Դահլիճը հոտնկայս ծափահարում էր. Համբուրգի աղջիկների երգչախումբը Հայաստանի փոքրիկ երգիչների հետ միասին Կոմիտաս էր երգում:

ՕՎՍԱՆՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ArmeniaOn, մարտի 11Երևանում` «Կոմիտաս» փառատոնի շրջանակում, Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Համբուրգի աղջիկների երգչախմբի և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի համատեղ համերգը:

Համերգի առաջին հատվածում ելույթ ունեցան «Հայաստանի փոքրիկ երգիչները»: Նրանց երգացանկում հիմնականում Կոմիտասի ստեղծագործություններն էին: Կոմիտասյան երաժշտությունը Կամերային տան պատերից ներս մեկ այլ կախարդանքով է գրավում հանդիսատեսին:

Երկրորդ հատվածում արդեն Համբուրգի աղջիկների երգչախումբը բեմ բարձրացավ՝ գավաթները ձեռքին նվագելով: 

Համերգի ժամանակ մեծ ուշադրություն գրավեց գերմանացի աղջիկների երգերից մեկը, որը կոչվում էր «Նագասակի»:

Երգչախմբի Խմբավար Գեսա Վերհանի խոսքով` երգը նվիրվում է Հերոսիմայում և Նագասակիում ատոմային ռումբի զոհ դարձած մարդկանց հիշատակին: Երգը գրել է ճապոնական արմատներով ամերիկացի կոմպոզիտոր Էրիկ Տուանը: Նրա տատիկը և պապիկը փրկվել են այդ սարսափելի հարձակումից: «Նագասակի» երգի խոսքերը կոմպոզիտորը վերցրել է նրանց օրագրից:

Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանն իր խոսքում նշեց.

«Այս սերունդը գիտի, թե ինչ են բարձրագույն արժեքները, դասական երաժշտություն է լսում և կհաղթահարի ամեն ինչ»:

«Քանի դեռ մենք Կոմիտաս ենք լսում, մեզ ոչ մի վիրուս չի կպչի», – ասաց նա:

Համերգի վերջում երգչախմբերը միասին երգեցին Կոմիտասի «Սոնա յար», «Սարեն կուգա» և Էդգար Հովհաննիսյանի «Էրեբունի Երևան» երգերը:

Հանդիսատեսը երկար հոտնկայս ծափահարում էր: