Մինչ աշխարհը սարսափած հետևում է իրարանցում առաջացրած վարակի տարածվածությանն ու հետևանքներին, մինչ շատերը չեղարկում են իրենց երազանքի չվերթերը դեպի Իտալիա, կան մարդիկ, որոնք Հռոմից ոչ թե կորոնավիրուս, այլ «Գրան պրի» են բերում:
ԱՄԱԼՅԱ ՊԱՊՅԱՆ
ArmeniaON, մարտի 7. Հայ երգարվեստի երկնակամարում հայտնված նոր անունների հաջողությունները սպասեցնել չեն տալիս: Վերջերս Իտալիայի Հռոմ քաղաքում կայացած «GRANADA-2020» միջազգային դասական երգի մրցույթում «Գրան պրի»–ի արժանացավ Մելանյա Սիվոլյանը:
Երիտասարդ երգչուհին, ներկայացնելով Հայաստանը, ժյուրիի 12 անդամների միաձայն հավանությանն արժանացավ՝ բոլորի կողմից ստանալով առավելագույն բարձր միավորեր: Հայաստանի «Կոմիտասի» անվան պետական կոնսերվատորիայի բակալավրիատի երկրորդ կուրսի ուսանողուհին, մրցելով առավել հասուն եւ փորձառու մասնակիցների հետ, կարողացավ լավագույնը ճանաչվել և վայելել պրոֆեսիոնալների ծափահարությունները:
Միլա Սիվոլյանի ելույթից տպավորված՝ ժյուրիի հեղինակավոր անդամներից Իրան Ֆոելը ESC Covers կայքում գրել է.
«Միլա Սիվոլյանը մեծ հաջողությունների է հասել՝ նվաճելով հատուկ օպերային մրցանակ Հռոմի «Վիվա Իտալիա» կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի փառատոնում: Միլան՝ Հայաստանից, աճող աստղ է, որը կարող է բարձր որակով միաձուլել օպերային եւ փոփ ոճերը: Շնորհավորում ենք նրան եւ ակնկալում ավելի հաճախ լսել նրա կատարումները»:
-Ես պատրաստեմ աշխատել եւ հաղթահարել նոր մարտահրավերներ: Երգն իմ կյանքի գույնն է, որը էլ ավելի է պայծառանում, երբ զգում եմ հարազատներիս և իմ սիրելի Գուրու Աննա Պողոսյանի հոգատարությունը և անհանգստությունն ինձ համար,- իրեն բնորոշ մեղմ ժպիտով ասաց խոստումնալից երգչուհին։
Սա երիտասարդ երգչուհու ամենամեծ, սակայն ոչ առաջին հաղթանակն է: 2019-ին Միլան արժանացել է առաջին մրցանակի Իսպանիայում կայացած «Chorus Inside International» փառատոնում, իսկ ավել վաղ հաջողությամբ հաղթահարել Վրաց- Իսրայելական «Frendship of people» միջազգային փառատոնի բոլոր երեք փուլերը: