1988 թ-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից տուժած Լոռի, Շիրակ, Արագածոտն մարզերում 7000 մարդ այսօր ապրում է տնակներում, նրանց գերակշիռ մասը՝ շուրջ 2500 մարդ, ապրում է Գյումրիում, սակայն նրանց այնտեղ հայտնվելու պատճառները տարբեր են։

ՇՈՒՇԱՆ ՓԱՓԱԶՅԱՆ

ArmeniaON, դեկտեմբերի 7. Ինչ քաղաքականություն է վարում պետությունը տնակներից ազատվելու և բնակարանաշինության ոլորտուներում: Ըստ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանի, վերջնաժամկետը հաջորդ տարին է.

«2020 թվականն այն վերջնաժամկետն է, երբ պետք է լուծվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացածների խնդիրը»։

Ներկայում օրակարգում է Գյումրիի 4 առավել վատթար վիճակում գտնվող վթարային շենքերի վերաբնակեցման հարցը, նախատեսվում է մշակել մոտեցումներ և 2020 թվականի բյուջեով լուծել միանգամից 4 շենքի խնդիր։

2005 թվականից պետական քաղաքականությունը ցուցաբերում է ծրագրային մոտեցում բնակարանաշինության խնդրի կարգավորման հարցում:

«Երբ 2005 թվականին բնակարանային օրենսգիրքը ուժը կորցնում է և վերանում է համակարգային մոտեցումը՝ պետական քաղաքականությունը ցուցաբերում է ծրագրային մոտեցում»։ 

Պետք է վերացնել տնակները, եվ կապ չունի, թե ով ինչու է հայտնվել այնտեղ

Համեմատելով նախորդ իշխանությունների վարած քաղաքականությունը ներկայիս կարգավիճակի հետԳյումրիի Ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյան նկատում է, որ տեղի է ունեցել սկզբունքների փոփոխություն և ներկայիս կառավարությունը ավելի վճռական է տրամադրված սեղմ ժամկետներում խնդրի կարգավորման հարցում ։

Պատճառը, որ երկրաշարժից 31 տարի անց էլ Գյումրին ունի բնակարանային խնդիր, նա համարում է այն, որ ներկայիս իրավիճակը արդյունք է տարիներ առաջ «կնքված համաձայնության խախտման»։

«Պայմանը՝ տեղափոխվելուց հետո տնակը քանդել, խախտվել է մարդկային գործոնով պայմանավորված, սակայն ներկայումս խնդրի լուծման կարգավորումը իրավական է»: 

Այնուամենայնիվ, Լևոն Բարսեղյանը Գյումրիում բնակարանային խնդրի լուծման համար միջոցների բավարար լինելու և «խելամիտ ժամկետների» մտավախություն ունի։

Կարծես նրա մտահոգությունները փաստարկված են. 2015 -16 թվականների տվյալներով Հայաստանում դեռևս կար 30.000 անօթևան ընտանիք, ինչը ՀՀ բնակչության 4,5 տոկոսն է կազմում ։

Դեպի Գյումրի ներքին միգրացիան ներկայիս խնդիրներից մեկն է

Նախորդ տարիներին տարբեր պատճառներով գրանցվել են դեպքեր, երբ տնակները չեն քանդվել և այնտեղ բնակություն են հաստատել տարբեր գյուղական վայրերից եկածներ, ովքեր երկրաշարժի հետևանքով բնակարան չեն կորցրել։  ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը այստեղ է տեսնում հիմնախնդիրը։ Նրա խոսքով, ներկա կարգավիճակում դժվարանում  է երկրաշարժից անօթևան մնացածներին գտնելու աշխատանքը։

Մեկ բան հստակ է՝  ներկայիս կառավարությունը նպատակադրված է լուծելու բնակարանային խնդիրը Գյումրիում, սակայն պատգամավորի կարծիքով Գյումրին բացի տնակների խնդրից ունի այլ անհանգստացնող խնդիրներ ևս։

«Բնակարանաշինությունը չէ մեր խնդիրը, միգուցե փոխում ենք բնակարանային պայմանները, սակայն իրենց կենսամակարդակը չի փոխվի դրանով, մենք գործազուրկների մեծ խնդիր ունենք, որը հրատապ լուծում է պահանջում։ Այս մարդիկ նպաստառուից պետք է դառնան հարկատուներ»: 

Լուսանկարները՝ hetq.am, Հոդված 3