Կոմիտասի թանգարանինստիտուտի և Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի համագործակցությամբ բացվել է «Ուսուցիչը» խորագրով ժամանակավոր ցուցադրություն:

ՄԵՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ

ArmeniaON, հոկտեմբերի 30. Կոմիտասի 150-ամյակի կապակցությամբ հոկտեմբերի 29-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բացվեց «Ուսուցիչը» խորագրով ցուցադրություն: Ցուցադրությունը Կոմիտաս-ուսուցչի և իր սաների մասին է: «Գևորգյան ճեմարան-առաջին քայլեր», «Անվանի աշակերտներ` Վահան Տեր-Առաքելյան, Սպիրիդոն Մելիքյան», «Կոմիտասի հինգ սաները», «Կոմիտասյան դպրոց՝ Մարգարիտ Բաբայան» թեմատիկ բաժիններում ներկայացված են Գրականության և արվեստի թանգարանի, ինչպես նաև Հայաստանի ազգային արխիվի ֆոնդերի շուրջ 200 փաստաթուղթ, լուսանկար, անձնական իրեր, որոնց գերակշիռ մասը հանրությունն առաջին անգամ է տեսնելու: Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը վստահ է, որ այս ցուցադրությամբ իրենց կհաջողվի հատկապես երիտասարդ սերնդին տեղեկացնել, թե ինչ բացառիկ դեր է ունեցել Կոմիտասը հայ երաժշտության և ընդհանրապես հայ մշակույթի պահպանման գործում.

– Այս ցուցահանդեսը, որն իրականացրել ենք Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համատեղ, հետագայում կունենա իր շարունակությունը նաև կրթական ծրագրերի տեսքով: Օրինաչափ է, որ ցուցահանդեսը Գրականության և արվեստի թանգարանի հետ ենք կազմակերպել, քանի որ հենց այնտեղ են պահվում հիմնական արխիվային միավորները:

Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը ուրախալի է համարում այն փաստը, որ մշակութային տարվա ամփոփմանը դեռ երկու ամիս կա, սակայն պետական հանձնաժողովին հաջողվել է ողջ տարվա ընթացքում մեր առօրյան հագեցնել Կոմիտասով.

Այս ցուցադրությունն էապես տարբերվում է տասնյակ այլ միջոցառումներից: Խորագիրը՝ «Ուսուցիչը», ներառում է մանկավարժուսուցչի հնարավոր բոլոր որակները: Մեր ուսուցչապետ Մեսրոպ Մաշտոցի մասին խոսելիս ավանդաբար նրա կողքին ևս մեկ անուն ենք դնում՝ Կոմիտասի անունը: Եվ Կոմիտասին գնահատելիս էլ միայն Մաշտոցի հետ ենք համեմատում:

Մարդկանց հետաքրքրությունն օր օրի ավելանում է Կոմիտասի և նրա գործունեության հանդեպ: Ցուցահանդեսում Կոմիտասը ներկայացվում է որպես բանահավաք, երաժշտահան, հայ երգի և երաժշտության նվիրյալ, ի վերջո՝ հայ ազգային երաժշտությունը մաքրագործող: Կոմիտասի պատկերն ամբողջացնելու համար չեն անտեսվել նաև նրա աշակերտները, որոնցից յուրաքանչյուրն իր մեջ ի՛ր Կոմիտասին էր կրում: Ցուցադրությունը համակարգող Մարինե Հարոյանի խոսքով՝ այս ցուցադրությունը Կոմիտասի և իր սաների մասին է, այն սաների, որոնք եղան Կոմիտասի գործի շարունակողները.

Ցուցադրության այցելուները հնարավորություն կունենան բացահայտելու ևԿոմիտաս ուսուցչին, ևԿոմիտասի սաներին, հնարավորություն կունենան Կոմիտասի աչքերով տեսնելու Գևորգյան ճեմարանը, լսելու Վահան ՏերԱռաքելյանի, Կոմիտասի և հատկապես Մարգարիտ Բաբայանի ձայները: Ի դեպ, վերջինիս ձայնագրությունը հայտնաբերվել է Գրականության և արվեստի թանգարանի արխիվներում:

Ցուցադրության մի բաժնում, որը նվիրված է մանուկներին և կոչվում է «Կոմիտասը և մանուկները», կարելի է տեսնել «թռչող» Կոմիտասին: Իսկ թե ինչու է ցուցադրության մեջ Կոմիտասը «թռչում», կհասկանաք, երբ կարդաք Աղավնի Մեսրոպյանի հուշը:

Նշենք, որ «Ուսուցիչը» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը կգործի մինչև 2020թ. մարտի 1-ը: