K1 ֆեդերացիայի նախագահ Նարեկ Հակոբյանն ArmeniaON-ի հետ զրույցում խոսեց առողջ ապրելակերպի, արտերկրում թիմի տարած բազմաթիվ հաղթանակների, անցած ճանապարհի և այլ մանրամասների մասին։


ՌՈԶԻ ՍԱՐԳՍՅԱՆ


ArmeniaON, հունվարի 16. Նարեկ Հակոբյանը Հայաստանի ազգային պրոֆեսիոնալ K1 (Կա Մեկ) ֆեդերացիայի նախագահն է։ Իրականացնում են ծավալուն գործունեություն։ Հայստանում գործող կոնտակտային ոճի գրեթե բոլոր ֆեդերացիաների հետ համագործակցում են (մենամարտն իրականացվում է 2 մարզիկների միմյանց հետ կոնտակտի մեջ մտնելու միջոցով, այդ իսկ պատճառով կոչվում է կոնտակտային)։

Մասնակցում են հանրապետական և միջազգային մրցաշարերի, Հայաստանում կազմակերպում միջազգային առաջնություն և արտերկրից հյուրընկալում մարզիկների, ովքեր իրենց ուժերը չափում են հայ մարզիկների հետ։
– K1-ը ճապոնական քիքբռնցքամարտն է, որը 1993թ․-ից կրում է այդ անվանումը: Այս ոճը շատ հարազատ է մեզ, այդ իսկ պատճառով մենք որոշեցինք հիմնել նոր կազմակերպություն, որը կանվանենք Հայաստանի ազգային պրոֆեսիոնալ K1 ֆեդերացիա և մեր փորձն ու գիտելիքները կփոխանցենք ապագա սերունդներին։


Դասավանդում են, ինչպես սիրողական, այնպես էլ պրոֆեսիոնալ մակարդակում։ Սպորտային բնագավառում գործում են 2001թ․-ից, իսկ այս ոճում` 2010 -ից։ Գործունեության ընթացքում կրթել են բազմաթիվ սաներ: Նրանցից շատերն արտերկրում ճանաչվել են հաղթողներ՝ բարձր պահելով Հայաստանի դրոշը։
– Տիրապետում ենք տարբեր մարզաձևերի՝ K1 (ճապոնական քիքբռնցքամարտ), Մույ Թայի արվեստը, ըմբշամարտ և այլն։

Մեր մարզադպրոցներում այս բոլոր մարզաձևերն ուսուցանում ենք երեխաներին, բայց հիմնական շեշտը դնում ենք K1 մարզաձևի վրա։


Այս մարզաձևերը դասավանդելուց բացի անցնում են նաև հոգեբանական պատրաստություն, որն ավելի է ամրապնդում մարզիկների հոգեբանական վիճակը։

Նախապատրաստում են բանակին պիտանի զինվորներ։ Թիմը մասնակցում է միջազգային առաջնությունների նաև հարևան երկիր Վրաստանում։ Ունեն մեծ թվով միջազգային հաղթողներ, առաջին հորիզոնականի թիմային գավաթներ, անհատական քաշային կարգերում հաղթողներ և այլն։ Համագործակցում են մի շարք պետութոյւններում գործող ֆեդերացիաների հետ։

Խոսելով առողջ ապրելակերպի և ինքնապաշըպանության տարրական գիտելիքների մասին, Նարեկը կարծում է, որ պետք է դրանց տիրապետի յուրաքանչյուր ոք։ Դրա համար շատ բան հարկավոր չէ, պարզապես պետք է օրական 30-40 րոպե տրամադրել ֆիզիկական վարժություններին, սնվել կանոնավոր, այցելել մոտակա մարզադահլիճ և, որ ամենակարևորն է` սովորել ինքնապաշտպանություն մարզիչի հսկողության տակ։


– Խորհուրդ չեմ տա առանց մարզիչի օգնության որևէ վարժություն կատարել, եթե նախապես չեք տիրապետում այդ վարժության տեխնիկային:


Քանի որ մենք սովորեցնում ենք մի սպորտաձև, որն իր մեջ ներառում է ինքնապաշտպանություն, հետևաբար անկախ սեռից բոլոր մարդիկ կարող են սովորել այն, ունենալ սլացիկ մարմին և հոգեբանական կայուն վիճակ։ Մեզ մոտ ընդունելության ցածր շեմը 4 տարեկանն է: Այս տարիքից երեխան արդեն սկսում է ավելի լավ ընկալել տրված գիտելիքները և կարող է հարմարվել միջավայրին:


Այսօր Հայաստանում մեծ թափով զարգացնում են K1 մարզաձևը, որն ամբողջ աշխարհում լայն տարածում ունի։ Ունեն նաև աղջիկ սաներ։

Այն սաներն, ովքեր մարզվում են այստեղ և ցանկանում են մտնել պրոֆեսիոնալ հարթակ, մարզիչները նրանց համար ուղի են հարթում, որպեսզի սաները կարողանան դրանով հետագայում գումար վաստակել։