Միացյալ Նահանգների Սենատը միաձայն ընդունեց Հայոց Ցեղասպանությունը դատապարտող թիվ 150 բանաձևը: Այն ներկայացրել էր սենատոր Ռոբերտ Մենենդեսը։

ArmeniaON, դեկտեմբերի 12. Վերջին ամիսներին 3 անգամ հանրապետական տարբեր սենատորներ՝ Քեվին Քրամերը, Դեյվիդ Փերդյուն, Լինսի Գրահամը, արգելափակել ու թույլ չէին տվել, որ սենատոր Մենենդեսի ներկայացրած Հայոց ցեղասանությունը դատապարտող բանաձևն ընդգրկվի ԱՄՆ Սենատի օրակարգում: Մենենդեսը հուզվել է ելույթի ժամանակ:

Սենատորներից որեւէ մեկն այս անգամ վետո չդրեց փաստաթղթի քվեարկության վրա։ Այս մասին գրում է yerkirmedia-ն:

Վերոհիշյալ երեք սենատորները սկզբունքորեն դեմ չեն արտահայտվել բանաձևի ընդունմանը, սակայն նշել են, որ այժմ դրա ժամանակը չէ: Անցնող ամիսներին, բանաձեւին կողմ արտահայտվելու և քվեարկելու ուղղությամբ համաամերիկյան աշխատանք էր ծավալել Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը և բոլոր սենատորները գտնվել են հայազգի ընտրողների ուշադրության կենտրոնում։

Ի դեպ, քվեարկությունից գրեթե մեկ ժամ առաջ Հայ Դատի հանձնախմբի կոչին արձագանքել է նաև Քիմ Քարդաշյանը եւ իր ինստագրամյան էջի շուրջ 153 միլիոն հետեւորդներին կոչ արել զանգահարել սենատորների գրասենյակ ու պահանջել կողմ արտահայտվել ներկայացված բանաձևին։

Հիշեցնենք, որ գրեթե նույն բովանդակությամբ փաստաթուղթ է ընդունել նաև ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատը։

լուսանկարը՝ live24.am

տեսանյութը՝ azatutyun.am