Բեմական հոբելյանի նախաշեմին ArmeniaOn-ը զրուցել է երգիչ Գրիշա Դավթյանի հետ: 

ԱՄԱԼՅԱ ՊԱՊՅԱՆ  

ArmeniaON, նոյեմբերի 3. Սիրված երգիչ-երգահանը, նույն ինքը՝ Քիշոն, դժվարանում է հիշել թե, երբ առաջին անգամ արժանացավ ծափողջյունների։ Իր դեպքում ևս, ինչպես սովորաբար է լինում,  դա եղավ մանկության տարիներին, երբ ասացին՝ «այս երեխային լսելը հաճելի է»։

-Եր՞բ սկսեցիք երգել և  արդյո՞ք հիշում եք Ձեր առաջին բեմելը։

-Ձայնակցում էի մորս, ով  երիտասարդ տարիներին զբաղվել է պրոֆեսիոնալ երգով,անուշ ձայն ուներ և մեր տանից հաճախ էր լսվում գուսանական, ժողովրդական երգ։ Պապս նույնպես երաժիշտ էր, այնպես որ մեծացել եմ երաժշտական մթնոլորտում։ Շուտով ինձ նույնպես սկսեցին խնդրել երգել, չէի մերժում հաճույքով երգում էի նաև պիոներական ճամբարներում։ Սակայն իմ առաջին երգը հանրության առջև համարում եմ 17 տարեկանում։  Հավանաբար, շատերը կհիշեն Հանրապետության հրապարակի մոտ կար «Վահագն»  ռեստորան, այո, ես իմ առաջին քայլերը սկսել եմ ռեստորանից։

-Դուք նաև երգերի հեղինակ եք։

Երբ ինձ հարցնում են իմ երգերի մասին, միշտ օգտագործում եմ հորինել բառը։  Այո, ունենում եմ շրջաններ, երբ նաև երգեր եմ հորինում, ասում եմ հորինել, քանի որ ոչ կոմպոզիտոր եմ, ոչ էլ աշուղ։ Հարկավոր է համեստ լինել և մի քանի երգեր գրելով չինքնահռչակվել որպես երգահան։ Ունեմ հորինված շուրջ 30 երգ։

-Ձեր հեղինակած երգերից ո՞րն է առավել թանկ ձեզ համար։

– Որ երգն է առավել թանկ ինձ համար՝ ասել չեմ կարող, սակայն առավելապես սրտիս մոտ է լինում այն երգը, որը լայն տարածում և սեր է վայելում ժողովրդի կողմից։ Գիտեք հետաքրքիր և անչափ հաճելի զգացողություն է, երբ թեկուզ պատահաբար լսում ես հորինածդ երգը, կատարումդ։ Մարդիկ նույնիսկ կարող է ինձ չնկատեն կամ դեմքս ծանոթ չլինի, բայց նրանց պատուհանի կամ ավտոմեքենայի կողքով անցնելիս լսեմ հույզերիցս, ապրումներիցս ծնված երգը, լսեմ, թե ինչպես է ունկնդրողը ձայնակցում։ Հենց այդ պահերն է թանկ  ինձ համար, հասկանում եմ, որ  հորինվածքս հոգեհարազատ է լսողին։ Սա է ինձ համար իսկապես թանկ։ Օրինակ`«Վերջին նամակը» երգը կատարել են շատ-շատ երգիչներ, այս երգը դարձել է նաև նրանց երգացանկի անբաժան մասնիկը առ այսօր, դա նույնպես կարևորում եմ։ Չէ՞ որ եթե մարդիկ, հանրությունը, ժողովուրդը ցանկություն չհայտնենի  լսել այս երգը, այն դուրս կմնար նաև կատարողների ռեպերտուարից։ Սրանք ցուցիչներ և իրական գնահատականներ են կատարածդ  աշխատանքին, զգում ես, որ գնահատված ես։

-Ձեր երգերը, կարծես, փոքրիկ պատմվածքներ լինեն։ Այդ պատմվածքները վերցված են ձեր իսկ կյանքից, թե՞ մտացածին են։

-Որոշ դեպքերում այո, սակայն ոչ բոլորը։ Կան երգեր, որոնք հորինել եմ  այլ մարդկանցից ոգևորվելով, լսելով կամ ապրումակցելով նրանց։ Կան երգեր, որոնք պարզապես պահի թելադրանքն են, այդ րոպեի տրամադրությունը։

-Ձեր երգացանկը շատ բազմաշերտ է Կոմիտասից մինչև քաղաքային ֆոլկլոր, այդպես չ՞է։

-Այո այդպես է։ Երգում եմ ժողովրդական, ազգային, քաղաքային ֆոլկլոր, գուսանական երգեր, հայրենասիրական։ Բայց Կոմիտասի ստեղծագործություններին հարկավոր է առանձնակի զգուշությամբ մոտենալ։ Ցանկացած երգիչ, երբ որոշում է Կոմիտաս կատարել, պետք է հասկանա, որ առանձնահատուկ արվեստի է մոտենում։ Կոմիտաս կատարելը մեծ պատասխանատվություն է, Կոմիտասը հայերի պատմությունն է և ճակատագիրը։

-Դուք երկար տարիներ ապրել եք Փարիզում, այնտեղ էլ՝ ստեղծագործել։ Գրեթե չկա երկիր, որտեղ ելույթ չեք ունեցել։ Հանդիսատեսի տարբերություն, ըստ ձեզ, կ՞ա։

– Որ երկրում էլ ելույթ եմ ունենում, իմ ունկնդիրների զգալի մասը հայեր են։ Դժվար չէ կռահել, որ հայկական երգը առավելապես հայերին է հոգեհարազատ, թեև ունեմ երգեր, որոնք սիրված են նաև այլազգի երաժշտասերների շրջանում։ Սփյուռքի հանդիսատեսը, այո, մի փոքր ավելի տարբեր է։ Հայկական երգը օտար ափերում ապրող հայի համար հայրենիքից կարոտը հագեցնելու միջոց է նաև։

– Քանի՞ տարի է, որ բեմում եք: Կարող ենք Ձեր բեմական կյանքի այս տարին համարել հոբելյանական։

-Այս տարին ոչ, սակայն շատ շուտով կլրանա բեմական գործունեությանս 50 տարին։

-Ինձ Հանդիպած արվեստագետների ճնշող մեծամասնությունը էությամբ ռոմանտիկ մարդիկ են։ Դուք Ձեզ ռոմանտիկ համարում եք։

-Գուցե և այո։ Երաժիշտը չի կարող կոշտ հոգի և սիրտ ունենալ։

-Ի՞նչ է սերը։ Որքա՞ն նշանակալի տեղ է զբաղեցնում սերը Ձեր կյանքում։

-Կարծում եմ սերը շատ նշանակալի տեղ  է զբաղեցնում մարդկանց մեծամասնության մոտ։ Եթե այդպես չլիներ, կյանքը երկրագնդի վրա վաղուց դադարած կլիներ։ Պատահական չէ, որ աշխարհի երգերի առնվազն կեսից ավելին սիրո մասին է։ Եվ ընդհանրապես, ու՞մ է պետք անսեր մարդը։ Մարդ, որ չի սիրում կողակցին, չի սիրում հայրենիքը, չի սիրում արվեստը, չի սիրում բնությունն ու մարդկանց։ Անսեր մարդը անբովանդակ է կարծում եմ։