդ հարկի հարևանուհու լվացքի լաքան, 2-րդ հարկի աղջկա կարճ շրջազգեստը և այդպես շարունակ:

Աննան համոզված է, որ ցանկացած երևույթ նոր մտահղացման առիթ կարող է դառնալ՝ գիրք, նկար, իրադարձություն կամ ուղղակի գունեղ կտոր, մետաղալար և այլն: Նա վստահեցնում է, որ լավագույն մտքերը երբեմն գալիս են անսպասելի: Սկզբում տիկնիկներ պատրաստելը Աննայի համար սիրողական զբաղմունք էր, սակայն ժամանակի ընթացքում նա հասկացավ, որ այդ աշխատանքն իրեն մեծ բավականություն է պատճառում, և սկսեց ավելի լրջորեն վերաբերվել դրան:

– Ամեն ինչ սկսվեց թելերից, հելունագործ տիկնիկներից, որոնք մայրիկս մինչ օրս պահպանել է: Հետո, երբ բացահայտեցի գեղարվեստական տիկնիկների աշխարհը, սկսեցի փորձել զանազան տեխնիկաներ՝ սկսած տեքստիլից մինչև ժամանակակից նյութեր: Կանգ եմ առել ավանդական թղթի ու կավի վրա, որոնք ինձ ավելի հոգեհարազատ և հարմար են: Բացի այդ՝ թուղթն անվնաս է թե՛ երեխաների, թե՛ մեծերի համար: Սակայն նման տիկնիկները, իհարկե, ոչ թե խաղային են, այլ դեկորատիվ: Այսօրվա աշխատանքներս, իսկապես, իրենց տեխնիկական սկզբունքով հիշեցնում են քանդակ: Առաջին էտապը մետաղյա հիմքն է, որից հետո շերտերով հավաքում եմ տիկնիկի մարմինը: Չորանալուց հետո հղկում, հարթեցնում եմ մակերեսը, ակրիլային ներկով կամ յուղաներկով նկարում և վերջում հագուստն եմ պատրաստում, սանրվածքն ու մնացած բոլոր անհրաժեշտ մասերը:

Տիկնիկների աշխարհն Աննայի կյանքի անբաժանելի մասն է, մեծ աշխարհի իր փոքրիկ անկյունը, որտեղ նա հանգստանում է, մտածում և տրվում ստեղծագործական երևակայությանը: Աննայի կերտած գրեթե բոլոր տիկնիկներն անուններ ունեն՝ սկսած Մերի Փոպինսից մինչև արևածաղիկ վաճառող Սիրամարգ տատիկը: Եվ քանի որ երաժշտությունը նույնպես նրա կյանքի անբաժանելի մասն է, գուցե հենց այդ պատճառով էլ տիկնիկները շատ երաժշտական են, կարծես օրորվում են երաժշտության հնչյունների ներքո:

Աննան չի դադարել զբաղվել երաժտությամբ նաև ԱՄՆ-ում բնակություն հաստատելուց հետո. Լոս Անջելեսում դասավանդում է Արվեստի ու երաժշտության դպրոցում, հանդես է գալիս համերգներով, մասնակցում տարբեր ծրագրերի: Ժամանակն ու հեռավորությունն ավելի են ընդգծել Աննայի հոգևոր կապը հայրենիքի հետ. Հայաստանը նրա համար այն վայրն է, որը ծնողի պես գրկում, գուրգուրում և ուժ է տալիս: Նա համոզված է, որ մի օր վերադառնալու է հայրենիք:

Ասելով Հայաստան՝ պատկերացնում և հիշում եմ սարերն ու բնությունը, հին եկեղեցիները, մարդկանցով լի կանաչազարդ փողոցները, արվեստով հագեցած մթնոլորտը և հարուստ կոլորիտով բակերը՝ լեփլեցուն երեխաներով, սուրճի բույրով և շախմատ ու նարդի խաղացողների աղմկոտ բացականչություններով:

Աննա Մարկոսյանի համար երջանկության բանաձևը սերն է, և այդ սիրուց ծնված տիկնիկները երջանկության հատիկներն են: Սիրո խորհրդանիշ զույգի տիկնիկն ստեղծելու միտքն առաջացել է երեք տարի առաջ, սակայն դրան ձեռնամուխ է եղել գաղափարն ամբողջությամբ «հասունանալուց» հետո: Աշխատանքը տևել է մեկ տարի, թեպետ ընթացքում եղել են նաև դադարներ: Հավատացնում է, որ այդ ստեղծագործական դադարների ժամանակ էլ մտքում շարունակում են նոր կերպարներ «ծնվել»: Հնարավոր է՝ մոտ ապագայում Աննան կյանք տա հայկական հեքիաթների հերոսների, որոնք առայժմ էսքիզների տեսքով են և սպասում են վերջնական «հասունացման» պահին:

Նշենք, որ Աննա Մարկոսյանի աշխատանքները ցուցադրվել են Հայաստանում՝ «Նարեկացի» արվեստի միությունում: Հայրենիքից դուրս՝ դրանք ցուցադրվում են Բևեռլի Հիլզի ցուցահանդես-վաճառքների ժամանակ, ինչպես նաև տարբեր պատկերասրահներում: Աննա Մարկոսյանի ինքնատիպ աշխատանքների մի մասը ներկայացված է Dolls by Annushka Mark https://www.facebook.com/Annushkadolls/?epa=SEARCH_BOX ֆեյսբուքյան էջում: