«Էլ չեմ ուզում վարձով ապրել». Ֆեյսբուքյան հարթակում այս անունով խումբ է բացվել: Խմբի անդամներին մտահոգում է բնակարան չունենալն ու ընդմիշտ վարձով ապրելը: Նրանք լուծում են առաջարկում:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ 

ArmeniaON, օգոստոսի 6. Կան երկար տարիներ վարձակալությամբ ապրողներ, որոնք գրեթե մեկ բնակարանի գումար են ծախսում, բայց այդպես էլ տանտեր չեն դառնում: Այս մասին ArmeniaON.com-ի հետ զրույցում ասաց խմբի անդամ Անուշ Սարիբեկյանը: Դիմել են կառավարությանը՝ խնդրի լուծման առաջարկ ունեն.

«Այն կարող ենք անվանել՝ «Բնակարան անապահով ընտանիքներին, որոնք չունեն անշարժ գույք»: Առաջարկում ենք  կառավարությանը  կառուցել շենքեր քաղաքի ցանկացած մասում: Շինարարությունը սկսելիս ամեն ընտանիք վճարի 20000 դրամ եւ ավելի՝ մինչեւ բնակարանի կառուցումը, իսկ երբ ստանա բնակարան, վճարի 60000 դրամ: Բնակարանը շահառուի սեփականությունը կդառնա, երբ վճարի բնակարանի գումարի 50 տոկոսը»:

Եթե շահառուն չկարողանա վճարել 2 ամիս, մեր զրուցակիցն առաջարկում է՝ պետությունը թող հիշեցնի քաղաքացուն իր պարտավորությունների մասին, իսկ կրկին չվճարելու դեպքում զրկի շահառուին բնակարան ստանալու իրավունքից՝ հետ վերադարձնելով մինչ այդ վճարված գումարը:

Անուշ Սարիբեկյանի խոսքով`առաջարկվող ծրագիրն առայժմ վերաբերում է քաղաքաբնակներին՝ հետագայում նաև մարզերում գործարկելու ակնկալիքով:

Շահառուի խոսքով`խնդիրը հրատապ է հիփոթեքի անհասանելիության, վարձակալների վերաբերմունքի պատճառով: Տարիներով բնակարանների վարձը չի նվազում, վարձակալների մեծ մասը ստվերում է աշխատում, հրաժարվում փոքր երեխա ունեցող ընտանիքին վարձով բնակարան տալ՝ այն վնասելու պատճառաբանությամբ:

«Գործատուները հրաժարվում են աշխատակիցներին ամբողջական աշխատավարձով գրանցել: Մի մասն էլ ուղղակի չի կարող հիպոթեքային վարկի չափով եկամուտ ցույց տալ բնակարան ձեռք բերելու նպատակով վարկ ստանալու համար»:

Նախաձեռնող խմբի մոտավոր հաշվարկով Հայաստանում այսօր բնակարանի կարիք ունի բնակչության 60-70 տոկոսը, իսկ հիպոթեքային վարկերի տոկոսադրույքները բավական բարձր են:

ՎՃԱՐԵԼ ՄԻԱՅՆ ԲԱՐՁՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ

Անօթևանության խնդիրը պետք է լուծվի նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ, կարծում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

«Պետությունը պետք է նպաստի բարձր աշխատավարձային քաղաքականությանը, որի շնորհիվ ուղղակի եւ անուղղակի գործատուները կհայտարարագրեն իրենց իրական եկամուտը»:

Մյուս քայլն, ըստ տնտեսագետի, այն է, որ պետությունը պիտի բնակարաններ տրամադրի սոցիալապես անապահովներին խորհրդանշական գնով կամ ինքնարժեքով: Վերջին տարիներին պետությունը միայն իջեցրել է հիպոթեքային վարկերի կանխավճարը՝ 20-30 %-ից մինչեւ 7 %:

Վարձակալությամբ ապրողները դժգոհում են, որ գործատուն հաճախ չի գրանցում աշխատակցի ամբողջական աշխատավարձը: Արդյո՞ք եկամուտների հայտարարագրումը կնպաստի ստվերում մնացած աշխատավարձային ֆոնդի դուրսհանմանը:

Ըստ տնտեսագետի`ոչ, քանի որ եկամուտների հայտարարագրման համակարգը չունի այդպիսի գործառույթ:

ԻՆՉՊԵ՞Ս ԷԺԱՆԱՑՆԵԼ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳԻՆԸ

Կառուցապատողների հայկական ասոցիացիայի անդամ, իրավաբան Արմեն Սաքապետոյանն էլ վստահ է`բնակարան գնելը հասանելի կլինի նաև վարձակալությամբ ապրող միջին եկամուտ ունեցողներին, եթե պետությունը խթանի բնակարանաշինարարությունը:

«Մեր ասոցիացիան հիմա բանակցում է կառավարության հետ: Մեկ շենքի շինարարական ցիկլը՝ հող գնելուց մինչև բնակարանի հանձնում, պետք է 30 ամսից դառնա 22 ամիս՝ փաստաթղթավորման հաշվին: Փաստաթղթավորման համար կառուցապատողը հավելյալ գումար է ծախսում, որի պատճառով էլ ավելանում է բնակարանի ինքնարժեքը: Ակնկալում ենք, որ այդ դեպքում մոտավորապես գների 20% անկում կլինի»:

Բացի փաստաթղթավորման կրճատումից, մեր զրուցակցի խոսքով, պետությունն իր միջոցներով պետք է զանգվածային բնակարանաշինություն սկսի: Եթե այսօր կառուցապատողը 5-6 շենք է կառուցում, որի պատճառով բնակարանի ինքնարժեքը բարձրանում է, ապա թաղամասերի կառուցման դեպքում, որոնցից յուրաքանչյուրը կներառի 50-70  տիպային շենք, բնակարանների գներն էականորեն կնվազեն:

Արմեն Սաքապետոյանը կոնկրետ հաշվարկ է ներկայացնում. եթե բնակարանի 1 քառ.մ-ն արժե 450 դոլար, 80 քառ.մ բնակարանը կարժենա 32.000 դոլար: Եթե գնորդն այս գումարը վճարի ոչ թե եկամտահարկի վերադարձով, այլ իր միջոցներով, կվճարի ամսական 120.000 դրամ: Իսկ եթե պետությունը խթանի մրցակցությունը բնակարանաշինարարության ոլորտում, ապա կարելի է տանտեր դառնալ՝ ամսական վճարելով 120.000 դրամից պակաս գումար:

Այլ հարց է, որ պետական բնակարանաշինարարության համար, ըստ իրավաբանի, ահռելի ֆինասնական միջոցներ են պետք:

ՏԱՐԵԿԱՆ ԵՐԿՈՒ ՏՈԿՈՍ ԲՆԱԿՖՈՆԴ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԻ

Եթե կառավարությունը սոցիալական բնակարանաշինարարությունը չխրախուսի, 5 տարի հետո 10.000 ընտանիք չի կարող ապրել «խրուշչովկաներում», իսկ 10-15 տարի հետո՝ «ննջարանային» թաղամասերում` Բանգլադեշում, Կվարտալում: Կառաջանա բնակարանների պահանջարկ: Այսպիսի կարծիք հայտնեց Սաքապետոյանը:

«Բնականոն ռենովացիա ունենալու համար տարեկան երկու տոկոս բնակֆոնդ պետք է վերակառուցվի: Տարեկան դա կազմում է 800.000 քմ: Հետխորհրդային ժամանակաշրջանում`2006-2007 թթ-ին, 350.000 քմ-ի չափով վերակառուցում է եղել, իսկ պիկը՝ 2019 թին`270.000 քմ: Այսինքն`անհրաժեշտ քանակի կեսը չի կառուցապատվել»:

Եթե պետությունն այսօրվանից պահանջարկը չբավարարի, բնակարանների գները կբարձրանան:

ԱՐԴՅՈ՞Ք ԲԱՆԿԸ ԿՏԱ ԷԺԱՆ ՎԱՐԿ

Արդյո՞ք բանկերը կկարողանան ֆինանսավորել այսպիսի ռիսկային ծրագիր, որն առաջարկում է կառուցապատողների միությունը: Ֆինանսների մասնագետ Սահակ Սինանյանի մեկնաբանությամբ՝ բանկերը մասնավոր կենտրոններ են, որոնք չեն կարող ներդրում անել, եթե ռիսկայնությունը 99 տոկոս է:

«Բանկը մինչեւ չտեսնի քաղաքացու հիմնավորված եկամուտը, չի կարող  վարկավորել նրան: Միակ լուծումը  պետության միջոցներով բնակարան կառուցելն է»:

ԻՆՉՊԵ՞Ս ԱԶԱՏՎԵԼ ՍՏՎԵՐԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏԻՑ

Ինչու՞ մինչ օրս չի լուծվում ստվերային աշխատավարձերի դուրս բերման հարցը: Քաղաքական կամքի բացակայությու՞նն է խնդիրը, թե՞ օրենսդրական բավարար լծակների:

Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) Armenianon.com-ին տեղեկացրին` չգրանցված աշխատողների իրավունքների պաշտպանության գործառույթ չունեն:

Չգրանցված աշխատողներին բացահայտելու համար ՊԵԿ-ը ստուգում է աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու և (կամ) աշխատողի համար գրանցման հայտ ներկայացնելու ճշտությունը, կիրառում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ եւ համալիր հարկային ստուգումներ: Յուրաքանչյուր չձևակերպված վարձու աշխատողի համար, ըստ «Հարկային օրենսգրքի», գանձում են 250.000 դրամ տուգանք:

Ի դեպ, Պետական եկամուտների կոմիտեն 2019 թ-ին օրենսդիր մարմնին առաջարկել էր չգրանցված կամ ոչ ամբողջական աշխատավարձով գրանցված աշխատակիցներին բացահայտելու լծակ տալ ՊԵԿ-ին, սակայն ԱԺ-ը մերժել էր, քանի որ դա աշխատանքի վերահսկողության վարչության գործառույթն է:

Սույն վարչության գլխավոր տեսուչ Ալվարդ Արշակյանը պարզաբանեց՝ տեսչությունը միայն աշխատակցի գրավոր բողոք ստանալուց հետո կարող է ստուգում իրականացնել տվյալ ընկերությունում եւ բացահայտել չգրանցված աշխատակիցներին:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն`բնակարանային պայմանը բազմաչափ աղքատության ցուցանիշներից մեկն է: Սակայն պատկան որեւէ կառույց չունի համապատասխան հաշվարկ, թե քանի բնակիչ Հայաստանում բնակարան չունի կամ քանիսն է ապրում բնակարանային վատ պայմաններում:

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ

Ինչպե՞ս է կառավարությունը վերաբերվում վարձով ապրող քաղաքացիների խնդրի լուծման վերահիշյալ առաջարկին: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացանք, որ նախաձեռնող խմբի ծրագիրը չի կարող կյանքի կոչվել:

Փոխարենը նախարարությունն առաջարկում է «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023 թթ. պետական աջակցության ծրագրեր»-ը,  որոնցից կարող են օգտվել այն ընտանիքները, որոնք ցանկանում են գնել բնակելի անշարժ գույք հիփոթեքային վարկով:

Փաստորեն, քանի դեռ Հայաստանում համակարգային լուծված չէ չգրանցված կամ մասամբ գրանցված աշխատակիցներին ստվերից դուրս բերելու խնդիրը, քանի դեռ  պատկան մարմիններն այս երևույթի դեմ պայքարը հիմնականում քաղաքացուց են պահանջում, քանի դեռ Հայաստանում կա գործազրկության ու զբաղվածության խնդիր, դժվար է ասել, թե սոցիալական բնակարանաշինության կարևոր հարցը երբ կլուծվի, առավելևս, որ դրա համար ահռելի ֆինանսական միջոցներ են պահանջվում:

Սակայն ակնհայտ է, որ խնդիրը հրատապ է եւ կառավարությունն այսօրվանից քայլեր պետք է ձեռնարկի:

Լուսանկարները՝ aparaj.am, Lragir.am, realtor.com,