Երբ փակվեցինք տանը կրկին ցանկանում էի լսել, թե ինչպես է չըխկում ֆոտոխցիկը: 23 ամյա Նարեկ Մանուկյանը մասնագիտությամբ ծրագրավորող է  և աշխատում է Հանրային հեռուստաընկերությունում: Դեռ մանկուց  լուսանկարչությունը ընտրել է որպես նախասիրություն։

Շուշան Փափազյան ArmeniaON, ապրիլի 5. Հայաստանում նոր կորոնավիրուսով պայմանավորված շատերս ստիպված ենք մնալ տանը՝ կտրվել աշխատանքից կամ կրել տանը աշխատելու բարդությունները։

Լինելով հայտնի որպես «իրական Երևանի լուսանկարիչ», մեկուսացման պայմաններում ևս Նարեկը լուսանկարում է մայրաքաղաքը, բայց այս անգամ լուսանկարչական ապարատը տնից է աշխատում։

«Երբ մեկուսացման որոշումը հաստատվեց, տան պայմաններում սկսեցի լուսանկարել։ Երբ դուրս գալը չէր խրախուսվում, ֆոտոխցիկի ձայնը որոշեցի լսել տանը ու բավարվել դրանով»։

Բլից  հարցեր 

Երբ այս ամենը ավարտվի, կլրացնեմ կուտակված բացը։

Հիմա խաղաղ եմ, որովհետև նա ով ջրհեղեղ է տեսել, չի անհանգստանա անձրևից։

Հարցին, թե ինչ հնարավոր բարդություններ է առաջացրել  Street photography-ով տնից զբաղվելը, անկեղծանում է ՝ յուրաքանյուր բացասական երևույթ ունի իր դրական կողմը: Եթե դրսում մնում է միայն սեղմել ֆոտոխցիկի մեկ կոճակ, ապա չորս պատ ունենալու պարագայում հնարավորությունները կրկնակի սահմանափակվում են։

«Կարծում եմ՝ սա իսկական փորձություն է յուրաքանչյուր լուսանկարչի համար, երբ սկսում ես յուրաքանչյուր երևույթի այլ տեսանկյունից նայել, երբ անգամ լույսը հարմար ֆիքսելու խնդիր ունես ու չկան շքեղ մարդիկ, շքեղ պայմաններով»։

Այնուամենայնիվ, անկեղծանում է՝ իր կատարած աշխատանքից գոհ է։ Առհասարակ, իր կյանքում լուսանկարչությունն այն քիչ երևությներից է, որից կարողանում է հաճույք ստանալ։ Զգում է՝ ներկա պայմաններում իր լսարանի պահանջները ևս փոխվել են։ Եթե նախկինում լուսանկարներով հնարավոր էր փոխանցել կրքոտություն, ապա այսօր լուսանկարներում տանը լինելու ջերմությունն է։

Բլից հարցեր 

Սովորաբար օրս սկսվում է, երբ հնչում է Gme of thrones-ի Light of the seven-ը։ Միակ զարթուցիչը, որ զարմանալիորեն չի նյարդայնացնում։

«Կախված հանգամանքից՝ ինչպես ես լուսանկարում, ամենասովորական իրն անգամ կարող է առօրյայում հետաքրքրություն ունենալ»

Մեկուսացման պայմաններում մնալով ինքն իր հետ, վերջերս  է նկատել՝  մանուկ հասակում երևակայությունն այնքան շատ էր, որ իրական կյանքում գոյություն չունեցող երևույթներին էր ձգտում։

«12 տարեկան էի, երբ ինձ հետաքրքրում էր՝ ինչպես իրականություն դարձնեմ երևակայությունս։ Իմ ուղին մեկն էր․ անել հնարավորը՝ հայտնվելու Ռոլս Ռոյսի կողքին»։ 

Այժմ ամենասովորական առարկային կարողանում  է հաղորդել  յուրահատուկ պատմություն՝  ներկայացնելով  որևէ մանրուք։  Պատմում է, որ ձանձրանալու որևէ պատճառ չունի, թեև տան պայմաններում հերոսներն անհամեմատ քիչ են, իսկ բովանդակությունն այլևս խնդիր չէ՝  իր  ֆոտոխցիկը  հասցրել է ճանաչել տան յուրաքանչյուր անկյուն։

Բլից հարցեր 

Առօրյաս փոխվել է, որովհետև կյանքումս հայտնվել է նոր սերիալ, հետաքրքիր կերպարներով։

Կարոտում եմ մանկությունս ու բանակի հիշողություններս։

«Մեկուսացման հաղթահարումը դժվար չէ, քանի որ ժամանակս անցկացնում եմ ինքս ինձ հետ»

Կարծում է, որ  ճանաչման և ինքնաճանաչման այս փուլերով ստեղծված իրավիճակում շատերն են անցնում ։ Կարևոր է չձանձրանալ սեփական ես-ի հետ միայնակ մնալու դեպքում և շարունակել զբաղվել որևէ աշխատանքով։

Օրինակ, հետաքրքրված է ֆիլմերով, սոցիալական կայքերով և որպես լուսանկարիչ շարունակում է ավելի շատ ժամանակ տրամադրել փորձի փոխանակմանը։ Անգամ տան պայմաններում Նարեկը բացահայտում է լուսանկարչությունը, հետևում ՝ ինչպես է պատրաստվում թեյը կամ սիրելի թխվածքը։

Ինչպես «Մեր երազանքի ճանապարհը» ֆիլմում, Նարեկը ևս աշխատում է իր երազանքի ուղղությամբ, կարծում է՝ պետք է անընդհատ լուսանկարել, և առաջընթացը սպասեցնել չի տա։

Ստեղծված իրավիճակում շարունակում է չշեղվել իր առօրյայից և ավելի շատ ժամանակ տրամադրել լուսանկարչությանն ու ինքնազարգացմանը։ Լուսանկարելու ընթացքը  հաճույք է պատճառում իրեն, ինչպես նկարների գույները, որակը և ստեղծարարությունը։