«Ընդդեմ գենդերային բռնության» ակտիվության 16-օրյակի շրջանակում «Հոդված 3» ակումբում անցկացվել է քննարկում Հայաստանում ընտանեկան բռնության վերաբերյալ։

ՇՈՒՇԱՆ ՓԱՓԱԶՅԱՆ

ArmeniaON, դեկտեմբերի 12. Հայաստանում ընտանեկան բռնությունը շարունակում է մնալ օրակարգային խնդիրների շարքում։ Ոլորտի վերաբերյալ ուսումասիրությունները և փաստերը ցույց են տալիս, որ  մինչև Հայաստանում ընտանեկան բռնության մասին նոր օրենքի ընդունումը «լավագույն ավանդույթները շարունակվում էին»։

ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության 3-րդ վարչության պետի տեղակալ Արթուր Վարդանյանն այս տեսանկյունից առանձնացնում է, որ համեմատելով նախորդ տարվա ցուցանիշները այս տարվա հետ (2018-2019) նկատվում է ընտանեկան բռնության գրանցված դեպքերի նվազում։

«Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում գրանցված տվյալների համաձայն Հայաստանում կանանց և աղջիկների նկատմամբ 2018 թվականի տասը ամիսների ընթացքում գրանցվել է բռնության 1928 դեպք, որից 460-ն ընտանիքում են եղել, իսկ 2019 թվականի տասը ամիսներին գրանցվել է 1509 դեպք, որից 305 ընտանիքում»։

Ի տարբերություն ընտանիքում կիրառված բռնության դեպքերի նվազման, Արթուր Վարդանյանը հայտնում է, որ կնասպանության դեպքերը 2018 թվականի համեմատ աճել են։

«2019 թվականներին Հայաստանում գրանցվել է կանանց մահվան 9 դեպք, որից ընտանիքում՝ 4, ամուսնու կողմից՝ մեկ դեպք, 2018 թվականին 8 դեպք է գրանցվել, որից չորսը՝ ընտանիքում, ամուսնու կողմից՝ 2-ը »:

Արդյոք ոստիկանությունը վերլուծել է, թե ինչով է պայմանավորված ցուցանիշների նվազման միտումը և արդյոք կապ կա նոր օրենքի ընդունման, ոստիկանության աշխատանքների հետ, պարոն Վարդանյանը պատասխանում է, նշելով, որ հնարավոր է նոր օրենքի ընդունումը բերել է արարքներում պատասխանատվության ավելացման և հանգեցրել է հետևանքների մասին մտածելուն։

«Ընտանեկան բռնության մասին օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ 2018 թվականի հունիսի 30-ից առ այսօր ընտանեկան բռնության 2072 ամփոփագիր է եղել, այս դեպքերով 1533 անձինք են հաշվառվել ընտանիքում տարբեր բռնություններ կիրառելու համար, 375-ի նկատմամբ անհետաձգելի որոշում է կայացվել»։

Քայլեր ընտանեկան բռնության դեմ պայքարում

Իսկ ի՞նչ ծրագրեր ու քայլեր է ձեռնարկում ՀՀ աշխատանքի եվ սոցիալական հարցերի նախարարությունն բռնության կանխարգելման ուղղությամբ: Նախարարի խորհրդական Օլգա Ազատյանը պատասխանում է, որ նախարարությունը ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցություն տրամադրելու համար աշխատում է 2 հիմնական ուղղությամբ, որը պետության պարտականությունն է։

«Վերջին 10 ամսիների ընթացքում աշխատել ենք քաղաքականություն մշակելու և իրավական դաշտը կարգավորելու ուղղություններով, ինչի շնորհիվ արդեն 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանի բոլոր մարզերում կգործեն ընտանեկան բռնության աջակցության կենտրոններ»:

Խորհրդականը հայտնում է, որ 2020 թվականին կստեղծվի ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար երկու պետական ապաստարան, չնայած այն հանգամանքին, որ արդեն կան մի քանիսը, որոնք համակարգում են հասարակական կազմակերպությունները։ Ինչպես նաւ 2020 թվականից ընտանեկան բռնության ենթարկված անձինք մեկանգամյա ֆինանսական աջակցություն կստանան։ Ըստ նրա, կարևոր ձեռքբերումներից է նաև այն, որ այս տարվա հոկտեմբերի 10-ի կառավարության որոշման համաձայն 2020 թվականին Հայաստանում առաջին անգամ կիրականացվի ընտանեկան բռնության դեպքերի կենտրոնացած հաշվառում, ինչն էլ հնարավորություն կտա դեպքերը ուսումնասիրել ավելի հանգամանալից և կլինի տեղային/մարզային տարանջատում՝ ըստ կիրառված բռնության տեսակների։

Ոլորտը պահանջում է հստակ օրենսդրական կարգավորումներ

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Թագուհի Ղազարյանն այն կարծիքին է, որ բազմաթիվ բացեր կան օրենքում, որոնք առավել հստակ կարգավորումներ են պահանջում ։

«Այս պահին օրենսդրական կարգավորումներից առաջնահերթությունն այն է, որ ծեծը, օրինակ, համարվում է մասնավոր մեղադրանք և ցավոք, որոշ փոքր մարզերում, երբ մասնավոր մեղադրանքով կինը դիմում է բաժին ՝ աշխատակիցները ավելի շատ փորձում են տանել հաշտեցման, քանի որ ճանաչում են միամյանց, ուստի նման մեղադրանքը պետք է լինի ոչ թե մասնավոր, այլ հանրային»:

Հարցին, թե ինչու պետք է ունենալ ընտանեկան բռնության ոլորտին վերաբերող առանձին օրենք և չներառել այն քրեական օրենսգրքում, պատասխանը բացարձակ է՝

«Ընտանիքի ինստիտուտը ձևավորման սկզբական փուլում միտված է մարդկանց ապահովության զգացում պատճառելու և կառուցվում է այդ սկզբունքով․ ընտանիքը պետք է լինի բռնությունից պաշտպանվելու վայր , ոչ թե հակառակը»։

Ոլորտը կարգավորելու համար անհարժեշտ է նաև վարքագծի փոփոխություն, ուստի ուստիկանությունը պարտավորվում է դրսևորել զգայունություն՝ բռնության դեպքերի քննության պարագայում։ Այս առումով կարևոր են ստորաբաժանումներում դասընթացների և վերապատրաստումների իրականացումը, նկատում է Արթուր Վարդանյանը՝ ավելացնելով, որ համակարգը չպետք է թույլ տա տուժողի կրկնակի զոհայնացում։

լուսանկարները՝ inosmi.runewsinfo.am