Ռոզի Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Նա ուշադրություն է հրավիրում շաքարային դիաբետով հիվանդներին կարգից, հետևաբար, նաև անհրաժետ բուժօգնությունից զրկելու խնդրին: 

ArmeniaOn, նոյեմբերի 21. Նախարար Թորոսյանին ուղղված բաց նամակը հրապարակում ենք ամբողջությամբ:

Հարգելի՛ պարոն Թորոսյան,

Քույրս 26 տարեկան է, արդեն 8 տարի է ունի ինսուլինակախյալ դիաբետ։ Դա նշանակում է, որ առանց ինսուլինի իր օրգանիզմը գոյատևել չի կարող։ Զրկել են կարգից, չի ստանում անհրաժեշտ բուժօգնությունը։ Ցավոք, հիվանդանոց պառկելու համար իրեն թույլ տալ չի կարող վճարել 300.000-400.000 դրամ։ Ես քույրիկիս խնդիրն եմ նշում, բայց որքա՜ն շատ են նման հիվանդները։

Պարոն Թորոսյան, խնդրում եմ, վերանայել շաքարով և այլ քրոնիկ հիվանդներին կարգից զրկելու հարցը։ Մարդիկ տարվա մեջ մեկ անգամ կարողանում էին ստացիոնար բուժում ստանալ, նաև անհրաժեշտ դեղորայքն ու բուժումները։ Կարգից զրկելը և բոլորին համոզելը, որ շաքարն ապրելակերպ է, ոչ թե հիվանդություն, ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Այն ապրելակերպ չէ, այլ քրոնիկ լուրջ հիվանդություն, որը դանդաղ կերպով քայքայում է մարդու օրգան-համակարգերը՝ հետագայում առաջացնելով ավելի բարդ հետևանքներ։ Կարգ տալու համար հիվանդից պահանջում են նոր էպիկրիզ, սակայն դրա համար անհրաժեշտ է ստացիոնար բուժում, որն էլ առանց 400.000 դրամի հնարավոր չէ։ Բոլորը չէ, որ ունեն այդքան մեծ գումար, մարդիկ հազիվ հասցնում են հոգալ կենցաղային խնդիրները։ Կարգ ունենալու դեպքում հիվանդը ստացիոնար բուժում է անցնում և ստանում իրեն անհրաժեշտ բուժօգնությունը, իսկ նրանք, ովքեր այլևս կարգ չունեն, չունեն նաեւ բուժման հնարավորություն։

Չգիտես ինչու, սպիտակ խալաթ կրող անձանց մեծ մասը հիվանդների ականջին շշնջում է, որ շաքարն ապրելակերպ է։ Որոշել են աշխատել այդ բնագավառումՙ, բայց կարծես բավականաչափ տեղեկացված չեն այդ հիվանդության բարդությունների մասին (արյան մեջ շաքարի կտրուկ տատանումների հետևանքով  հիպերգլիկեմիկ և հիպոգլիկեմիկ կոմայի մեջ հայտնվելու հավանականություն, կուրություն, փթախտ, օրգանների քայքայում, անոթների նեղացում և այլն… )

Այս հարցով դիմել եմ Աշոտ Սարգսյանին, իր պատասխանն ապշեցուցիչ էր։ Ասաց, որ այդ խնդրով զբաղվում է Սոցիալական Ապահովության Ծառայությունը։ Ինձ համար հարց մնաց, թե այդ դեպքում դուք ինչո՞վ եք զբաղվում։

Պարոն Թորոսյան, բոլոր հիվանդների անունից խնդրում եմ անդրադառնալ այս խնդրին: Հարգելի բժիշկներին կոչ եմ անում լավ ուսումնասիրել այս հիվանդությունն ու դրա բարդ հետևանքները: Շաքարն ապրելակերպ չէ, այն  շատ ծանր հետևանքների հանգեցնող լուրջ քրոնիկ և անբուժելի հիվանդություն է։ Խնդրում եմ օգնեք հիվանդներին հնարավորինս բարենպաստ պայմաններում հաղթահարելու հիվանդության բացասական հետևանքներից խուսափելու դժվարին ճանապարհը։

Հարգանքներով` Ռոզի Սարգսյան

Լուսանկարը՝ Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջից